Ընկերությունը տեսանյութն անվանել է «զրպարտող» և «ապակողմնորոշիչ»։
Tesla-ն պահանջել է հեռացնել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես է ամբողջությամբ ինքնավար՝ Full Self-Driving-ով (FSD), աշխատող Model 3-ն անցնում երեխայի նմանակող մանեկենի վրայով: Ավտոհսկայի փաստաբանները հայտնել են, որ տեսանյութի հեղինակ Դեն Օ'Դաուդը և նրա համախոհներն «արհամարհում են Tesla-ի կոմերցիոն շահերը և զրպարտիչ տեղեկություն են տրամադրում հանրությանը», գրում է Autoblog-ը։ Կադրերում Tesla-ն ցերեկային լույսի ներքո երեք անգամ տապալում է անշարժ մանեկեններին։
Դեն Օ'Դաուդի «Dawn Project»-ն օգոստոսին հրապարակեց վիդեոփորձարկում Tesla-ի և մանեկենի հետ: Էլեկտրական մեքենան օգտագործել է Tesla Full Self-Driving (FSD) ինքնավար համակարգի վերջին բետա տարբերակը, որը թողարկվել է 2022 թվականի հունիսին։ Թեստի արդյունքների հիման վրա Օ'Դաուդը FSD-ն անվանել է մահացու սպառնալիք և կոչ արել արգելել դրա գործածումը։
Տեսանյութը լայն ռեզոնանս առաջացրեց․ Tesla-ի քննադատներն աջակցեցին Օ'Դաուդին, իսկ էլեկտրական մեքենաների որոշ երկրպագուներ սկսեցին փորձեր կատարել սեփական երեխաների հետ՝ ապացուցելով ավտոպիլոտի անվտանգությունը: Ինքը՝ Tesla-ն, տեսանյութն անվանեց «զրպարտող» և «ապակողմնորոշիչ», ինչպես նաև մեղադրեց «Dawn Project»-ին հնարավոր խարդախության և տեխնոլոգիայի հնարավորությունները խեղաթյուրելու մեջ:
«FSD-ը լավ է աշխատում և ճանաչում է հետիոտնին, այդ թվում՝ երեխաներին, և ճիշտ օգտագործելու դեպքում կանխում կամ մեղմացնում է բախումները»,- ասել է ընկերությունը:
Tesla-ի ներկայացուցիչները հիշեցրել են նաև, որ սահմանափակ թվով վարորդներ օգտվում են բետա տարբերակից (վերջին տվյալներով՝ մոտ 100 հազար մարդ)։


