Logo

iPhone 14 Pro Max-ը ժամանակից շուտ ցուցադրած բլոգերը տուգանվել է 12 միլիոն դրամով

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
15:45 / 14.09.2022• LIFETECH
iPhone 14 Pro Max

Չնայած, որ iPhone 14 շարքի սմարթֆոնների վաճառքը կսկսվի միայն սեպտեմբերի 16-ին` Չինաստանում, առաջին խմբաքանակը սկսել են ժամանակից շուտ տարածել։ Դրա հետ կապված՝ արգելափակվել է iPhone 14 Pro Max-ի առաջին սեփականատերերից մեկի բնութագրական ուղիղ հեռարձակումը, իսկ նա տուգանվել է 200 հազար յուանով (մոտ 12 միլիոն դրամ), հայտնում է Mobiltelefon պորտալը։

Նշվում է, որ չինացի սթրիմերը որոշել է օգտվել ստեղծված իրավիճակից և ուղիղ եթերում ցուցադրել սմարթֆոնի բացառիկ փորձարկումը։ Այդ կերպ, սակայն, խախտել է էմբարգոն, որի արդյունքում նրա նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ ու խոշոր տուգանք։

Բնութագրելու ընթացքում բլոգերին հաջողվել է ուղիղ եթերում ցուցադրել iPhone 14 Pro Max-ի նոր մանուշակագույն երանգը և սարքը փորձարկել AnTuTu բենչմարկում, որում սմարթֆոնը հավաքել է 969 հազար միավոր։ Սենսացիոն հեռարձակման շնորհիվ նրան հաջողվել է ձեռք բերել մոտ 500 նոր բաժանորդ, ինչը չինական Weibo սոցիալական ցանցի չափանիշներով մեծ թիվ չէ։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև մատակարարների նկատմամբ․ Apple-ն 8 շաբաթով սև ցուցակում է ներառել դիլերներին: Միայն այդ ժամկետից հետո խանութը կկարողանա շարունակել նոր մոդելների վաճառքը։

Աշխարհում iPhone 14-ի վաճառքի պաշտոնական մեկնարկը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, սակայն նոր ապրանքների շուրջ տիրող աժիոտաժի պատճառով դրանց առաքումը որոշ դեպքերում կարող է հետաձգվել մինչև նոյեմբեր։ 
 

fastnews-ads-banner