Ալեքսանդր Օվեչկինից մինչև Օսթոն Մեթյուս և Քոնոր Բեդարդ … Հոկեյի ազգային լիգայի (NHL) յուրաքանչյուր մրցաշրջանից առաջ երկրպագուներին հետաքրքիր է, թե ովքեր են Calder Trophy մրցանակի հիմնական թեկնածուները: Մրցանակն անվանվել է NHL-ի առաջին նախագահ Ֆրենկ Քալդերի պատվին և տրվում է լիգայի լավագույն նորեկին:
Կանոնավոր առաջնությանն ընդառաջ FastNews-ը ներկայացնում է 7 երիտասարդ հոկեյիստի, որոնք պատրաստվում են նորամուտի մրցաշրջանն անցկացնել NHL-ում և, Calder Trophy-ն ստանալուց բացի, առաջիկա տարիներին կարող են դառնալ լիգայի գլխավոր աստղերը:
Մակլին Սելեբրինի, «Սան Խոսե Շարքս»
Հունիսի 29-ին «Բոստոնի» շրջանավարտ Մակլին Սելեբրինին դարձավ Hockey East ակադեմիայի առաջին ներկայացուցիչը, որն ընտրվել է դրաֆթի առաջին համարով: Առաջիկա մրցաշրջանում 18-ամյա կանադացին նորամուտը կնշի NHL-ում և հանդես կգա «Սան Խոսե Շարքսի» կազմում: Պատմությունն ու տրամաբանությունը հուշում են, որ ամբողջ մրցաշրջանի ընթացքում Սելեբրինին լինելու է երկրպագուների ու մասնագետների ուշադրության կենտրոնում, նույնիսկ, եթե չի համարվում վերջին տարիներին առաջին համարով ընտրված հոկեյիստների մակարդակի խաղացող (Քոնոր Բեդարդ, Ջեք Հյուզ, Ալեքսի Լաֆրենյե, Ռասմուս Դալին): Վերակառուցվող «Սան Խոսեում», որտեղ ճնշումն այդքան էլ մեծ չէ, Սելեբրինին կունենա երաշխավորված խաղաժամանակ ու կփորձի երիտասարդական լիգաներից NHL տեղափոխել թվային առավելությունների ժամանակ փայլուն խաղն ու արդյունավետությունը:
Ուիլ Սմիթ, «Սան Խոսե Շարքս»
Ուիլ Սմիթն իր աստղային անվան պատճառով արդեն հայտնվել է երկրպագուների ուշադրության կենտրոնում: «Սան Խոսեում» տեղի ունեցող սերնդափոխության ֆոնին Սելեբրինին ու Սմիթը խոստանում են դառնալ լիգայի լավագույն և ամենաարդյունավետ զույգերից մեկը: 2023 թ. «Շնաձկների» երրորդ ընտրությունն ունի բոլոր հատկանիշներն այս տարվա դրաֆթի առաջին համարով ընտրված խաղընկերոջ ստվերում չմնալու համար: «Բոստոնի» քոլեջում նախորդ մրցաշրջանում 19-ամյա կենտրոնականը 41 խաղում վաստակել է 71 միավոր և ցույց տվել իր սառնասրտությունը հատկապես գրոհների եզրափակիչ փուլում, այնպես որ «Սան Խոսեի» երկրպագուներն առաջիկա մրցաշրջանում կարող են լուրջ ակնկալիքներ ունենալ և մտածել երեք տարի անց փլեյ-օֆֆ վերադառնալու մասին:
Քաթեր Գոտյե, «Անահայմ Դաքս»
2023/24 մրցաշրջանում Գոտյեն անկասել էի «Բոստոնի» քոլեջում և 41 խաղում վաստակեց 65 միավոր (38 գոլ, 27 ասիստ): Շվեդ հոկեյիստի մասին երկրպագուները սկսեցին խոսել դեռևս 2022 թ. ամռանը, երբ նա դրաֆթում «Ֆիլադելֆիայի» կողմից ընտրվեց 5-րդ համարով, բայց հետագայում տեղափոխվեց «Անահայմ», քանի որ չցանկացավ պայմանագիր կնքել «Ֆլայերսի» հետ։ Նախորդ մրցաշրջանի վերջին խաղում 20-ամյա հարձակվողը նորամուտը նշեց «Բադերի» կազմում և գործող գավաթակիր «Վեգասի» դեմ խաղում աչքի ընկավ գոլային փոխանցմամբ: Արդեն հիմա մասնագետները խաղաոճով Գոտյեին համեմատում են Մարկ Շայֆլիի, Օսթոն Մեթյուզի ու Պիեռ-Լյուկ Դյուբուայի հետ: Առաջիկա մրցաշրջանը սպասելիքների նշաձողը պահպանելու առումով կարևոր կլինի շվեդ հոկեյիստի համար: Ֆրենկ Վատրանոյի ու Թրոյ Թերիի կողքին խաղալով նա կարող է բարելավել հմտությունները և լիգայում դառնալ լավագույններից մեկը:
Ռուտգեր ՄքԳրոարտի, «Պիտսբուրգ Պինգուինս»
