Logo

 «Շիրակում» գոլային երաշտն ավարտվեց, Տենտոնի, Օտուբանջոյի և Դեբլեի ուշագրավ ցուցանիշները. Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
11:16 / 30.09.2024Ֆուտբոլ
null

Fastex Պրեմիեր լիգայի 9-րդ տուրն ի հայտ բերեց նոր առաջատարին: 18 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորեց «Արարատ-Արմենիան»՝ շրջանցելով «Վանին», որն այս տուրում ազատ էր:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 3 խաղում, կրեցին 2 պարտություն: Առաջնությունում կայացած 41 հանդիպումներից 15-ում հաղթել են դաշտի տերերը, 20-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 5 հանդիպումներում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ): Առաջնության 41 հանդիպումներում գրանցվել է 122 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,97 գոլ):

2. «Արարատ-Արմենիան» 5-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ տնային խաղում 2-0 հաշվով պարտության մատնելով ԲԿՄԱ-ին: Վերջինիս դեռ չի հաջողվել հաղթել «Արարատ-Արմենիային»՝ կրելով 10-րդ պարտությունն իր ամենադժվարին մրցակցի հետ հանդիպումներում:

3. «Շիրակին» վերջապես հաջողվեց ընդհատել առանց հաղթանակների 5 խաղերի շարքն ու 531 րոպե տևած գոլային երաշտը՝ հյուրընկալվելիս 2-1 հաշվով պարտության մատնելով «Գանձասարին»: Հետաքրքիր է, որ նախորդ գոլն էլ «Շիրակի» կազմում խփել էր Մորի Կոնեն՝ օգոստոսի 17-ին գրավելով «Արարատի» դարպասը:

4. «Արարատը» երկրորդ անընդմեջ խաղում 0-3 խոշոր հաշվով պարտվեց՝ զիջելով «Փյունիկին»: Հայաստանի գործող չեմպիոնի հետ կայացած առաջնության վերջին 7 հանդիպումներում արարատցիներին չի հաջողվել գեթ մեկ հաղթանակ տանել՝ կրելով 5 պարտություն, 2 խաղ ավարտելով ոչ-ոքի:

Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ «Արարատը» տարել է 2022թ. հոկտեմբերի 9-ին սեփական դաշտում Ռուդիկ Մկրտչյանի խփած միակ գոլի շնորհիվ:

5. Տուրում նշանակված 3 11մ հարվածներից միայն մեկը դիպուկ իրացվեց. Սերժ Դեբլեն գրավեց «Արարատի» դարպասապահ Տիագո Գոմեսի պաշտպանած դարպասը: «Արարատ-Արմենիայի» հարձակվող Արթուր Սերոբյանի հարվածը որսաց ԲԿՄԱ-ի դարպասապահ Արման Ներսեսյանը, իսկ Մաթեուս Այասի («Նոա») հարվածն «Ուրարտուի» դարպասին բարձր ստացվեց:

6. Յուսուֆ Օտուբանջոն ընթացիկ առաջնությունում 4-րդ գոլը խփեց, որը 15-րդն էր 2024թ. օրացուցային տարում: 32-ամյա նիգերիացի ֆուտբոլիստը գերազանցեց իր թիմակից Սերժ Դեբլեի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում Հայաստանի առաջնություններում խաղացած այլազգի ֆուտբոլիստներից բոլորից շատ գոլ էր խփել՝ 2021թ. «Արարատում» 14 անգամ գրավելով մրցակիցների դարպասները:

7. 35-ամյա Սերժ Դեբլեն էլ ընթացիկ առաջնությունում 3-րդ գոլը խփեց ու 2024թ. օրացուցային տարում իր հաշվին գրանցած 4 գնդակով գերազանցեց «Գանձասար-Կապանի» նախկին հարձակվող Վիրգին Մարշավելայի արդյունավետության տարիքային ռեկորդը: Վերջինս այդ տարիքում 3 գոլ էր խփել:

8. ԲԿՄԱ-ի դարպասը խփած գոլի շնորհիվ Տենտոն Յենեն երեք ուշագրավ ցուցանիշ գրանցեց: Նա Fastex Պրեմիեր լիգայում 31-րդ գոլը խփեց և ընդգրկվեց Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ այլազգի ֆուտբոլիստների տասնյակում: 2024թ. օրացուցային տարում 24-ամյա Տենտոնն առաջնության հանդիպումներում 8-րդ գոլը խփեց ու գերազանցեց իր նախկին թիմակից Լուիս Ուգոչուկվու Օգանայի արդյունավետության տարիքային ռեկորդը, որն այդ տարիքում 2019թ. 7 գոլ էր խփել:

Եվ վերջապես Տենտոնը 5 գնդակով դարձավ ԲԿՄԱ-ի հետ դիմակայության լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով Մաիլսոն Լիմայի ցուցանիշը, որը 4 գոլ էր խփել:

9. «Ալաշկերտի» պաշտպան Վասպուրակ Մինասյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 250-րդ խաղն անցկացրեց: Նա դարձավ Հայաստանի առաջնություններում այդ սահմանագիծը հատած 59-րդ ֆուտբոլիստը:

10. «Արարատի» հետ մրցավեճում Արման Հովհաննիսյանը «Փյունիկի» մարզաշապիկով 100-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ: Ընդհանուր առմամբ նա Fastex Պրեմիեր լիգայում 207 խաղ է անցկացրել

fastnews-ads-banner