Այն պարունակում է հելիումի չափազանց հազվադեպ իզոտոպ, որի հետ կապված գիտնականները մեծ ծրագրեր ունեն։
Չինացի հետազոտողները հանքանյութ են հայտնաբերել «Չանյե-5» առաքելության կողմից Երկիր ուղարկած լուսնային հողի նմուշներում: Գիտնականները կարողացել են դրանից մեկուսացնել մոտ 10 միկրոն միաբյուրեղ մասնիկ և որոշել կառուցվածքը: Լուսնային ֆոսֆատ հանքանյութը, որը կոչվում է «Change stone» («Չանյեի քար»), անգույն թափանցիկ բյուրեղ է: Հավանաբար, բրածոն մեծ քանակությամբ գտնվում է լուսնային բազալտի մասնիկների մեջ:
Հայտնաբերված հանքանյութը պարունակում է հելիում-3. այս իզոտոպը հազվադեպ է Երկրի վրա և համարվում է միջուկային միաձուլման հեռանկարային վառելիք: Միացության առավելություններից է ցածր ռադիոակտիվությունը:

Ընդ որում՝ հելիում-3-ի պահեստավորումը հատուկ նախազգուշական միջոցներ չի պահանջում, իսկ ռեակտորի վթարի դեպքում արտանետման վտանգը գրեթե զրոյական է։ Այդ նյութն այսօր չափազանց պահանջված է, մասնավորապես, բժշկության մեջ: Այդուհանդերձ, հելիում-3-ը լուրջ թերություն ունի՝ էներգիա արտադրելու համար անհրաժեշտ է մոտ միլիարդ աստիճան:
Մասնագետների կարծիքով՝ հելիում-3-ի մեկ գրամն այսօր արժե 17540 դոլար: Գինը թելադրվում է Երկրի վրա տարրի արդյունահանման գործընթացի բարդությամբ։ Ընդհանուր առմամբ՝ տարեկան արդյունահանվում է մոտ 15 կգ հանքանյութ։
Այժմ CNSA-ը նախատեսում է երեք լրացուցիչ մեքենա ուղարկել Լուսին՝ որպես «Չանյե» առաքելության մաս, տասը տարվա ընթացքում արբանյակի օգտակար հանածոներն ավելի մանրամասն ուսումնասիրելու համար: Բացի այդ, Չինաստանը մտադիր է մրցակցել NASA-ի և ESA-ի հետ՝ Լուսնի վրա միջազգային հետազոտական կայան կառուցելով։


