Logo

«Սև ցուցակում» չեն, բայց անտեսված են Պետրակովի կողմից․ Հավաքականի հայտացուցակը՝ 3 կետով

Հեղինակ
Արման Աբելյան
17:17 / 07.10.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայում առաջիկայում 2 խաղ կանցկացնի: Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հոկտեմբերի 10-ին կհյուրընկալվի Ֆարերյան կղզիներին, իսկ 3 օր անց Երևանում կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ:

Հայաստանի հավաքականի հայտացուցակում 24 ֆուտբոլիստ է տեղ գտել: FastNews-ն անդրադառնում է Պետրակովի կատարած ընտրությանը՝ ներկայացնելով 3 կետ:

Պաշտպանների պակաս

Այս անգամ 6 կենտրոնական պաշտպանի փոխարեն հրավիրվել է 5-ը: Ստյոպա Մկրտչյանը վիրահատվել է և այս հավաքը բաց է թողնում: Պետրակովը նախընտրել է նրա փոխարեն այլ կենտրոնական պաշտպանի չհրավիրել: Գեորգի Հարությունյանը «Կրասնոդարում» Պրեմիեր լիգայում խաղաժամանակի պակասը լրացնում է գավաթային խաղերի մասնակցելով: 20-ամյա ֆուտբոլիստը հանդիպման է մասնակցել նաև ակումբի 2-րդ թիմի կազմում ու գոլ խփել նախորդ հանգստյան օրերին:

Հետաքրքիր իրավիճակ է աջ եզրայինի դիրքում, որի պատասխանատուն Պետրակովի սխեմայում փակում է ամբողջ եզրը: Այդ դիրքին հրավիրվածներից գործնականում հավակնում է միայն Կամո Հովհաննիսյանը: Դավիդ Դավիդյանը վնասվածք ունի, Հովհաննես Համբարձումյանը նոր է ապաքինվել ու դեռ չի խաղացել «Նոայի» կազմում:

Իհարկե, այդ դիրքում կարող է հանդես գալ նաև Արտակ Դաշյանը: Նա Եվրո-2024-ի որակավորման փուլի մեծ մասում հենց աջ եզրն է փակել ու դա արել մեծ հաջողությամբ: Սակայն խնդիրն այն է, որ 34-ամյա ֆուտբոլիստը, կարծես, դեռ լիարժեք պատրաստ չէ: Նա հայտավորվում է «Նոայի» խաղերին, սակայն օգոստոսից ի վեր որևէ հանդիպման չի մասնակցել: Բայց եթե հրավիրվել է ու արդեն մարզվում է, կարելի է եզրակացնել, որ պատրաստ է օգնել:

Հետաքրքիր կլինի տեսնելը՝ որ դիրքում կլինի ունիվերսալ Դաշյանը: Նա հավաքականի վերջին ընկերական խաղերում գործում էր իր հիմնական դիրքում՝ կենտրոնում՝ Էդուարդ Սպերցյանի կողքին: Բայց այդ 2 հավաքներին բացակայում էր Ուգոչուկվու Իվուն: Հիմա «Ռուբինի» կիսապաշտպանը կրկին հավաքականի ճամբարում է, ուստի Դաշյանը, թերևս, կրկին կդիտարկվի աջ եզրի համար:

«Սև ցուցակը» և չհրավիրվածները

Գաղտնիք չէ, որ Պետրակովը տարաձայնություններ ունի Տիգրան Բարսեղյանի, Խորեն Բայրամյանի ու Մոնրոյ Արարատի հետ և նրանց վաղուց չի հրավիրում հավաքական: Նրանց մեկ ամիս առաջ միացավ նաև Տիգրան Ավանեսյանը: Հենակետային կիսապաշտպանը հավաքականի հրավերն ընդունելու փոխարեն նախընտրել էր մնալ «Բալթիկայում» և մասնակցել Ռուսաստանի Ազգային լիգայի խաղերին:

Ակնհայտ է, որ այդ շարքում է նաև Սարգիս Ադամյանը: Ինչպես Պետրակովը բացատրեց, նրա ու ֆուտբոլիստի միջև դեռ 2023-ի սեպտեմբերին էին հակասություններ եղել: 2024-ին մարտին «Քյոլնում» փայլող Ադամյանը չհրավիրվեց հավաքական: Հունիսին Պետրակովը վերջիվերջո նկատեց Սարգսին, բայց այս անգամ նա չեկավ՝ պատճառաբանելով, որ 2-րդ Բունդեսլիգայի նախապատրաստությունը շուտ է սկսվում: Դա վերջին կետն էր:

Զարմանալի է մարզչի կողմից այդչափ ցածր վստահությունն աջ ենթահարձակվող Նարեկ Գրիգորյանի նկատմամբ: Նա 2-րդ մրցաշրջանն է՝ ռումինական «Ֆարուլի» հիմնական կազմի խաղացող է, այս մրցաշրջանում էլ արդեն 3 գոլ է խփել: Լեգենդար Գեորգե Հաջին նրան վստահում է: Անխոս, այդ դիրքում հավաքականի ընտրությունն ամենամեծն է, նույնիսկ հիմա, երբ Բարսեղյանը չի հրավիրվում: Վահան Բիչախչյան, Էդգար Սևիկյան, Արթուր Սերոբյան․․․

