Իր ամպային պահեստավորման 15-ամյակի առթիվ Microsoft-ը ներկայացրել է նոր OneDrive Home վեբ-ինտերֆեյսը, որը կհեշտացնի ծառայության հետ աշխատանքը:
Նոր Home բաժինը գտնվում է «Իմ ֆայլերը» բաժնի վերևում: Այստեղ օգտագործողի առաջ բացվում է ֆայլերի ցանկ՝ դասավորված վերջին մուտքի ամսաթվով: Ցանկի վերևում տեղադրված է փաստաթղթերի ամենատարածված ձևաչափերի ֆիլտր՝ Word, Excel, PowerPoint և PDF:
Յուրաքանչյուր ֆայլի անվան դիմաց կարող եք տեսնել վերջին փոփոխությունները համատեղ աշխատանքի ռեժիմում: Դրանք կարող են լինել գործընկերների մեկնաբանություններն աշխատողին կամ հիշատակումներ: Ձախ կողմում գտնվող հիմնական ընտրացանկի տակ կա արագ մուտքի վահանակ, որտեղ կարող եք տեղադրել նախագծերի հղումներ:

Թարմացված OneDrive-ը ներկայում հասանելի է սահմանափակ թվով օգտատերերի․ Microsoft-ը խոստանում է թողարկել վերջնական տարբերակը բոլորի համար «առաջիկա ամիսներին»: Ընկերությունը կարծում է, որ նոր ինտերֆեյսը կբարելավի համատեղ նախագծերի վրա հեռավար աշխատանքը։
Բացի այդ, Microsoft-ը պատրաստել է ևս մեկ հետաքրքիր նորամուծություն՝ OneDrive բջջային հավելվածը կներկայացնի «Պատմություններ», ինչպես շատ սոցիալական ցանցերում է։ Առայժմ նորամուծությունը հասանելի է միայն Ավստրալիայում, մյուս օգտատերերը չեն կարողանա այն փորձել մինչև այս տարեվերջ։


