Կորպուսն ավելի ապահով կդառնա, բայց կատարողականի պահով հարցեր կան։
Հարավկորեական OreXda-ի տեղեկատուի համաձայն՝ Samsung-ը նախատեսում է հեռացնել բոլոր ֆիզիկական ստեղները Galaxy S սերիայի սմարթֆոններից: Հետագայում այդ սարքերը չեն ունենա միացման կոճակ կամ ձայնի կարգավորիչներ:
Բոլոր ստեղների գործառույթները կվերահանձնվեն սենսորային կառավարմանը, սակայն դեռ հայտնի չէ, թե ինչն է փոխարինելու միացման կոճակին։ Հնարավոր է՝ դրանք լինեն շրջանակի կամ հետևի վահանակի զգայուն սենսորներ:

Այս լուծումը թույլ կտա արտադրողին բարձրացնել սմարթֆոնի ամրությունն ու պաշտպանությունը խոնավությունից։ Առավելագույն պաշտպանվածության համար Samsung-ը ստիպված կլինի հրաժարվել միակցիչներից նույնպես՝ անցնելով ամբողջովին անլար լիցքավորման, ինչն, ըստ լուրերի, պատրաստվում է անել նաև Apple-ը: Նման նորամուծություն սպասվում էր դեռևս iPhone 13-ում, սակայն դա տեղի չի ունենա մինչև 2024 թվականը, երբ Apple-ը կհրաժարվի Lightning-ից։
Լավագույն դեպքում նոր դիզայնը կհայտնվի Galaxy S25-ի հետ՝ 2025 թվականին:


