Հունվարի 18-ին ԱՄՆ-ում 73 տարեկան հասակում մահացել է նորաձևության լեգենդար լրագրող, Vogue-ի նախկին կրեատիվ տնօրեն և ոճի իկոնա Անդրե Լեոն Թալլին։
Անդրե Լեոն Թալլին 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի սկզբի նորաձևության ամենավառ կերպարներից մեկն է: Գլամուրի իսկական մաստոդոնտ (20-րդ դարում խոսակցական ռուսերենում այն օգտագործվում էր՝ նկարագրելու մեծ չափսերով և բռուտալ արտաքինով մարդուն): Անհետացող տեսակ է, ինչպես իր հասակակից և ընկեր, ամերիկյան Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը:
Թելլին ստեղծագործական ոգեշնչման մեծ աղբյուր է, որն ուղղակիորեն ազդել է Միացյալ Նահանգների 2 առաջին տիկնանց ոճի, իսկ անուղղակիորեն՝ աշխարհի միլիոնավոր կանանց ճաշակի վրա:
Թույլ տվեք չանդրադառնալ Թալլի կյանքի պատմությանն ու փառքի ճանապարհին, ուղղակի կիսվենք իր հետ կապված զվարճալի և տխուր պատմություններով:
Արքայադուստր Դիանայի հետ անհարմար դեպքի մասին
Washington Post-ի նախկին հրատարակիչ Քեյ Գրեմի համար ընդունելության ժամանակ Թալլին կանգնած էր Ուելսի արքայադստեր Դիանայի կողքին: Վերջինս անընդհատ հարցնում էր նրան. «Աղցան թե՞ դիետիկ կոլա»: Միայն մի քանի րոպե անց Թալլին հասկացել է, որ Դիանան փորձում էր պարզել, թե արդյոք ճիշտ է ուտել այն, ինչ ներառված է մոդելների սննդակարգում: Ավելի ուշ, ճաշի ժամանակ, Թալլին մի բաժակ կարմիր գինի է թափում Դիանայի ծնկներին: Արքայադուստրը կրում էր Versace կոստյում. «Ոչինչ» - այսպիսինն էր Դիանանյի արձագանքը:
Կարլ Լագերֆելդի հետ բարեկամության մասին
Թալլին առաջին անգամ հանդիպել է Լագերֆելդին 1975 թվականին՝ հարցազրույց վերցնելով նրանից Interview ամսագրի համար: Առաջին իսկ պահից շատ ընդհանրություններ են գտել. քննարկել են իրենց սերը 18-րդ դարի ֆրանսիական բարձր նորաձևության հանդեպ, իսկ հետո միասին թեյ են խմել: Լագերֆելդը զարմացրել է Թալիին՝ հրավիրելով նրան ննջարան, բացելով ճամպրուկները և տալով մետաքսե մի քանի կանաչ և վարդագույն վերնաշապիկ՝ համապատասխան շարֆերով:
«Վերցրու։ Սա քեզ կսազի: Ես հոգնել եմ այս շապիկներից»:
Լագերֆելդն այնքան էր հավատում Թալիին, որ երբեմն նույնիսկ փոփոխություններ էր անում իր հավաքածուներում՝ հիմնվելով նորաձևության խմբագրի առաջարկությունների վրա։
Լագերֆելդի հետ կոնֆլիկտի մասին
Թալլին վիճել է Լագերֆելդի հետ, երբ նա առաջարկել է լուսանկարիչ Դեբորա Թուրբևիլի համատեղ ցուցահանդես կազմակերպել իր աշխատանքներով և լուսանկարներով: Ինչպես Թալլին է ասում, այժմ հասկանում է, որ «Լագերֆելդի էգոն թույլ չէր տա նրան աջակցել մեկ այլ արտիստի լուսանկարչության ոլորտում»։ Երկու տասնամյակ շարունակ Լագերֆելդը նկարահանել է Chanel-ի արշավները։ Խմբագիրը գրում է, որ դա իր կողմից «վիթխարի սխալ» էր, իսկ ավելի վատ՝ նա դա արել է Լագերֆելդի ընկերների աչքի առաջ։
Թալլիի անունն ընդմիշտ հանվել է Chanel-ի շոուների հյուրերի ցանկից. նա, ինչպես շատ ուրիշներ, հեռացվել է Լագերֆելդի շրջապատից:
Աննա Վինտուրի հետ կոնֆլիկտի մասին
Թալլին Վինտուրին անվանում է «կայսրուհի Վինտուր», որն «ընդունակ չէ մարդկային բարություն ցուցաբերելու»։ Լրագրողի խոսքով՝ Vogue-ի խմբագրի հետ իր լավ հարաբերություններն ավարտվել են, քանի որ իրեն համարում էին «չափազանց ծեր, գեր և ոչ բավականաչափ խենթ»։
«Նա ոչ մեկին լուրջ չի վերաբերվում, բացի շատ ազդեցիկ և հայտնի մարդկանցից, որոնք Vogue-ի էջերը հայտնի էին դարձնում», - ասել է Անդրե Լեոն Թալլին: «Նա անշեղորեն ընկերներ է ընդունում միայն նրանց, որոնք իրենց ոլորտում ամենաբարձր բարձունքներին են հասել»:
Նրանց բարեկամությունը ավարտվել է 2020 թվականի հունվարին։ Թալլին իր ինքնակենսագրականի մասին նյութ էր գրում, որը նվիրված էր նորաձևության կարիերային, և տեքստը ներկայացրել է Վինտուրի հաստատմանը։ Ուղեկցող նամակում նշել է, որ Վինտուրը կարող է հեռացնել ցանկացած տեղեկատվություն իր և իրենց հարաբերությունների մասին։ Այդ պահից ի վեր նրանք դադարել են շփվել: Միջոցառումների ժամանակ Վինտուրը ձևացնում էր, թե չի նկատում Թալլիին։ Վերջինս նամակ է գրում Վինտուրին, երբ իմանում է նրա որդու՝ Չարլզ Շաֆերի՝ կորոնավիրուսով վարակման մասին: Նամակն անպատասխան է մնում: Աննայի մտերիմներն ասում էին, որ նա Անդրեին համարում էր իր մտերիմ ընկերն ավելի քան 3 տասնամյակ և դրական չի գնահատել, թե ինչպես է նա իրեն և իրենց ընկերությունը ներկայացրել գրքում:
Աննայի հետ շփումը «խորը զգացմունքային սպիներ» է թողել Թալլիի հոգում: Իսկ ընդհանրապես, Աննան երբեք չի տվել Թալլիին այն սերը, որը տվել են Էնդի Ուորհոլը` Interview ամսագրի հիմնադիրն ու Դիանա Վրիլենդը՝ Vogue-ի նախկին խմբագիրը:
Կարիերայի վերջում, թվում է, Թալլին ուներ միայն հիշողություններ և դժգոհություններ, որոնք ցայտուն կերպով արտահայտվել են իր թողարկված հուշերում` «The Chiffon Trenches: A Memoir»-ում, և, իհարկե, հսկայական հանդերձարան, որը զբաղեցնում էր իր տան մի ամբողջ հարկը:
«Ես երբեք որևէ բան դեն չեմ նետում և չեմ տալիս որևէ մեկի: Ինչպե՞ս կարող եմ բաժանվել դրանցից: Անդրե Լեոն Թալլին հավատարիմ կմնա այն գլամուրին, որը նրան կտակել է մեծն Դիանա Վրիլենդը։