Սիրելի Էդի, բարեւ:
Այսօր արտակարգ դրության 60-րդ օրն է:
Ո՞վ կմտածեր, որ մենք ենք լինելու մեր ժամանակների սերը ժանտախտի օրերին վեպի հերոսը:
Երեւի ոչ ոք:
Անցած տարի, երբ գրեթե 7 ամիս էր, ինչ մենք միասին էինք, մեր ընդհանուր ընկերներից մեկը, հերթական կոնֆերանսից հետո, երբ ասացի՝ մարդս եկել ա, ես արագ գնամ, ասաց՝ մենք բոլորս էլ գիտենք, որ դուք չեք ամուսնանալու:
Հետաքրքիր է՝ 21-րդ դարում մարդիկ չեն հավատում երկարատեւ հարաբերություններին:
90-ականների սերունդն ամբողջ աշխարհով մեկ, մղելով իր պայքարը սերունդների միջեւ, գրեթե մեծամասնությամբ, մերժում է ամուսնության ինստիտուտը, երիտասարդ տարիները նվիրում է կարիեռային, օրը մեկ կամ ամիսը մեկ կամ տարին մեկ սիրտը նվիրում է մեկ այլ մարդու, ով նույնպես կարիեռա է անում ու էդպես շարունակ:
Մեր ընկերները փորձում էին մեզ ապացուցել, որ անհույս ռոմանտիկներ ենք:
Հետո եկան բարդ ժամանակներ ու պարզվեց, որ երբ տանն ես փակված, չկա քո սիրելի կաֆեն, որ մի բաժակ սուրճ խմես, չկա Կասկադի էն շունը, որ մի հատ սիրես, չկան առիթներ, որ սիրուն-սիրուն հագնվես, ու կյանքումդ միակ ստատիկ բանն առավոտից երեկո օնլայն աշխատանքն է, մի բան նեղում է:
Մենք կորցրինք ժամանակի զգացողությունը: Ժամանակը սկսեցինք չափել ոչ թե ժամերով, այլ իրար տեսնելու հաճախությամբ, որովհետեւ երբ դու տանն ես ու չես ուշանում ոչ մի տեղ, չկա ժամանակ, չկա սպասում վաղվան, չկա վաղը, չի եղել անցյալ, չի լինելու ապագա:
Կա միայն ներկա, որը քո ձեռքերում չէ, այն կամ պարետատունն է կառավարում կամ էլ օնլայն աշխատանքիդ ժամերը եւ մենք մոռացանք, թե ինչ է նշանակում սպասել հանդիպմանը: Մենք սկսեցինք ապրել այլ չափումներով:
Ի վերջո քեզ նեղում է ոչ թե հասարակական կարծիքը, այն, որ քո գործընկերները թարս են նայում, երբ թռնում ես սիրելիիդ գիրկը, չի նեղում, թե քո հարազատներն ինչ կմտածեն ձեր համապատասխանության մասին (ինչ զզվելի բառ է), նեղում է այն, որ դու տանն ես, ու չկա նա, ում կուզեիր մի լավ ձեռ գցել, երբ սենյակով քայլելիս սուրճ է խմում:
Էդ, հիշու՞մ ես, որ տարեսկզբին հումորներ էինք անում Չինաստանի վրա, իսկ հիմա Լիլիթը ծայրահեղ ծանր է: Ու տանը փակված մենք սկսեցինք գժվել, գժվել ոչ թե տանը փակված լինելուց, այլ նրանից, որ երբ բաց էինք, պատեր էինք շարում իրար միջեւ, երեւի Լիլիթն էլ Սամի հետ էր էդպես անում: Իսկ հիմա՞: Հիմա Լիլիթի շուրթերին ամենամոտը շնչառական ապարատն է: Ռոմանտիկ հնչեց, բայց, ցավոք, կինո չի:
Դու ասում ես, որ աշխարհը դեռ Եգիպտական բուրգերը կառուցելիս էր գժվել, եւ հիմա մեր ժամանակն է: Դու ասում ես, որ աշխարհը վաղուց, շատ վաղուց գժվել ա, մենք էլ գժվենք:
Երեկո է: Քանաքեռի եկեղեցու մոտ մարդ չկա, ես տանից փախել եմ եւ եկել եմ քեզ մոտ: Մեր տանը զարմանում են, որ ես, լինելով էստեղ մեծացած աղջիկ, էսքան տարի դուրս չեկա էս կողմեր, էսօր որոշեցի մութ փողոցները չափեմ, որովհետեւ ասել էի, թե գնում եմ քայլելու:
Քանաքեռի եկղեցու կողքին՝ մեր տանից 200 մետր հեռավորության վրա մենք ամուսնացանք:
Ես հագել էի էն բոթասները, որ ահավոր հարմար էին, դու հագել էիր քո էն շորերը, որ երկու օր առաջ խոտերին էին պառկել դրանով, քո ձեռքին ձեր բակի սպիտակ վարդերն էին, իսկ ես մազերս պոչիկ էի արել:
Մենք ամուսնացանք:
Ես տնից փախել էի, թեկուզ տասը րոպեով, բայց քեզ մոտ, դու ծաղիկները քաղել էիր, թեկուզ տետրի թղթով, բայց ինձ համար:
Ամեն բան պարզ է սիրելիս, եւ Մհերը, որ ասում է, թե Չնվիրված ոչ մի աստղ չպետք է մնա երկնքում, թող հանգիստ քնի, ես այսօր երկինքը նվիրեցի քեզ, որովհետեւ իմ ունեցածը միայն այն է:
Հ.Գ Խավիեր Մարիասն ասում է, որ ամունանալուց հետո դուք նույն ուղղությամբ եք քայլում, սակայն տարբեր քայլաչափերով:
Այսօր մենք բաժանվեցինք որպես այր ու կին, որովհետեւ ամուսնացած լինելը միասին նույն կաթսայից ուտելու մասին չէ:
Քո կին

