Logo

Արտակ Գրիգորյանի պատմական նվաճման հետքերով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:44 / 07.10.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

«Փյունիկի» 36-ամյա կիսապաշտպան Արտակ Գրիգորյանը «Վանի» հետ Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մրցավեճում պատմական նվաճման հասավ՝ դառնալով 21-րդ դարում Հայաստանի առաջնությունում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը: Մինչև այդ Հայաստանի առաջնություններում միայն Գյումրիի «Շիրակի» նախկին ֆուտբոլիստներ Հովհաննես Թահմազյանին (461 խաղ) ու Տիգրան Դավթյանին էր (409) հաջողվել հատել 400 խաղի սահմանագիծը: Նրանք ֆուտբոլային կարիերան սկսել էին 20-րդ դարում:

Հայկական ֆուտբոլում նման ցուցանիշի հասնելն իրոք դժվար է: Դրա համար ֆուտբոլիստն առաջին հերթին պետք է կայուն ելույթներ ունենա և զերծ մնա լուրջ վնասվածքներից: Դա Գրիգորյանին հաջողվել է: Այս ցուցանիշին հասնելու համար փորձառու ֆուտբոլիստին 17 տարի պահանջվեց:

Արտակն ամբողջ կարիերան անցկացրել է Հայաստանում: Ֆուտբոլային առաջին քայլերը Գրիգորյանը կատարել է Աբովյանում՝ հաճախելով տեղի ֆուտբոլի դպրոց: Պաշտոնական առաջին խաղն էլ 17-ամյա Արտակն անցկացրել է Աբովյանի համանուն թիմում 2005թ. մարտի 14-ին: Այդ օրն Առաջին խմբում հանդես եկող նորաստեղծ «Աբովյանի» կազմում Գրիգորյանը մասնակցեց «Բանանցի» հետ Արտաշատում կայացած Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչ հանդիպմանը: Խաղը չափազանց անհաջող դասավորվեց «Աբովյանի» համար, որը 9 անպատասխան գնդակ ընդունեց սեփական դարպասը:

5 օր անց Երևանում կայացած պատասխան խաղում Արտակ Գրիգորյանը կրկին թիմի մեկնարկային կազմում էր: Այդ խաղում գրանցվեց ՀՀ գավաթի խաղարկությունների պատմության ամենախոշոր հաշիվը՝ 15-0:

Շուտով Գրիգորյանը տեղափոխվեց «Արարատ»՝ հանդես գալով ակումբի 2-րդ թիմում: Բարձրագույն խմբում նրա նորամուտը կայացավ 2008թ. ապրիլի 19-ին «Ուլիսի» հետ անցկացրած առաջնության 2-րդ տուրի խաղում, որում «Արարատը» հաղթեց 2-0 հաշվով: Հանդիպման 88-րդ րոպեին Վարուժան Սուքիասյանը թիմի ավագ Արթուր Մինասյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց 20-ամյա Արտակին:

Այդ մրցաշրջանում Արտակ Գրիգորյանն ընդամենը 8 անգամ խաղադաշտ դուրս եկավ՝ միայն «Բանանցի» հետ մրցավեճին մասնակցելով մինչև խաղավարտ: Նա մասնակցեց նաև նոյեմբերի 19-ին «Փյունիկի» հետ կայացած «ոսկե» խաղին՝ 39-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Ռենատո դե Մորայեսին: Այդ խաղում Արտակն էլ դարձավ Արարատ Ճաղարյանի կողմնակալ մրցավարության «զոհը»՝ ֆուտբոլային իր կարիերայում արժանանալով առաջին կարմիր քարտին:

Մրցաշրջան-2008-ում Արտակ Գրիգորյանն իր առաջին պարգևը ստացավ՝ թիմակիցների հետ արժանանալով արծաթե մեդալի:

Հաջորդ մրցաշրջանում, երբ «Արարատի» ղեկը կրկին ստանձնեց Արկադի Անդրեասյանը, Արտակ Գրիգորյանն իր հաստատուն տեղը զբաղեցրեց թիմի մեկնարկային կազմում: Նա մասնակցեց առաջնության 28 հանդիպումներից 24-ին՝ դառնալով 2 գոլի հեղինակ: ՀՀ առաջնություններում իր գոլերի հաշիվը Գրիգորյանը բացեց հուլիսի 25-ին՝ Գյումրիում գրավելով «Շիրակի» դարպասը:

2009թ. մրցաշրջանն էլ հաջող էր 22-ամյա ֆուտբոլիստի համար, որն իր առաջին տիտղոսը նվաճեց՝ «Արարատի» կազմում դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր: Ընդ որում հենց Արտակի դուբլի շնորհիվ «Արարատը» սեպտեմբերի 24-ին «Հանրապետական» մարզադաշտում կայացած Սուպերգավաթի խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Փյունիկի» նկատմամբ:

 

Հաջորդ 3 մրցաշրջաններն Արտակ Գրիգորյանն անցկացրեց «Ուլիսում», որի կազմում 2011թ. առաջին անգամ չեմպիոն հռչակվեց՝ նախորդ առաջնությունում արժանանալով բրոնզե մեդալի: Հենց որպես «Ուլիսի» ֆուտբոլիստ էլ Գրիգորյանն առաջին անգամ կրեց Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ մասնակցելով 2010թ. օգոստոսի 8-ին «Հրազդան» մարզադաշտում Իրանի ընտրանու հետ կայացած ընկերական հանդիպմանը (1-3):

Հետագայում նա կարճ ժամանակահատված անցկացրեց «Գանձասար-Կապանում» և «Միկայում»: 2014/15թթ. առաջնության ավարտից հետո Արտակ Գրիգորյանը տեղափոխվեց «Ալաշկերտ», ինչը նոր մարտահրավեր էր արդեն զգալի փորձ ու վարպետություն ձեռք բերած ֆուտբոլիստի համար:

Հենց «Ալաշկերտում» էլ նա հասավ ֆուտբոլային կարիերայում իր ամենանշանակալի նվաճումներին՝ 4 անգամ արժանանալով Հայաստանի չեմպիոնի տիտղոսին, 2-ական անգամ դառնալով սուպերգավաթակիր և բրոնզե մրցանակակիր, մեկ անգամ էլ՝ Հայաստանի գավաթակիր: Արտակ Գրիգորյանը նաև դարձավ Բարձրագույն խմբում «Ալաշկերտում» անցկացրած խաղերի քանակով (207) ռեկորդակիրը: Նրա ցուցանիշը դեռ երկար տարիներ անգերազանցելի կմնա:

 

Հենց «Ալաշկերտում» խաղալիս Արտակ Գրիգորյանին հնգամյա ընդմիջումից հետո կրկին սկսեցին հրավիրել Հայաստանի հավաքական, որի կազմում 36-ամյա ֆուտբոլիստը 51 խաղ է անցկացրել:

2022/23թթ. մրցաշրջանի ավարտից հետո Արտակ Գրիգորյանը տեղափոխվեց «Փյունիկ», որի կազմում մասնակցեց պաշտոնական 28 հանդիպման: Հենց «Փյունիկի» մարզաշապիկով Արտակը Եվրագավաթներում հոբելյանական՝ 50-րդ խաղն անցկացրեց ու դարձավ այդ սահմանագիծը հատած առաջին ֆուտբոլիստը: Իսկ մրցաշրջանի ավարտին նա իր կարիերայում 6-րդ ոսկե մեդալը նվաճեց՝ տիտղոսների քանակը հասցնելով 10-ի: «Փյունիկի» իր թիմակիցների մեջ Արտակ Գրիգորյանն ամենատիտղոսակիրն էր:

 

Արտակ Գրիգորյանը ֆուտբոլային կարիերայում պաշտոնական մրցումներում 556 խաղի է մասնակցել: Նա եզրափակում է առավել շատ հանդիպումներ անցկացրած հայ ֆուտբոլիստների հնգյակը: Հոկտեմբերի 19-ին փորձառու ֆուտբոլիստը կնշի ծննդյան 37-ամյակը:

Չնայած ֆուտբոլային պատկառելի տարիքին, Արտակ Գրիգորյանն իր ներկայիս ցուցադրած խաղով ու ֆունկցիոնալ պատրաստվածությամբ դեռ կարող է օգտակար լինել «Փյունիկին»: Ուստի բացառված չէ,  որ մի գեղեցիկ օր էլ նրան կշնորհավորենք հերթական հաճելի իրադարձության՝ պաշտոնական մրցումներում 600-րդ խաղի հոբելյանը նշելու առիթով:

fastnews-ads-banner