Logo

Պարտություն հոբելյանական խաղում, Եղիշե Մելիքյանի տպավորիչ ցուցանիշը. Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
18:32 / 29.10.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում առաջատար քառյակում տեղ զբաղեցրած թիմերից երեքը հերթական հաղթանակները տարան: 

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1.Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, կրեցին 2 պարտություն: 5 խաղերից 4-ում գրանցվեց նվազագույն հաշիվ: Առաջնությունում կայացած 61 հանդիպումներից 24-ում հաղթել են դաշտի տերերը, 30-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 7 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի: 

13-րդ տուրն ամենասակավագոլն էր ընթացիկ առաջնությունում: Կայացած 5 հանդիպումներում խփվեց ընդամենը 6 գոլ (միջինը մեկ խաղում՝ 1,2 գոլ): Նման ցուցանիշ գրանցվել էր միայն մեկնարկային տուրում, սակայն կայացած 4 խաղում: Առաջնության 61 հանդիպումներում խփվել է 180 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,9 գոլ): 

2. «Փյունիկը» 5-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց, որը պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդն էր Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ անցկացրած 165 հանդիպումներում: Մելիքյանի ցուցանիշն առայժմ 3-րդն է «Փյունիկը» գլխավորած մարզիչների մեջ Խորեն Հովհաննիսյանից (113 հաղթանակ 167 խաղում) ու Վարդան Մինասյանից (103 հաղթանակ 163 խաղում) հետո:

Մելիքյանի օրոք հաղթանակներից 85-ը փյունիկցիների օգտին գրանցվել է Հայաստանի առաջնություններում, 4-ը՝ գավաթի, 11-ը՝ Եվրագավաթների մրցաշարերում:

3. «Արարատ-Արմենիայի» համար անհաջող էր Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 200-րդ հանդիպումը, որում Վարդան Մինասյանի գլխավորած թիմը նվազագույն հաշվով պարտվեց «Նոային»: Ընթացիկ առաջնությունում դա «Արարատ-Արմենիայի» 3-րդ պարտությունն էր:

4. «Նոան» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ու կրկին՝ «չոր» հաշվով: Առաջնության վերջին 3 խաղերում Ռուի Մոտայի գլխավորած թիմը 12 անպատասխան գնդակ է խփել մրցակիցների դարպասները:
Հայաստանի առաջնություններում «Նոան» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ, որից 3-ը՝ նվազագույն հաշվով: Վերջին հաղթանակը «Նոայի» նկատմամբ «Արարատ-Արմենիան» տարել է անցյալ տարվա սեպտեմբերի 15-ին՝ 4-3:

5. «Արարատն» ընթացիկ առաջնությունում 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Այդ խաղերից միայն մեկում է արարատցիներին հաջողվել գրավել մրցակցի դարպասը: «Ուրարտուի» հետ անցկացրած առաջնության վերջին 10 հանդիպումներից 5-ում «Արարատը» պարտվել է, նույնքան խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Վերջին հաղթանակն «Ուրարտուի» նկատմամբ արարատցիները տարել են 2022թ. ապրիլի 28-ին կայացած արտագնա խաղում (2-1):

6. «Վանն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ պարտվեց «Փյունիկին»՝ կրելով 4-րդ անընդմեջ պարտությունը:

7. Սարգիս Մեթոյանը բացեց գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում՝ դառնալով դուբլի հեղինակ: Fastex Պրեմիեր լիգայում նրա հաշվին 13 գոլ է գրանցված, որից 3-ը խփել է «Ալաշկերտում»:

8. Տուրում նշանակված միակ 11մ հարվածը չիրացրեց Յուսուֆ Օտուբանջոն: «Վանի» դարպասապահ Դանիիլ Պոլյանսկին հետ մղեց գնդակը: Fastex Պրեմիեր լիգայում դա նրա առաջին հաջողությունն էր: Իսկ Օտուբանջոն ընթացիկ առաջնությունում 3-րդ անգամ 11մ հարված կատարեց ու առաջին անգամ չկարողացավ գրավել դարպասը:  Fastex Պրեմիեր լիգայում նիգերիացի հարձակվողն ընդհանուր առմամբ 11 անգամ է 11մ հարված կատարել, որից դիպուկ է իրացրել 9-ը:

9. «Ալաշկերտի» դարպասապահ Գոռ Մանուկյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Ընթացիկ առաջնությունում նրան երկրորդ անգամ էր վստահվել դարպասի պաշտպանությունը և փորձառու դարպասապահը կրկին գոլ բաց չթողեց:

10. Հաճելի հոբելյան նշեց նաև Պետրոս Ավետիսյանը, որը Fastex Պրեմիեր լիգայում 150-րդ խաղն անցկացրեց: «Ալաշկերտը» հայկական 5-րդ ակումբն է, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում նորամուտն էր նշել փորձառու ֆուտբոլիստը:

fastnews-ads-banner