The New York Times-ը հրաժարվել է վճարել Twitter-ի վերիֆիկացման նշանի համար և կորցրել է այն։
The New York Times-ը կորցրել է Twitter-ի վերիֆիկացման նշանը՝ հրաժարվելով վճարել դրա համար և արժանանալով հարթակի սեփականատեր Իլոն Մասկի զայրույթին: Այդ մասին հայտնում է Bloomberg-ը։
NYT-ն առաջին լրատվամիջոցներից էր, որը բացահայտորեն դեմ արտահայտվեց Twitter Blue-ի նոր բաժանորդագրությանը, որն առաջարկում էր ամսական 8 դոլար վճարել վերիֆիկացման նշան ունենալու արտոնության համար, ինչը նախկինում անվճար էր: Թերթի գլխավոր թվիթերյան էջն ունի մոտ 55 միլիոն հետեւորդ։
Twitter-ի ղեկավար Իլոն Մասկը NYT-ի որոշումն անվանել է «երեսպաշտություն»՝ նշելով, որ թերթն ունի իր բաժանորդային ծառայությունը, որը չի վարանում ամենուր գովազդել։ Երբ հարթակի օգտատերերից մեկը մեմ է հրապարակել այն մասին, որ թերթը չի ցանկանում վճարել կապույտ նշանի համար, Մասկը գրել է. «Լավ, ուրեմն մենք կվերցնենք»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Twitter-ը 2023 թվականի ապրիլի 1-ից կհեռացնի վերիֆիկացման կապույտ նշագրերը այն օգտատերերից, ովքեր չեն ցանկանում միանալ վճարովի Twitter Blue ծրագրին։
Ի դեպ, Իլոն Մասկը Twitter-ի հետեւորդներով գերազանցել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։