ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 21-րդ նիստը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:
Նիստի ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնավորապես ասել է.
«Այսօրվա հանդիպման մասնակիցների կազմն ու քանակը ևս մեկ անգամ ապացուցում է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հարթակում մեր երկրների փոխգործակցության կարևորության բարձր աստիճանը։
Ըստ էության, մեր օրակարգերում արտացոլված են մեր երկրների սոցիալ-տնտեսական հարաբերությունների բոլոր հիմնական հարցերը, խնդիրները և զարգացման հեռանկարները։
Անցնող տարին Հայաստանի համար շատ ծանր էր: Բացի գլոբալ խնդիրներից, մենք դիմակայել ենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ռազմական գործողությունների ծանրագույն սոցիալ-տնտեսական և հումանիտար հետևանքներին։ Ներկա պահին Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի ճանապարհը, դե ֆակտո ամբողջությամբ փակված է, և տասնյակ հազարավոր ընտանիքներ, կանգնած են հումանիտար աղետի եզրին։
Չնայած բոլոր դժվարություններին, ես հարկ համարեցի անդրադառնալ մեր համատեղ աշխատանքի դրական և կարևոր արդյունքներին, որոնց մասին արդեն կարելի է խոսել որպես փաստեր։
Հարկ է նշել մեր փոխադարձ և բացարձակ կառուցողականությունը և փոխըմբռնումը ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության վերաբերյալ, ինչը շատ կարևոր է մակրոտնտեսական ցնցումի ներկա իրավիճակում։ Իհարկե, սա բարդ խնդիր է, բայց մենք այն լիովին հաղթահարում ենք։
Անցնող տարում մենք գործադրել ենք բոլոր ջանքերը մեր երկրների միջև հարաբերությունների համաչափ զարգացման համար, ինչն ակնհայտորեն արտացոլվել է տնտեսական համագործակցության ոլորտում։ Մենք ռեկորդային ցուցանիշներ ենք գրանցել փոխադարձ առևտրում:
2022 թվականի 10 ամիսների ընթացքում մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է շուրջ 3,8 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 85%-ով գերազանցում է 2021 տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Ընդ որում, Ռուսաստանից Հայաստան ապրանքների ներմուծումն ըստ ծագման երկրի կազմել է 2,1 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչն ավելի քան 53%-ով գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 1,7 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք, ինչը 2,5 անգամ գերազանցում է 2021 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։
Փոխադարձ առևտրի հետևողական աճին զուգընթաց՝ անհրաժեշտ ենք համարում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացման հետագա խթանումը, ինչն իր հերթին կնպաստի առևտրային կապերի ամրապնդմանը։
Մեզ հաջողվեց աշխատանքային կարգով լուծել Հայաստանում ռուսական կապիտալով մի շարք խոշոր ընկերությունների ընթացիկ գործունեության հետ կապված բարդ խնդիրներ։ Հետագայում ևս պատրաստ ենք ապահովել բարենպաստ պայմաններ ռուսական ներդրումների ներգրավման, ինչպես նաև կոոպերացիոն նախագծերի իրականացման համար։
Անցնող տարում էներգետիկայի ոլորտում մենք համաձայնեցրել և ստորագրել ենք 2013 թվականի դեկտեմբերի 2-ի Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը։
Հաշվի առնելով ժամանակակից իրողությունները՝ կարևոր եմ համարում գործակցությունը արտոնյալ պայմաններով վառելիքի ներկրման բնագավառում։
Այս համատեքստում նշեմ, որ մենք արդեն համաձայնեցրել և հաստատել ենք 2023 թվականի համար Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի և գազի ներմուծման ինդիկատիվ բալանսները։
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը և ռուսաստանյան «Ռոսատոմ» պետական կորպորացիան ընթացիկ տարում շարունակել են համատեղ ակտիվ աշխատանքը՝ Հայկական ԱԷԿ 2-րդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման լայնածավալ ծրագրի իրականացման ուղղությամբ։
Մեր ռազմավարական օրակարգի մեկ այլ հարց եմ համարում տրանսպորտային և լոգիստիկ հաղորդակցությունների զարգացումը։
Մեր պայմանավորվածությունների համաձայն՝ Հարավկովկասյան երկաթուղիները Հայաստանում շարունակում է ուղևորափոխադրումների համար նախատեսված շարժակազմի թարմացման գործընթացը։ ՀԿԵ-ի ընդհանուր ներդրումներն այս տարվա 9 ամիսների ընթացքում կազմել են շուրջ 500 մլն ռուբլի։
Ինչ վերաբերում է երրորդ երկրներ և երրորդ երկրներից բեռնափոխադրումներին, ապա հայկական կողմի խնդրանքով տեղի է ունեցել լրացուցիչ թույլտվությունների փոխանակում, ինչի արդյունքում 2022 թվականին դրանց թիվը ավելի քան կրկնապատկվել է։
2022 թվականի մայիսից Ռուսաստանի և Հայաստանի միջև ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումների բոլոր սահմանափակումները հանվել են։ Ներկայումս 9 գործող երթուղիներով, պարիտետային սկզբունքով աշխատում է 6 ընկերություն։
Չնայած բոլոր դժվարություններին՝ ցանկանում եմ ընդգծել մեր արդյունավետ համագործակցությունը օդային փոխադրումների ոլորտում:
Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավիաչվերթերի քանակը շուրջ երկու անգամ ավելացել է։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել ռուսական կողմին՝ Վերին Լարսի անցակետում մշտապես առաջացող ճգնաժամային իրավիճակներին օպերատիվ արձագանքելու համար։
Ցավոք, այս պահին ևս մենք այնտեղ ունենք կուտակված շուրջ 200 բեռնատար, և խորհրդանշական կլիներ այսօրվա հանդիպումը այդ թվում նվիրել այս խնդրի լուծմանը։
Չեմ թաքցնի, որ Հայաստանի Հանրապետության համար տրանսպորտային և լոգիստիկ շղթաների անխափան աշխատանքը առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման կարևոր գործոն է»:
Նիստի արդյունքում միջկառավարական հանձնաժողովի համանախագահները ստորագրել են արձանագրություն, որը ներառել է երկկողմ օրակարգի բոլոր արդիական հարցերը: Այնուհետև տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հատուկ նամականիշների մարման արարողությունը: