Հոկտեմբերի 1-ին կմեկնարկի ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչը: «Նոա» - «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է: FastNews-ը ներկայացնում է հանդիպումների անոնսը։
«Միկա» - «Լեռնային Արցախ»
Հոկտեմբերի 1, ժամը՝ 15:00, Երևան, ՄԶՀՀԿ մարզադաշտ
Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.Երկու թիմերն էլ գավաթի ընթացիկ խաղարկությունը սկսել են 1/16 եզրափակիչից: «Միկան» այդ փուլում հաղթահարել է «Վայք» ՖԱ-ի արգելքը՝ տնային խաղում հաղթելով 2-1 հաշվով: Թիմի հաղթանակն ապահովել էին Դավիթ Ղանդիլյանի և Ռոման Ռոստոկինի խփած գոլերը:
2. «Լեռնային Արցախը» Վանաձորում հյուրընկալվելիս 7-0 հաշվով պարտության էր մատնել «Բենտոնիտին»՝ տոնելով գավաթի մրցաշարերում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը: Տիգրան Հակոբյանը, Օլուեբուբե Օնուոհան և Ախմեդ Ջինդոյանը դուբլ էին ձևակերպել, մեկ գոլ էլ խփել էր Արթուր Օրդինյանը:
«Շիրակ» -«Վան»
Հոկտեմբերի 1, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Շիրակը», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 2-0
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Հայաստանի կրկնակի գավաթակիր «Շիրակն» այս հանդիպումով սկսում է պայքարը պատվավոր մրցանակի համար: Գավաթի նախորդ խաղարկությունում շիրակցիները հասել էին մինչև կիսաեզրափակիչ, որտեղ Գյումրիում 1-2 հաշվով պարտվել էին «Ուրարտուին»:
Գավաթային հանդիպմանը «Շիրակը» բարձր տրամադրությամբ կներկայանա, քանի որ առաջնության նախորդ տուրում գյումրեցիներին վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 5 խաղերի շարքն ու 531 րոպե տևած գոլային երաշտը՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»:
2. «Վանը» նախորդ տուրում ազատ էր, ուստի ավելի շատ ժամանակ է ունեցել գավաթային հանդիպմանը նախապատրաստվելու համար: Վերջին խաղը թիմն անցկացրել է սեպտեմբերի 23-ին՝ հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթելով «Արարատին»:
Գավաթի ընթացիկ խաղարկությունը «Վանը» սկսել է 1/16 եզրափակչից՝ օգոստոսի 21-ին Չարենցավանում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Անդրանիկի» դարպասը: Գոլերի հեղինակներ էին դարձել Էմանուել Ջոնը, Օլավալե Ֆառայոլան և Մամադու Դիալոն:
3. Մրցակիցների միջև գավաթային միակ հանդիպումը կայացել է 2022/23թթ. խաղարկութան քառորդ եզրափակչում: 2022թ. նոյեմբերի 24-ին Գյումրիում կայացած հանդիպման 8-րդ րոպեին «Վանը» հիանալի հնարավորություն էր ստացել բացելու հաշիվը, սակայն Էդգար Մովսեսյանի իրացրած 11մ հարվածը շեղ ստացվեց: Իսկ ահա շիրակցիներն առաջին խաղակեսի և հանդիպման ավելացված ժամանակում Ալազան Դումբիայի և Արտեմ Գևորգյանի խփած գոլերի շնորհիվ կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին:
4. «Վանի» համար գավաթի ընթացիկ խաղարկությունը 6-րդն է: Առայժմ ավելի հաջող թիմը խաղացել է գավաթի 2021/22թթ. խաղարկությունում՝ հասնելով մինչև կիսաեզրափակիչ:
5. Ընթացիկ մրցաշրջանում մրցակիցները երկրորդ անգամ են հանդիպելու: Օգոստոսի 26-ին Գյումրիում կայացած առաջնության 4-րդ տուրի խաղում «Վանը» Մոմո Տուրեի և Ջոն Բատիգիի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթել էր:
«Վեստ Արմենիա» - «Սյունիք»
Հոկտեմբերի 2, ժամը՝ 17:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
1 խաղ, որում հաղթել է «Վեստ Արմենիան», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 3-2
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1.«Վեստ Արմենիան» 5-րդ անգամ է մեկնարկում գավաթի մրցաշարում: Թիմի համար առայժմ ամենահաջողը 2020/21թթ. խաղարկությունն էր, որում Առաջին խմբում հանդես եկող «Վեստ Արմենիան» հասել էր մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ երկխաղյա դիմակայությունում զիջել էր «Արարատին» (2-0, 1-5):
Ի դեպ, հենց այդ խաղարկությունում էլ կայացել է «Սյունիքի» հետ գավաթային միակ հանդիպումը: «Սյունիքը», որ այն ժամանակ կրում էր «Գանձասար-Կապան» անվանումը, ելույթ էր ունենում Բարձրագույն խմբում: 2020թ. սեպտեմբերի 18-ին կայացած գավաթի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Վեստ Արմենիան» սեփական դաշտում հաղթել էր 3-2 հաշվով:
