Logo

«Ուրարտուն» ու «Փյունիկը» շարունակեցին հաղթարշավը, «Վեստ Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը. Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:41 / 08.10.2024Ֆուտբոլ
Բացառիկ
null

Fastex Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում տանելով երրորդ անընդմեջ հաղթանակները՝ «Ուրարտուն» ամրապնդեց առաջատարի դիրքը, «Փյունիկն» էլ բարձրացավ երկրորդ տեղ՝ շրջանցելով «Արարատ-Արմենիային» և «Վանին»:

FastNews-ը տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: Առաջնությունում կայացած 46 հանդիպումներից 17-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Կայացած 4 հանդիպումներում խփվեց ընդամենը 8 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2 գոլ): Առաջնության 46 հանդիպումներում գրանցվել է 134 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,91 գոլ):

2. «Փյունիկը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ մրցակիցներից յուրաքանչյուրի դարպասը խփելով 3-ական գնդակ: Առաջնության 9 հանդիպումներից 5-ում փյունիկցիները նվազագույնը 3 գոլ են խփել:

3. «Վանի» 7 անպարտելի խաղերի ռեկորդային շարքն ընդհատվեց: Վահե Գևորգյանի գլխավորած թիմն ընթացիկ առաջնությունում 2-րդ պարտությունը կրեց: Առաջին անգամ «Վանը» խաղադաշտից պարտված էր հեռացել մեկնարկային տուրում՝ Չարենցավանում 0-2 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

4. «Արարատն» առաջնությունում 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Վերջին 3 խաղերում արարատցիներին չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Առայժմ վերջին գոլն «Արարատից» խփել է Մուսա Կանտեն սեպտեմբերի 15-ին «Նոայի» հետ կայացած հանդիպման ավելացված ժամանակում՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

5. ԲԿՄԱ-ն Fastex Պրեմիեր լիգայում 2-րդ հաղթանակը տարավ «Ալաշկերտի» նկատմամբ, որին պարտվել էր 9 անգամ: Առաջին հաղթանակը գրանցվել էր անցյալ տարվա մայիսի 16-ին «Նաիրի» մարզադաշտում կայացած խաղում՝ 2-1: Հետաքրքիր է, որ այդ խաղում էլ բանակայիններից հաղթական գոլի հեղինակը Դանիել Աղբալյանն էր, որն Արթուր Սերոբյանի և Ժիրայր Շաղոյանի հետ 2 գնդակով դարձավ «Ալաշկերտի» հետ դիմակայության լավագույն ռմբարկուն:

6. Արթուր Իսրայելյանը բացեց գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Նա դարձավ «Վեստ Արմենիայում» գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը՝ «Գանձասարի» դարպասը գրավելով 20 տարեկան 265 օրականում: Իսրայելյանը գերազանցեց Յուրի Մարտիրոսյանի ռեկորդային ցուցանիշը, որն աչքի էր ընկել 20 տարեկան 315 օրականում:

7. Fastex Պրեմիեր լիգայում իր առաջին գոլը խփեց նաև «Վանի» հարձակվող Կաջալի Դրամեն: Իսկ փյունիկցիներ Խոսե Կառաբալյոն, Խամես Սանթոսն ու ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Դանիել Աղբալյանը բացեցին գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում:

8. Կարեն Մելքոնյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Բոլոր խաղերին նա մասնակցել է հարազատ «Ուրարտուի» կազմում և հիանալի հնարավորություն ունի հաջորդ մրցաշրջանում դառնալու թիմի ռեկորդակիրը՝ գերազանցելով Արամ Բարեղամյանի ցուցանիշը (180 խաղ):

9. Յուսուֆ Օտուբանջոն «Փյունիկի» կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Նիգերիացի հարձակվողը երևանյան ակումբի՝ այդ սահմանագիծը հատած 6-րդ այլազգի ֆուտբոլիստն է: 123-ական խաղով ցանկը գլխավորում են Խոսե Կառաբալյոն և Անտոն Բրատկովը:

10. Միխայիլ Կովալենկոյի համար «Վանի» հետ հանդիպումը 100-րդն էր Fastex Պրեմիեր լիգայում: Նա դարձավ այդ սահմանագիծը հատած 4-րդ ռուս ֆուտբոլիստը: Ռեկորդակիրը Վսևոլոդ Երմակովն է, որը Հայաստանի առաջնություններում 171 խաղի է մասնակցել:

fastnews-ads-banner