Բայց Գրիգորյանը նույնիսկ ընկերական խաղերում լիարժեք շանս չստացավ: Հրավիրվեց միայն մարտին, Կոսովոյի դեմ էլ խաղաց ընդամենը 16 րոպե․․․ Ընդ որում, Նարեկը կարող է նաև ձախից խաղալ: Մանավանդ, որ Լուկաս Սելարայանը վերջին հանդիպումներում «ազատել» է այդ դիրքն ու գործում է որպես «Կեղծ 9 համար»: Այդ պարագայում ձախից Պետրակովն օգտագործել է Նաիր Թիկնիզյանին, Արթուր Սերոբյանին և Հրանտ-Լեոն Ռանոսին:

Ձախ ենթահարձակվողի դիրքին կարող էր հավակնել նաև Fastex Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանի հայտնություն «Վանի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանը: Մ21 հավաքականից շատերն այս տարի հրավիրվեցին ազգային հավաքական, բայց Նալբանդյանին հերթ չհասավ: Նա այդ հրավերը վաստակել էր թե՛ հունիսին, թե՛ սեպտեմբերին, թե՛ այժմ՝ հոկտեմբերին:

22-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանից ի վեր արդեն 12 գոլ է խփել առաջնությունում: Առանձնանում է խաղ կառուցելով, սրություն ապահովելով ու հեռվից հարվածներով: Նրան մնում է նույն ոգով շարունակել և սպասել շանսի: Չէ՞ որ ենթահարձակվողի դիրքն ազգային հավաքականում ամենահագեցածն է: Անսպասելի էր, որ Նալբանդյանը Հայաստանի երիտասարդական հավաքականից հրավեր չի ստացել նաև այս շրջափուլի վերջին խաղին Ալբանիայի դեմ:

Միրանյան՝ այո, Բալեկյան՝ ոչ

Պետրակովի տարբերակները հարձակման կենտրոնում ավելանում են: Հրանտ-Լեոն Ռանոսը քիչ թե շատ ավելի լավ վիճակում է այս անգամ ժամանելու հավաքական: Նա Բունդեսլիգայում 9 րոպե խաղաց Մյոնխենգլադբախի «Բորուսիայում»: Դրանից առաջ էլ հեթ-տրիկ էր ձևակերպել ակումբի երկրորդ թիմի կազմում: Պետրակովն ակնհայտորեն դժգոհ էր այն մարզավիճակից, որով Հրանտը սեպտեմբերին էր միացել ազգային թիմին:

Այս անգամ հասանելի է նաև Արթուր Միրանյանը: Fastex Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն արդեն առաջին գոլն է խփել ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում: Հարձակվողը լիարժեք չօգտվեց հունիսյան ընկերական խաղերում ընձեռված շանսերից: Բայց նա բազմազան հատկանիշներով գրագետ հարձակվող է ու առաջիկայում պետք է ձգտել բացել հավաքականում գոլերի հաշիվը:

Սրան գումարենք նաև Սելարայանի՝ հարձակման կենտրոնում խաղալու տարբերակը: Այն հիանալի աշխատեց Լատվիայի դեմ հաղթական մրցավեճում, որում հավաքականը 4 գոլ խփեց: Լուկասը փայլուն էր նահանջում կենտրոն, խաղ կառուցում: Դա գոտիներ էր ստեղծում նաև վինգերների համար, որոնցից Վահան Բիչախչյանը գոլի հեղինակ դարձավ: «Կեղծ 9 համարի» դիրքում հավաքականում լավ խաղալու փորձ ունի նաև Էդգար Սևիկյանը:

Վերջապես լավ մարզավիճակ էր հավաքել Նորբերտո Բրիասկո Բալեկյանը: Նա դարձել էր «Խիմնասիա Լա Պլատայի» հիմնական կազմի խաղացող ու նույնիսկ գոլ խփել Արգենտինայի առաջնությունում: Այնտեղ նա գործում է որպես ձախ ենթահարձակվող: Այո՛, հենց դա է նրա հիմնական դիրքը, ոչ թե հարձակման կենտրոնը:

Բայց Նորբերտոն վնասվածք է ստացել: Այլապես Պետրակովը, երևի, կհրավիրեր այդ ֆուտբոլիստին: Մասնագետը գնահատում է նրա՝ մենապայքարներ հաղթելու կարողությունն ու արագությունը: Ցավալի է, որ Բալեկյանին երկար ճանապարհ անցնելու գործոնը թույլ չի տալիս լիարժեք դրսևորվելու հավաքականում: Օրինակ՝ Սելարայանին շատ է օգնում այն, որ վերջերս ոչ թե ԱՄՆ-ից, այլ Սաուդյան Արաբիայից է գալիս Հայաստան:

fastnews-ads-banner