Ընդ որում Դավիթ Մինասյանի դուբլի շնորհիվ գանձասարցիները հաշվի մեջ առջևում էին: Սակայն ընդմիջումից հետո Սարգիս Բալոյանի, Եվգենի Կասյանովի և Չարլզ Մարկ Իկեչուկվուի խփած գոլերի շնորհիվ «Վեստ Արմենիան» կամային հաղթանակ տարավ:
Նոյեմբերին նշանակված 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը չկայացավ, քանի որ մինչև այդ «Գանձասար-Կապանը» հրաժարվել էր առաջնության հետագա մասնակցությունից:
2. «Սյունիքը» ԲԿՄԱ-2-ի հետ Առաջին խմբի առաջնության առաջատարն է՝ հաղթելով բոլոր 7 խաղերում էլ: Գավաթի ընթացիկ խաղարկությունում էլ Արամ Ոսկանյանի գլխավորած թիմն արդյունավետության ռեկորդ սահմանեց՝ 1/16 եզրափակչում Վանաձորում 11 անպատասխան գնդակ ուղարկելով «Նիկարմի» դարպասը: Գոլերից 3-ը գրանցվեց Արտեմ Հարությունյանի հաշվին, որը գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուն է:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Սյունիք»՝ Դավիթ Մինասյան - 2 գոլ:
«Արարատ» - «Գանձասար»
Հոկտեմբերի 2, ժամը՝ 19:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
Գավաթի մրցաշարերում մրցակիցներն առաջին անգամ են հանդիպելու:
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Առաջնության վերջին երկու խաղերում «Արարատը» շատ անհաջող խաղաց՝ միևնույն 0-3 հաշվով զիջելով «Վանին» և «Փյունիկին»: Ուստի սասանված հեղինակությունը վերականգնելու համար արարատցիները պետք է ձգտեն հաջող մեկնարկել գավաթի մրցաշարում, որում առաջին անգամ են մրցելու «Գանձասարի» հետ:
2. Իսկ Fastex Պրեմիեր լիգայում մրցակիցների ծանոթությունն արդեն տեղի է ունեցել: Ընդ որում հենց «Արարատի» հետ օգոստոսի 10-ին «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կայացած խաղում էր «Գանձասարը» նշել նորամուտը Fastex Պրեմիեր լիգայում:
Արմեն Նահապետյանի և Իլարիոն Գուռի խփած գոլերի շնորհիվ «Արարատը» հաղթել էր մրցակցին:
3. «Գանձասարը» 3-րդ անգամ է մասնակցում Հայաստանի գավաթի խաղարկությանը: Թիմի առաջին ելույթը շատ տպավորիչ էր ու լավագույնն էր գավաթի մրցաշարերում:
2022/23թթ. խաղարկությունը սկսելով «Միկայի» նկատմամբ տարած հաղթանակով (2-1), «Գանձասարը» քառորդ եզրափակչում հետխաղյա 11մ հարվածներով (հիմնական և լրացուցիչ ժամանակում հաշիվը չէր բացվել) պայքարից դուրս մղեց «Ալաշկերտին»: Կիսաեզրափակչում կապանցիների հաղթարշավը կանգնեցրեց «Ուրարտուն»՝ հաղթելով 4-0 հաշվով:
«Գանձասարը» Հայաստանի գավաթի խաղարկությունների պատմության մեջ դարձավ կիսաեզրափակիչ մտած Առաջին խմբի միակ թիմը:
ԲԿՄԱ - «Ուրարտու»
Հոկտեմբերի 3, ժամը՝ 18:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
1 խաղ, որում հաղթել է «Ուրարտուն», խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 0-4
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. Մրցակիցներն ընդամենը մեկ շաբաթ առաջ էին մրցել առաջնության խաղում, իսկ այժմ մրցավեճի են բռնվելու գավաթի մրցաշարում: Սեպտեմբերի 25-ին Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում ԲԿՄԱ-ն ավելացված ժամանակում Կառլեն Հովհաննիսյանի խփած գոլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթանակ էր տարել:
2. Գավաթի մրցաշարերում մրցակիցների ճանապարհները երկրորդ անգամ են հատվում: Առայժմ միակ հանդիպումը կայացել է գավաթի նախորդ խաղարկության քառորդ եզրափակչում: Այս տարվա մարտի 12-ին կայացած տնային խաղում «Ուրարտուն» հաղթել էր 4-0 հաշվով: 2-ական գոլի հեղինակ էին դարձել Անդրեյ Կրավչուկն ու Նարեկ Աղասարյանը:
3. Եթե «Ուրարտուն» նոր է մեկնարկի դուրս գալիս գավաթի ընթացիկ խաղարկությունում, ապա ԲԿՄԱ-ն պայքարը սկսել է 1/16 եզրափակչից՝ տնային խաղում 6-1 հաշվով պարտության մատնելով սիրողական լիգայի առաջնության մասնակից «Կիլիկիային»:
ԲԿՄԱ-ից գոլերի հեղինակներ էին դարձել Կառլեն Հովհաննիսյանը, Արգիշտի Պետրոսյանը, Դավիթ Հակոբյանը, Էդիկ Վարդանյանը, Նարեկ Ջանոյանն ու Արթուր Ասկարյանը: Ի դեպ, Արգիշտի Պետրոսյանը 3 գնդակով դարձել էր գավաթի մրցաշարերում ԲԿՄԱ-ի պատմության լավագույն ռմբարկուն:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ուրարտու»՝ Նարեկ Աղասարյան, Անդրեյ Կրավչուկ - 2-ական գոլ: