Անվճար VPN-ով և հին լուսանկարների վերականգնման գործառույթով:
I/O շնորհանդեսի թիզերից հետո Google-ը սեպտեմբերի 6-ի երեկոյան պաշտոնապես հայտարարեց Pixel 7 և Pixel 7 Pro-ի մասին: Սմարթֆոնները ստացել են նորացված դիզայն, Tensor G2 պրոցեսոր և բարելավված տեսախցիկներ:
Tensor պրոցեսորի երկրորդ սերունդն ապահովում է ձայնի ավելի ճշգրիտ ճանաչում և մեքենայական ուսուցման ավելի առաջադեմ հնարավորություններ: Գործնականում դա պետք է նշանակի լուսանկարների և տեսանյութերի՝ ավելի լավ մշակում, ինչպես նաև ավելի արագ պրոցեսորային գործողություններ: Tensor G2-ը ստացել է նաև Titan M2 անվտանգության նոր չիպ։

6,4 դյույմանոց Pixel 6-ի համեմատ նոր Pixel 7-ը մի փոքր ավելի փոքր է՝ 6,3 դյույմանոց OLED էկրանով, 2400×1080 պիքսելով։ Pixel 7 Pro-ն ունի 6,7 դյույմանոց QHD+ OLED էկրան՝ LTPO աջակցությամբ և մինչև 120 Հց թարմացման արագությամբ: Դրա առավելագույն պայծառությունը 1500 նիթ է:
Pixel 7-ն ունի 50MP հիմնական տեսախցիկ և 12MP գերլայնանկյուն մոդուլ՝ 114° տեսադաշտով: Google-ն հավաստիացնում է, որ բարելավել է Night Sight ռեժիմը թույլ լուսավորության պայմաններում նկարահանելիս ավելի ճշգրիտ գունային վերարտադրման համար, ինչպես նաև ներկայացրել է նոր Cinematic Mode՝ մշուշոտ ֆոնով տեսանյութեր նկարահանելու համար: Որպեսզի այն ավելի լավ տեսք ունենա, նոր սմարթֆոնում բարելավել են ստաբիլիզացիան և աղմուկի նվազեցումը:

Pixel 7 Pro-ն ունի արդեն երեք տեսախցիկ։ Հիմնական մոդուլը նույնն է, իսկ գերլայնանկյունը մի փոքր ավելի լայն է (125,8 °), հայտնվել է նաև երրորդը՝ 48 մեգապիքսել հեռաֆոտո ոսպնյակ։ Այն ապահովում է 5x օպտիկական և 30x հիբրիդային խոշորացում: Սելֆիի տեսախցիկները նույնն են․ 10,8 ՄՊ՝ 92,8° տեսադաշտով։
Հետաքրքիր նոր հնարավորություններից է Photo Unblur ռեժիմը, որը թույլ է տալիս մեկ հպումով հեռացնել պատկերի մշուշը։ Դա աշխատում է «Google Լուսանկարների»՝ միայն նոր Pixel-ներում և օգնում է բարելավել հին լուսանկարները, որոնք այլևս չեք կարող նորից նկարել, բայց ցանկանում եք պահպանել: Մշակումն ամբողջությամբ տեղի է ունենում սարքով:

Pixel 7-ը ստացել է 4355 mAh մարտկոց, մինչդեռ Pixel 7 Pro-ն ունի 5000 mAh մարտկոց: Երկուսն էլ աջակցում են 30 Վտ արագ լարային լիցքավորման, ինչպես նաև անլար լիցքավորման՝ ներառյալ հակադարձ լիցքավորումը: Լիցքավորման բլոկը ներառված չէ կոմպլեկտում։
Թողարկումից հետո սմարթֆոնները կստանան Clear Calling ֆունկցիա, ինչպես Pixel Buds Pro-ում է: Այն վերացնում է ֆոնային անհարկի աղմուկը զանգերի ժամանակ: Pixel-ի օգտատերերը նաև կստանան նոր անվճար VPN՝ որպես Google One-ի մաս:

Երկու սմարթֆոններն էլ վաճառքում կհայտնվեն հաջորդ շաբաթ։ Pixel-ն այժմ հասանելի կլինի նոր տարածաշրջաններում (Դանիա, Նորվեգիա, Շվեդիա և Հնդկաստան): Արդեն հայտնի են նոր սարքերի մեկնարկային գները.
- Pixel 7 – սկսած 599 դոլարից,
- Pixel 7 Pro – սկսած 899 դոլարից։
Pixel 7-ը հասանելի կլինի «ձյուն», «օբսիդիան» և «կիտրոն» գույներով, որոնք, համապատասխանաբար, սպիտակ, սև և բաց դեղնավուն կանաչ են: Pixel 7 Pro-ն պահպանել է սև և սպիտակ գույները, որոնց ավելացել է «անտառային ընկույզ» մուգ կանաչ տարբերակը:


