Logo

Արձակուրդ գնալը պարտադիր կլինի. աշխատանքային օրենսգիրքը փոփոխվում է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
14:19 / 31.01.2023LIFETECH
null

ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների համաձայն՝ արձակուրդ գնալը դառնալու է պարտադիր: Հրավիրված ասուլիսին այդ մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Նա նշեց, որ եթե աշխատողը 2.5 տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, ապա գործատուն արձակուրդ է տրամադրում առանց աշխատողի դիմումի։

«Օրենքի համաձայն, արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է աշխատողի դիմումը, որից հետո գործատուն տրամադրում է արձակուրդ: Բազմաթիվ են դեպքերը, երբ աշխատողը չի ներկայացնում դիմումը: Վերականգնվելու համար անհրաժեշտ ժամանակը չի օգտագործում, դա էլ ազդում է աշխատանքի արդյունավետության վրա: Մենք հիմա հնարավորություն ենք տալիս, որ եթե աշխատողը 2.5 տարվա ընթացքում չի ներկայացնում արձակուրդ գնալու դիմում, ապա գործատուն իր ցանկությամբ որոշի, թե աշխատողը երբ գնա արձակուրդ»,- ասաց Ռուբեն Սարգսյանը:

Միաժամանակ առաջարկվում է գործատուի կողմից աշխատողին տուգանք վճարելու պահանջ այն դեպքերի համար, երբ գործատուն աշխատողին շուրջ 2.5 տարի չի տրամադրում արձակուրդ:

fastnews-ads-banner