Հայտնագործությանն օգնել է «Ջեյմս Ուեբ» աստղադիտակը:
Ամերիկացի գիտնականները ածխաթթու գազ են հայտնաբերել Սատուրնի չափ մոլորակի մթնոլորտում, որը գտնվում է մեզնից 700 լուսային տարի հեռավորության վրա։ Դա Արեգակնային համակարգից դուրս մոլորակի վրա նման գազի գոյության առաջին հստակ վկայությունն է։
Խոսքը տաք գազային WASP-39b հսկայի մասին է, որն իր աստղի շուրջը պտտվում է 4 օրում՝ Մերկուրիի ուղեծրից շատ ավելի փոքր ուղեծրով։ Նույնիսկ առանց լրացուցիչ մշակման գիտնականները հստակ արձանագրել են CO2-ի առկայություն: Այդ մասին Science-ին ասել է Չիկագոյի համալսարանի աստղագետ Ջեյքոբ Բինը։ Նրա խոսքով՝ սա ածխաթթու գազի առկայության առաջին հաստատումն է մեկ այլ մոլորակի մթնոլորտում։ «Ուեբ»-ից ստացված սպեկտորալ տվյալները կասկած չեն թողնում հայտնաբերված նյութի վերաբերյալ։
Ածխածնի երկօքսիդը կարևոր է մոլորակի մետաղականությունը հաշվարկելիս, այսինքն՝ նրա ներսում հելիումից և ջրածնից ավելի ծանր տարրերի կոնցենտրացիաների պարունակությունը ստուգելիս։ Դատելով ազդանշանից՝ WASP-39b-ի մետաղականությունը մոտավորապես համապատասխանում է Սատուրնին, և մոլորակների զանգվածները նույնպես նման են։ Զարմանալի է, որ այդ մոլորակները շատ ընդհանրություններ ունեն՝ հաշվի առնելով, թե որքան տարբեր են նրանց ուղեծրերը:
«Հաբլը» և «Սպիտցերը» նախկինում հայտնաբերել են ջրային գոլորշի, նատրիում և կալիում WASP-39b-ի մթնոլորտում: Այժմ «Ջեյմս Ուեբն» այդ ցանկին ավելացրել է CO2, ինչպես նաև մեկ այլ գազ, որի սպեկտորային արձագանքը սկզբում հնարավոր չէր վերծանել: Բինը նշում է, որ այդ առեղծվածը բացահայտված է, սակայն արդյունքները հրապարակայնորեն կհայտարարվեն միայն փորձագետների լրացուցիչ ստուգումից հետո։
Հետազոտողները կարծում են՝ քանի որ աստղադիտակը մոտենում է ավելի քիչ տաք, Երկրի չափ մոլորակներին, մեզ ավելի շատ անակնկալներ են սպասվում․ հրաավոր է նույնիսկ գազեր լինեն, որոնք ապացուցեն, որ այդ մոլորակները բնակելի են:


