Logo

Արհեստական ինտելեկտը գիտնականներին թույլ է տվել դիտել Լուսնի ստվերային խառնարանները

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:06 / 01.09.2022LIFETECH
Լուսնի ստվերային խառնարաններ

Հետազոտողների խումբը Ցյուրիխում Շվեյցարիական բարձր տեխնոլոգիական դպրոցի աջակցությամբ ստեղծել է արհեստական ինտելեկտի համակարգ, որն ուսումնասիրել է լուսնի խառնարանները, որոնք գրեթե երբեք չեն ստանում արևի լույս: Գիտնականներին վաղուց են հետաքրքրում նման իջվածքները, քանի որ դրանց հատակում սառույցի մեծ պաշարներ կարող են թաքնված լինել։

Նեյրոնային ցանցը հիմնված է Lunar Reconnaissance Orbiter զոնդի արած պատկերների վրա: Արհեստական ինտելեկտի օգնությամբ հետազոտողները կարողացել են տեսանելի դարձնել լուսանկարի 44 մութ խառնարան, որոնց տրամագիծը գերազանցում է 40 մետրը: Վերամշակման արդյունքները ցույց են տվել, որ խառնարանների հատակում չկան զգալի սառցե զանգվածներ, որոնք գիտնականներն ակնկալում էին հայտնաբերել:

Հետազոտողները կարծում են, որ Լուսնի նման մութ անկյուններում հավանաբար կա սառույց, բայց ոչ մաքուր տեսքով, այլ՝ խառնված լուսնային հողի հետ: 

Լուսնի ստվերային խառնարան 1

Կատարված աշխատանքն օգտակար է հետագա հետազոտությունների համար, քանի որ այժմ գիտնականները մեծ քանակությամբ ճշգրիտ տվյալներ ունեն արբանյակի տեղագրության վերաբերյալ: Փորձագետները վստահ են, որ այդ տեղեկություններն օժանդակող գործոն կլինեն հետագա առաքելությունների, այդ թվում՝ տիեզերագնացներով 2024-ին կայանալիք «Արտեմիսի» վայրէջքի համար: 

«Այժմ կարելի է նախագծել տեսանելի երթուղիներ դեպի մշտական ստվերային շրջաններ՝ «Արտեմիսի» տիեզերագնացների և հետախույզ ռոբոտների համար զգալիորեն նվազեցնելով վտանգի ռիսկերը:

Սա արժեքավոր տվյալ է, քանի որ կոստյումը միայն սահմանափակ ժամանակ կդիմադրի ստվերային խառնարանների ցրտին. ժամանակակից լուծումները թույլ են տալիս այնտեղ մնալ ոչ ավելի, քան երկու ժամ»,- ասել է ՆԱՍԱ-ի երկրաբան Դեյվիդ Քրինգը։
 

fastnews-ads-banner