Տարբերանշանի հետ միասին արդիականացվել է ապրանքանիշի ոճը։
Հիպերմեքենաների ֆրանսիական Bugatti ընկերությունը վերաիմաստավորել է իրեն հանրահայտ Interbrand խորհրդատվական ընկերության օգնությամբ: Ապրանքանիշի լոգոտիպն առաջվա պես ներկայացնում է միաձուլված «E» և «B» տառերը, բայց այժմ դրանք պատրաստված են երկչափ դիզայնով և ավելի ժամանակակից, հակիրճ տառատեսակով:
Միևնույն ժամանակ, ընկերությունը փոխում է նաև արտադրանքի նկատմամբ իր մոտեցումը. այսուհետ կարևոր կլինի ոչ այնքան արագությունը, որքան գերշքեղությունն ու տեխնոլոգիան, որոնց շնորհիվ Bugatti-ն ակնկալում է հասնել ավելի լայն լսարանի:
![]()
«Աշխարհի և արդյունաբերության թոթոխությանը համընթաց փոխվում է նաև Bugatti-ն»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:- «Մոլսհայմի բրենդը զարգանում է և դադարում է լինել սոսկ հիպերմեքենաների բացառիկ արտադրող։ Պորտֆելն ընդլայնվում է, ընկերությունը յուրացնում է նոր ապրանքներ և նոր տեխնոլոգիաներ ավտոմոբիլային արդյունաբերության մեջ: Bugatti-ի նոր ֆիրմային ոճը և կորպորատիվ դիզայնը այս էվոլյուցիայի առանցքային մասն են»:
Ռեբրենդինգով Bugatti-ի կորպորատիվ դիզայնն ավելի համարձակ և առաջադեմ է, արտացոլում է այն ուղղությունը, որով գնում է ընկերությունը: Միևնույն ժամանակ, ավտոարտադրողը կշարունակի ստեղծել յուրահատուկ ապրանքներ՝ հետևելով ապրանքանիշի հիմնադիր Էտորե Բուգատիի սկզբունքներին:
Ըստ Bugatti Automobiles-ի վաճառքի և շուկայավարման գծով տնօրեն Հենդրիկ Մալինովսկու, ապրանքանիշն արդիականացնելու համար նախ ստիպված են եղել դիմելու պատմության կարևոր իրադարձություններին. դա և՛ Veyron-ի հայտնվելն է 2000-ականներին, և՛ Chiron մոդելի մուտքը շուկա, որը ժամանակին փոխել է Bugatti-ի դիրքն ու գրավչությունը:
«Մի քանի տասնամյակների ընթացքում աշխարհը փոխվել է»,- խոստովանել է Մալինովսկին:- «Մի՛ մոռացեք, երբ Veyron-ը հայտնվեց, iPhone-ը դեռ գոյություն չուներ»:


