Էլեկտրոնիկա արտադրող չինական Xiaomi-ն Չինաստանում փորձարկում է սեփական ինքնավար համակարգերն առնվազն 140 մեքենայի վրա: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Xiaomi-ի ղեկավար Լեյ Ցզյունին։
Նշվում է նաև, որ Xiaomi-ն ունի 500 հոգանոց անձնակազմով հատուկ ստորաբաժանում, որը զբաղվում է բացառապես ընկերության ապագա ֆիրմային ավտոմեքենայի ավտոնոմ վարման ոլորտը զարգացնելով։ Ցզյունի խոսքով՝ Xiaomi-ն այդ նպատակով արդեն ներդրել է 3,3 մլրդ յուան (մոտ 490 մլն դոլար):
Reuters-ը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Xiaomi-ն հեռու է Չինաստանում միակ ընկերությունը լինելուց, որը հեռանկարներ է տեսնում անօդաչու մեքենաների շուկայում և ակտիվ ներդրումներ է կատարում։ Այդ ասպարեզում նշանավոր խաղացողներից են տաքսիների ագրեգատոր Didi Global-ը և ՏՏ հսկա Baidu inc-ը. Վերջինս, ի դեպ, այս շաբաթ դարձել է առաջին ընկերությունը, որը ստացել է Չինաստանի հանրային ճանապարհներին ամբողջությամբ անօդաչու տաքսի օգտագործելու իրավունք։


