Որոշ փոքր քանակով արտադրված մոդելներ, ի վերջո, ձեռք բերելով պաշտամունքային մեքենաների կարգավիճակ, 15-20 տարվա ընթացքում կարող են մեծապես կորցնել իրենց արժեքը, իսկ հետո հազվագյուտ խնամված նմուշները նորից սկսում են թանկանալ:
Մեր օրերում ոչ մեկին չեք զարմացնի մեքենաների բարձր գներով։ Օգտագործված կորեական մեքենան այսօր նույնքան արժի, որքան 10 տարի առաջ նոր պրեմիում դասի գերմանական մոդելը: Այնուամենայնիվ, կան մեքենաներ, որոնց գները կարելի է համեմատել ինքնաթիռի կամ օվկիանոսային հսկայական զբոսանավի արժեքի հետ։
Այսօր խոսքը կգնա աշխարհի 5 ամենաթանկ մեքենաների մասին։
1․ Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe
135 միլիոն եվրո. ահա թե որքան է վճարել 1955 թվականի Mercedes-Benz 300 SLR Uhlenhaut Coupe-ի համար անանուն մասնավոր գնորդը 2022 թ․ գարնանը:
Uhlenhaut Coupe անունը մեքենան ստացել է իր ստեղծողի՝ մրցարշավորդ և ինժեներ Ռուդոլֆ Ուլենհաութի պատվին, ով ղեկավարել է Mercedes-ի մրցարշավային մոդելների ստեղծման գործընթացը 1930-1950 թվականներին: Uhlenhaut Coupe 300 SLR-ը իր ժամանակի համար աներևակայելի արագ մեքենա էր։ 1955 թվականին Լե Մանի մրցավազքի ժամանակ այն դուրս եկավ վազքուղուց, ինչի հետևանքով զոհվեց 82 հանդիսատես և հարյուրից ավելին վիրավորվեցին։ Այս դեպքից հետո Mercedes Benz-ը որոշեց փակել մրցարշավային մեքենաների արտադրությունը։
2. Ferrari 250 GTO
Ամենաթանկ մեքենաների համաշխարհային վարկանիշային աղյուսակում բրոնզը պատկանում է Ferrari 250 GTO-ին։ 2018 թվականին աճուրդի ընթացքում այն երբևէ վաճառված ամենաթանկ մեքենան էր՝ 48,4 մլն դոլար:
Ferrari 250 GTO-ն՝ ի տարբերություն այս ցուցակի այլ մեքենաների, արտադրվել է համեմատաբար մեծ քանակով՝ 39 մեքենա: RM Sothebys աճուրդի կազմակերպիչները լոտի համար որպես նախնական գին սահմանել էին 35 միլիոն դոլար։ Աճուրդը, որին մասնակցել է ընդամենը երեք մարդ, ավարտվել է տասը րոպեում, որի ընթացքում լոտի գինը բարձրացել է 13 մլն դոլարով։
3․ Ferrari 335 Sport
Ferrari 335 Sport մրցարշավային մոդելը թողարկվել է ընդամենը չորս օրինակով։ 1957 թվականին արտադրված այս մեքենայի առավելագույն արագությունը 4 լ․ շարժիչի շնորհիվ հասնում
էր 300 կմ/ժ-ի։ Ferrari 335 Sport-ի մրցարշավային կարիերայի տխուր դրվագը Mille Miglia մրցարշավի ողբերգական դեպքն էր։ Ալֆոնսո դե Պորտագոյի վարած մեքենայի անվադողերից մեկը պայթեց, երբ մեքենան շարժվում էր մեծ արագությամբ: Վարորդը կորցրեց մեքենայի կառավարումը և մտավ հանդիսատեսների ամբոխի մեջ։
Վթարը խլեց անձամբ դե Պորտագոյի, նրա գործընկեր Էդմունդ Նելսոնի և տասը հանդիսատեսի կյանք։
Միջադեպի պատճառով 1957 թվականը վերջին տարին էր Mille Miglia մրցավազքի համար, որից հետո շարժիչի ծավալների սահմանափակում մտցրեցին աշխարհի մրցարշավի առաջնության մեխնիկական պահանջների ցանկում՝ ոչ ավելի, քան 3 լիտր: Մնացած երեք Ferrari 335 Sport մեքենաներից մեկը 2016 թվականի Փարիզի աճուրդում վաճառվեց 35,7 միլիոն դոլարով։
4․ Rolls-Royce Boat Tail
Rolls-Royce Boat Tail-ը աշխարհի չորրորդ ամենաթանկ մեքենան է: Բրիտանացիները երբեք պաշտոնապես չեն նշել դրա արժեքը, բայց ենթադրվում է, որ որոշակի «ամուսնական զույգ, որը հասել է համաշխարհային մակարդակի հաջողությունների», 2021 թվականի գարնանը այս կաբրիոլետի համար վճարել է առնվազն 28 միլիոն դոլար։ Գրեթե 6 մ երկարությամբ կաբրիոլետը պատրաստված է ժամանակակից արագընթաց զբոսանավերի ոճով:
Մեքենայի դիզայնում օգտագործվել են գրեթե 2000 եզակի մասեր և բաղադրիչներ, այդ թվում ձեռագործ:
5. Bugatti La Voiture Noire
Bugatti-ից La Voiture Noire եզակի հիպերքարի անվանումը ֆրանսերենից թարգմանվում է որպես «Սև մեքենա»։ Ըստ լուրերի՝ մեքենայի գինը կազմում է 11 մլն եվրո, իսկ ներառյալ հարկերը այն վաճառվել է 16,5 մլն եվրոյով։
Առաջին անգամ La Voiture Noire-ը հանրությանը ցուցադրվել է 2019 թվականի մարտին Ժնևի ավտոսրահում։ Մեքենան թողարկվել է ֆրանսիական սպորտային մեքենաներ արտադրող ընկերության 110-ամյակի առթիվ։
Bugatti La Voiture Noire-ը համալրված է 8,0 լիտրանոց 1500 ձիաուժ հզորությամբ W16 շարժիչով: