Իրական անունները պարտադիր չեն։
Facebook-ն իր թեստավորման շրջանակում թույլ կտա որոշ օգտատերերի ունենալ բազմաթիվ պրոֆիլներ։ Այդ մասին հայտարարել է ընկերությունը՝ ազդարարելով մեծ տեղաշարժի մասին․ Meta-ն նոր ուղիներ է փնտրում՝ խրախուսելու օգտատերերին մնալ հարթակում աճող մրցակցության պայմաններում:
Որպես թեստի մի մաս, Facebook-ի որոշ օգտատերեր կկարողանան ստեղծել մինչև չորս լրացուցիչ պրոֆիլներ՝ կապված իրենց սկզբնական հաշվի հետ: Գաղափարն այն է, որ լրացուցիչ պրոֆիլները կարող են օգտագործվել տարբեր նպատակների համար, օրինակ՝ մեկը ընկերների համար, մեկը՝ գործընկերների և մյուսները՝ շահագրգիռ խմբերի ու ազդեցիկ մարդկանց հետ շփվելու: Օգտատերերը դեռևս կունենան մեկ հաշիվ, բայց կկարողանան մի քանի սեղմումով անցնել պրոֆիլների միջև:
Ընկերության մամուլի խոսնակ Լեոնարդ Լամի խոսքով՝ պրոֆիլների վրա տարածվում է Facebook-ի քաղաքականությունը, և մեկ պրոֆիլի խախտումները կանդրադառնան ընդհանուր հաշվում:
«Որպեսզի օգնենք մարդկանց հարմարեցնել իրենց փորձը՝ հիմնվելով հետաքրքրությունների և հարաբերությունների վրա, մենք փորձարկում ենք մի միջոց, որի օգնությամբ մարդիկ ունենան մեկից ավելի պրոֆիլներ՝ կապված Facebook-ի մեկ հաշվի հետ: Յուրաքանչյուր ոք, ով օգտվում է Facebook-ից, պետք է շարունակի հետևել մեր կանոններին»,- ասել է Լամը:
Նրա խոսքով՝ լրացուցիչ պրոֆիլներ ստեղծող օգտատերերը կարիք չեն ունենա օգտագործել իրենց իրական անունը, քանի դեռ այն չի խախտի հարթակի քաղաքականությունը և չի պարունակի թվեր կամ հատուկ նիշեր: Facebook-ի կանոնն այն մասին, որ օգտատերերը պետք է օգտագործեն այն անունը, որն օգտագործում են իրական կյանքում, տարիներ շարունակ հակասությունների առարկա է դարձել և նույնիսկ դատական գործընթաց է հարուցվել Գերմանիայում:
Միայն մեկ պրոֆիլից Facebook-ի հրաժարումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ հարթակը փորձում է պահպանել օգտատերերին, հատկապես երիտասարդներին, քանի որ TikTok-ի նման էկզիստենցիալ սպառնալիքները շարունակում են աճել: Ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ կորցրել է ամենօրյա օգտատերերին 2021 թվականի չորրորդ եռամսյակում։


