Logo

Fastex Պրեմիեր լիգա. «Վան» - «Փյունիկ» և տուրի մյուս հանդիպումներին ընդառաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:50 / 06.10.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայում հոկտեմբերի 6-ին կմեկնարկի 10-րդ տուրը: «Նոա» - «Արարատ-Արմենիա» հանդիպումը հետաձգվել է: FastNews-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Վան» - «Փյունիկ»

Հոկտեմբերի 6, ժամը՝ 14:30,  Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ

15 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Փյունիկը»՝ 9, գրանցվել է 3 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-33

«Վան»՝ 3-րդ տեղ (17 միավոր), «Փյունիկ»՝ 4-րդ տեղ (16 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.Առաջնությունում գերազանց ելույթներ ունեցող «Վանը» հաջողությամբ շարունակում է պայքարը նաև գավաթի մրցաշարում: Վահե Գևորգյանի գլխավորած թիմը Գյումրիում կայացած 1/8 եզրափակիչի խաղում 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Շիրակի» նկատմամբ: Առաջնության վերջին խաղում էլ «Վանը» 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Արարատի» դարպասը:

2. «Փյունիկն» աստիճանաբար շտկում է մրցաշարային իրավիճակը՝ գտնվելով առաջատարների խմբում: Դրան նպաստեցին «Արարատի» (3-0) և «Արարատ-Արմենիայի» (3-1) նկատմամբ տարած հաղթանակները:  

3. «Փյունիկն» առաջնությունում զգալի առավելության է հասել «Վանի» նկատմամբ՝ աչքի ընկնելով բարձր արդյունավետությամբ: Փյունիկցիներին հաջողվել է 5 անգամ խոշոր հաշվով հաղթել «Վանին»: Ամենախոշոր հաշիվը գրանցվել է անցյալ տարվա նոյեմբերի 2-ին Երևանում կայացած խաղում՝ 6-0: Ի դեպ, դա Հայաստանի առաջնություններում «Վանի» կրած ամենախոշոր հաշվով պարտություններից մեկն է:

4. «Արարատ-Արմենիայի» հետ 2-րդ տուրից հետաձգված խաղում հստակ իրացնելով 11մ հարվածը, Յուսուֆ Օտուբանջոն Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 70-րդ գոլը խփեց: Իսկ «Վանի» հետ կայանալիք մրցավեճում նիգերիացի հարձակվողը ևս 2 հոբելյան կարող է նշել. «Փյունիկի» կազմում պաշտոնական մրցումներում 50-րդ գոլն ու 100-րդ խաղը:

5. «Վանի» դարպասը գրավելու դեպքում 35-ամյա Սերժ Դեբլեն 2024թ. օրացուցային տարում Հայաստանի առաջնությունների հանդիպումներում 5-րդ գոլը կխփի ու կգերազանցի «Փյունիկի» նախկին ավագ Սարգիս Հովսեփյանի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 2007թ. 4 գոլ էր խփել:

6. Մոմո Տուրեն էլ կարող է 11 գնդակով դառնալ Fastex Պրեմիեր լիգայում «Վանի» պատմության ամենաարդյունավետ լեգեոնականը, եթե գրավի «Փյունիկի» դարպասը: Նա կգերազանցի Քրիստոֆեր Բոնիֆեյսի ցուցանիշը:

7. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Արտակ Գրիգորյանը պատմական նվաճման կհասնի՝ դառնալով 21-րդ դարում Fastex Պրեմիեր լիգայում 400 խաղ անցկացրած առաջին ֆուտբոլիստը: Իսկ ընդհանրապես Հայաստանի առաջնություններում «Փյունիկի» 36-ամյա կիսապաշտպանը կլինի 400 խաղի սահմանագիծը հատած ընդամենը 3-րդ ֆուտբոլիստը նախկին շիրակցիներ Հովհաննես Թահմազյանից (461) ու Տիգրան Դավթյանից (409) հետո:

8. Միխայիլ Կովալենկոն էլ Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղը կանցկացնի: Նա կդառնա այդ սահմանագիծը հատած 4-րդ ռուս ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը Վսևոլոդ Երմակովն է, որը Հայաստանի առաջնություններում 171 խաղի է մասնակցել:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Վան»՝ Ջոսուե Գաբա - 2 գոլ:

«Փյունիկ»՝ Յուսուֆ Օտուբանջո - 10 գոլ:

«Արարատ»  - «Ուրարտու» 

Հոկտեմբերի 6, ժամը՝ 15:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

85 խաղ, «Արարատը» հաղթել է 18 անգամ, «Ուրարտուն»՝ 40, գրանցվել է 27 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 81-122

«Արարատ»՝ 5-րդ տեղ (13 միավոր), «Ուրարտու»՝ 1-ին տեղ (19 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության վերջին երկու հանդիպումներում միևնույն 0-3 հաշվով «Վանին» և «Փյունիկին» պարտված «Արարատն» անհաջողության մատնվեց նաև Հայաստանի գավաթի խաղարկությունում: «Գանձասարի» հետ Աբովյանում կայացած 1/8 եզրափակիչի խաղում արարատցիները մրցակցին զիջեցին հետխաղյա 11մ հարվածաշարում (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 1-1 էր) ու դուրս մնացին հետագա պայքարից:

2. Իսկ ահա «Ուրարտուն» հաջողությամբ հաղթահարելով ԲԿՄԱ-ի արգելքը (4-0), մտավ գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ: Առաջնության վերջին խաղում էլ Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 2-1 հաշվով հաղթել էր «Նոային»:

Եվս 3 միավոր «Ուրարտուի» հաշվին գրանցվեց «Վեստ Արմենիայի» հետ 7-րդ տուրում 1-2 հաշվով պարտված խաղում մրցակցի կողմից լեգեոնականների սահմանված լիմիտը խախտելու համար: Այս ամենի արդյունքում «Ուրարտուն» 19 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

 

3. Նախորդ երկու մրցաշրջաններում մրցակիցների միջև կայացած առաջնության 8 հանդիպումներում «Արարատն» այդպես էլ գեթ մեկ հաղթանակ չտոնեց՝ կրելով 3 պարտություն, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):

4. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Կարեն Մելքոնյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի: Բոլոր խաղերին նա մասնակցել է հարազատ «Ուրարտուի» կազմում և հիանալի հնարավորություն ունի հաջորդ մրցաշրջանում դառնալու թիմի ռեկորդակիրը՝գերազանցելով Արամ Բարեղամյանի ցուցանիշը (180 խաղ):

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ»՝ Վահե  Յաղմուրյան - 5 գոլ:

«Ուրարտու»՝ Սամվել Մելքոնյան, Արսեն Բալաբեկյան - 5-ական գոլ:

ԲԿՄԱ - «Ալաշկերտ»

Հոկտեմբերի 7, ժամը՝ 17:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

12 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 1 անգամ, «Ալաշկերտը»՝ 9, 2-ում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 7-28

ԲԿՄԱ՝ 8-րդ տեղ (7 միավոր), «Ալաշկերտ»՝ 9-րդ տեղ (6 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.ԲԿՄԱ-ի համար անհաջող դասավորվեցին վերջին երկու հանդիպումները: Բանակայինները նախ առաջնության խաղում 0-2 հաշվով պարտվեցին «Արարատ-Արմենիային», ապա գավաթի 1/8 եզրափակիչում 4 անպատասխան գնդակ ընդունեցին «Ուրարտուից»:

2. «Ալաշկերտին» ոչ մի կերպ չի հաջողվում կայունացնել խաղը: Վերջին 5 հանդիպումներում ալաշկերտցիներն ընդամենը 2 միավոր են վաստակել: Նախորդ տուրում «Ալաշկերտը» սեփական դաշտում 0-2 հաշվով պարտվեց «Վեստ Արմենիային»: Միակ հաղթանակն Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմը տարել է «Փյունիկի» նկատմամբ (2-0), որը խաղում էր ոչ հիմնական կազմով:

3. ԲԿՄԱ-ին առայժմ մեկ անգամ է հաջողվել առաջնությունում հաղթել «Ալաշկերտին»: Դա տեղի է ունեցել անցյալ տարվա մայիսի 16-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 2-1: Բանակայինների հաղթանակն ապահովել էին Գրենիկ Պետրոսյանի և Դանիել Աղբալյանի խփած գոլերը:

Դրանից հետո մրցակիցների միջև կայացած 4 խաղերից 3-ում հաղթել են ալաշկերտցիները, մեկում գրանցվել է ոչ-ոքի: Ընդ որում ԲԿՄԱ-ին 499 րոպե շարունակ չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

ԲԿՄԱ՝ Արթուր Սերոբյան, Ժիրայր Շաղոյան - 2-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Արտակ Եդիգարյան, Դավիթ Խուրցիձե - 4-ական գոլ:

«Վեստ Արմենիա» - «Գանձասար»

Հոկտեմբերի 7, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ

Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:

«Վեստ Արմենիա»՝ 10-րդ տեղ (3 միավոր), «Գանձասար»՝ 11-րդ տեղ (1 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1.«Վեստ Արմենիան» հաջող մեկնարկեց Հայաստանի գավաթի մրցաշարում՝ 1/8 եզրափակիչի խաղում սեփական դաշտում 2-1 հաշվով պարտության մատնելով «Սյունիքին»: Առաջնության վերջին խաղում էլ «Վեստ Արմենիան» 2-0 հաշվով հաղթեց «Ալաշկերտին»:

Սակայն օրերս «Վեստ Արմենիայի» վաստակած միավորների քանակը 3-ով նվազեց, քանի որ 2-1 հաշվով «Ուրարտուին» հաղթած 7-րդ տուրի խաղում «Վեստ Արմենիայի» մարզչական շտաբը խախտել էր լեգեոնականների սահմանված լիմիտը:

2. «Գանձասարն» էլ կշարունակի պայքարը գավաթի մրցաշարում՝ Աբովյանում կայացած 1/8 եզրափակիչի խաղում հետխաղյա 11մ հարվածաշարում (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 1-1 էր) հաղթելով «Արարատին»: Իսկ ահա առաջնությունում գանձասարցիների գործերը լավ չեն ընթանում: 6 խաղում կապանյան թիմն ընդամենը մեկ միավոր է վաստակել՝ ոչ-ոքի (2-2) խաղալով «Ալաշկերտի» հետ:

fastnews-ads-banner