Ռուտգեր ՄքԳրոարտին օգոստոսի 22-ին «Վինիփեգ Ջեթսից» տեղափոխվեց «Պիտսբուրգ», որը միանգամից 20-ամյա հոկեյիստին առաջարկեց երեք տարվա պայմանագիր: Ամերիկացի հարձակվողը տպավորել է երիտասարդական լիգաներում ապշեցուցիչ արդյունավետությամբ: «Միչիգանի» համալսարանում ՄքԳրոարտին 75 խաղում վաստակել է 91 միավոր (34 գոլ, 57 ասիստ): Մինչև այդ նա հանդես է եկել Միացյալ Նահանգների ազգային հավաքականի զարգացման ծրագրում և 107 խաղում վաստակել է 120 միավոր (55 գոլ, 65 ասիստ)։ ՄքԳրոարտին հունվարին կայացած աշխարհի երիտասարդական առաջնությունում ԱՄՆ-ի հավաքականի ավագն էր և 7 խաղում վաստակած 9 միավորով նպաստեց իր թիմի չեմպիոնությանը: Նա կարող է խաղալ հարձակման երկու եզրերում և դառնալ Սիդնի Քրոսբիի ու Եվգենի Մալկինի հիմնական «մատակարարը»:
Մատվեյ Միչկով, «Ֆիլադելֆիա Ֆլայերս»
Ռուսական հոկեյի նոր սերնդի ամենատաղանդավոր ներկայացուցիչներից մեկն ավելի քան պատրաստ է նորամուտը նշել Ազգաին լիգայում: «Սոչիի» կազմում Հոկեյի մայրցամաքային լիգայի (KHL) նախորդ մրցաշրջանում 19-ամյա հարձակվողը 47 խաղում վաստակեց 41 միավոր՝ գրանցելով լավագույն ցուցանիշը մինչև 20 տարեկան հոկեյիստների շրջանում: Սպասվում էր, որ 2023 թվականի NHL-ի դրաֆթի 7-րդ համարը հայրենիքում կմնա մինչև 2026 թվականը, բայց նրա պայմանագրի վերջին 2 տարիները խզվեցին, իսկ «Ֆիլադելֆիան» նախնական եռամյա պայմանագիր կնքեց ռուս հարձակվողի հետ:
Լոգան Սթենկովեն, «Դալաս Սթարզ»
Առաջին ամբողջական մրցաշրջանից առաջ Լոգան Սթենկովենը Քալդերի անվան մրցանակը ստանալու գլխավոր ֆավորիտն է: Նախորդ մրցաշրջանի վերջում «Աստղայինների» գլխավոր մարզիչ Պիտեր Դեբուրը սկսեց խաղաժամանակ տրամադրել 21-ամյա հոկեյիստին, որը NHL-ում նորամուտը նշեց փետրվարի 24-ին և 24 խաղում վաստակեց 14 միավոր (6 գոլ, 8 ասիստ): Հատկանշական է, որ այդ միավորների կեսից ավելին կանադացին վաստակեց Սթենլիի գավաթի խաղարկությունում և «Դալասի» հետ հասավ մինչև կոնֆերենցիայի եզրափակիչ՝ միջինը մեկ խաղում ստանալով 15 րոպե խաղաժամանակ: Ջո Պավելսկիի, Թայ Դելանդրեայի, Քրեյգ Սմիթի և Ռադեկ Ֆակսայի հեռանալու ֆոնին Սթենկովենը ավելի շատ խաղաժամանակ կարող է ստանալ Դեբուրի կողմից և դառնալ երկրորդ, կամ նույնիսկ առաջին օղակի խաղացող:
Դասթին Վոլֆ, «Կալգարի Ֆլեյմզ»
Հունիսի 19-ին Յակոբ Մարկստրյոմի՝ «Նյու Ջերսի Դևիլզ» տեղափոխությունից հետո ակնկալվում է, որ 23-ամյա Դասթին Վոլֆը դարպասում կլինի «Կալգարիի» գլխավոր մարզիչ Ռայան Հասկայի առաջին ընտրությունը: Ամերիկյան հոկեյի լիգայի (AHL) նախորդ երկու մրցաշրջանների լավագույն դարպասապահը 2023/24 մրցաշրջանում NHL-ում մասնակցել է 15 խաղի, ուստի կարող է լինել Calder Trophy-ի հավակնորդների ցանկում: Վերջին դարպասապահը, որը հաղթել է տարվա լավագույն նորեկ անվանակարգում, «Կոլամբուսի» դարպասապահ Սթիվ Մեյսոնն է՝ 2009 թվականին: Կանադական ակումբում Վոլֆի հիմնական մրցակիցը լինելու է Դեն Վլադարժը, որը երբեք աչքի չի ընկել կայուն խաղով, այնպես որ վստահության դեպքում ամերիկացին AHL-ից NHL կարող է տեղափոխել խնայողությունների բարձր տոկոսը, հուսալիության գործակիցը և շաթաութներ գրանցելու կարողությունը:
Հիշեցնենք, որ NHL-ի նոր մրցաշրջանի կանոնավոր առաջնությունը մեկնարկելու է հոկտեմբերի 4-ին: Խաղային օրվա կենտրոնական հանդիպումները կլինեն FastSports-ի ուղիղ եթերում: Խաղերը կհեռարձակվեն նաև Fasttv.am կայքում և FAST TV հավելվածում: