Toyota-ը հայտարարել է, որ հասել է զգալի տեխնոլոգիական առաջընթացի, որը կրկնակի կրճատել է էլեկտրական մեքենաների մարտկոցների քաշը, չափը և արժեքը: Բացի այդ, ավտոարտադրողն արդեն պատրաստել է նման մեքենաների արտադրության պլան։
Ճապոնական ապրանքանիշի ներկայացուցիչները հայտնել են, որ կարողացել են պարզեցնել այն նյութի արտադրության գործընթացը, որն օգտագործվում է պինդ մարտկոցներ պատրաստելու համար։ Նոր տեխնոլոգիան կնվազեցնի նաև էլեկտրամեքենայի լիցքավորման ժամանակը և կմեծացնի դրա շառավիղը։
Toyota-ի ածխածնային չեզոք հետազոտության և զարգացման կենտրոնի նախագահ Քեյջի Կայտան ասում է, որ մինչև 1200 կիլոմետր հեռահարությամբ հաջորդ սերնդի մեքենաները կարող են լիցքավորվել ընդամենը 10 րոպեում: Բացի այդ, պինդ վիճակում գտնվող մարտկոցները նվազեցնում են հրդեհի վտանգը՝ համեմատած լիթիում-իոնային մարտկոցների հետ, որոնք օգտագործում են հեղուկ էլեկտրոլիտ:
«Մենք ձգտում ենք արմատապես փոխել իրավիճակը, երբ առկա մարտկոցները չափազանց մեծ են, ծանր և թանկ: Ինչ վերաբերում է ներուժին, ապա մենք կձգտենք կրկնակի կրճատել այս բոլոր գործոնները», – ասել է թոփ-մենեջերը:
Toyota-ն ծրագրում է նոր տեխնոլոգիայով մարտկոցների զանգվածային արտադրություն սկսել մինչև 2027թ․։ Թե որ մոդելներն են առաջինը ստանալու «ապագայի մարտկոցները», դեռ հայտնի չէ։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։