Հայ գործարար Դավիթ Ամարյանի կողմից հիմնադրված Balchug Capital ֆոնդը ֆիննական EKE եւ Vicus ընկերություններից գնել է Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի մոտ գտնվող Pulkovo Sky բիզնես կենտրոնը, հայտնում է Banks-ը՝ հղում անելով RBC-ն։
Սա Balchug Capital-ի առաջին ակտիվն է Ռուսաստանի անշարժ գույքի շուկայում: «Բայց, հուսով եմ, ոչ վերջինը»,- ասել է Ամարյանը։ Նա չի բացահայտել գործարքի գումարը, սակայն նշել է, որ գինը գրավիչ էր։
«Սա որակյալ օբյեկտ է՝ խոշորագույնը հյուսիսային մայրաքաղաքում։ Այս մակարդակի կոմերցիոն անշարժ գույքի նկատմամբ պահանջարկ միշտ կլինի»,- շարունակել է գործարարը։ Նրա խոսքով՝ Balchug Capital-ը դիտարկում է նաեւ այլ ներդրումներ Ռուսաստանի կոմերցիոն անշարժ գույքի ոլորտում, քանի որ երկրում կան «բավարար քանակությամբ բարձր դասի օբյեկտներ»:

Pulkovo Sky բիզնես կենտրոնը գտնվում է Pulkovo-2 տերմինալի դիմաց, որը սպասարկում է բիզնես ավիացիայի չվերթեր։ Համալիրը բաղկացած է երեք 14 հարկանի աշտարակներից։ Դրանց ընդհանուր մակերեսը կազմում է 76 հազ․ քառակուսի մետր, վարձակալության համար նախատեսված մակերեսը՝ 45 հազ․ քառակուսի մետր։ Գրասենյակային համալիրը պատկանում է A դասին, այսինքն՝ ամենաթանկը վարձակալության տեսանկյունից։
Balchug Capital-ը հիմնադրվել է 2010 թվականին՝ Մոսկվայում: Ընկերությունը մասնագիտացած է գլոբալ իրադարձությունների վրա հիմնված (event-driven) եւ իրական արժեքի հայտնաբերմանն ուղղված (value) ներդրումներում՝ որպես հիմնական ուղղվածություն ունենալով ռուսաստանյան եւ այլ զարգացող շուկաները:
2020 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Balchug Capital-ը գրասենյակ է բացել Հայաստանում։
«Ես հայկական արմատներ ունեմ եւ անչափ շահագրգռված եմ, որպեսզի իմ հայրենիքի տնտեսական եւ կապիտալի շուկաները զարգանան»,- նշել էր Դավիթ Ամարյանը:
Նա աշխատել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում: Բացի «Տրոյկա Դիալոգ»-ը, նա աշխատել է նաեւ «Սիթիգրուպ»-ում (Citigroup, Մոսկվա), «Ալյանս Բերնշտեյն»-ում (Alliance Bernstein, Նյու Յորք), իսկ վերջին 10 տարիներին զբաղվել է հեջ ֆոնդի կառավարմամբ։


