Ամերիկացի գործարար Իլոն Մասկը ողջունել է չինացի մասնագետներին, որոնք պայքարում են տիեզերքի հետազոտման և արհեստական բանականության զարգացման համար, գրում է Bloomberg-ը։
Գործակալության լրագրողների համաձայն՝ Մասկը հոդված է գրել Չինաստանի կիբերտարածության հարցերի վարչության պաշտոնական ամսագրում։ Նյութում Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրենը նշել է, որ ցանկանում է «ամեն ինչ անել, որպեսզի առավելագույնս օգտագործի տեխնոլոգիաները մարդկության համար ավելի լավ ապագայի հասնելու համար» և կոչ է արել համախոհ չինացիներին անել դա միասին:
Bloomberg-ի հետ զրուցած փորձագետները նշել են, որ Իլոն Մասկը փորձում է մերձենալ Չինաստանի հետ, և տեղի պաշտոնյաների գործողությունները, որոնք խնդրել են ձեռնարկատիրոջը հոդված գրել, խոսում են նրան ընդառաջ գնալու մասին։
«Եթե Մասկը տարվա ընթացքում չնստի Կոնգրեսի հանձնաժողովի առջև, որը կհարցաքննի նրան Չինաստանի հետ հարաբերությունների մասին, ես ապշած կմնամ»,- ասել է Trivium China-ի ներկայացուցիչ Քենդրա Շեֆերը:
«Ես ողջունում եմ համախոհ չինացի գործընկերներին, որոնք միանում են մեզ մաքուր էներգիայի, արհեստական բանականության, մարդ-մեքենա գործակցության և տիեզերքի հետախուզման համար՝ ստեղծելու ապագա, որին արժե սպասել»,- ասել է Մասկն իր հոդվածում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իլոն Մասկը հոդված է գրել չինական China Cyberspace ամսագրի համար, որտեղ բացատրել էր մարդկանց չիպավորման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Neuralink չիպերը կարող են օգնել լուրջ վնասվածքներ ունեցող մարդկանց։


