Ամերիկացի ձեռնարկատեր, միլիարդատեր Իլոն Մասկը, որը վերջերս դարձել է Twitter սոցիալական հարթակի սեփականատերը, համընդհանուր համաներում է հայտարարել Twitter-ի կասեցված օգտահաշիվների համար: The Guardian պարբերականը հայտնում է, որ Մասկի այդ քայլը մտավախություններ է առաջացրել, որ «ատելություն տարածողները» կվերադառնան այս սոցիալական հարթակ:
Twitter-ի նոր սեփականատերն ասել է, որ արգելափակված օգտատերերի համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Նման որոշում Մասկը կայացրել է իր էջում անցկացրած հարցման արդյունքների հիման վրա: Քվեարկողները պատասխանում էին հարցին՝ արդյոք պետք է ընդհանուր համաներում շնորհել օգտահաշիվներին, եթե նրանք «չեն խախտել օրենքը կամ չեն զբաղվել աղաղակող սպամի տարածմամբ»: Մասկը չի հստակեցրել, թե որ օրենքները նկատի ունի։
Հարցման տակ քվեարկել է ավելի քան 3.1 մլն օգտատեր, 72%-ը՝ համաներման օգտին: Քվեարկության արդյունքների մասին Մասկը հայտնել է իր Twitter-ի էջում:
«Ժողովուրդը խոսեց։ Համաներումը կսկսվի հաջորդ շաբաթ: Vox Populi, Vox Dei», - գրել է նա:
Should Twitter offer a general amnesty to suspended accounts, provided that they have not broken the law or engaged in egregious spam?
— Elon Musk (@elonmusk) November 23, 2022
Օրեր առաջ Իլոն Մասկը վերականգնել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև ռեփ երաժիշտ Քանյե Ուեսթի օգտահաշիվները, որոնց թվիթերյան էջերն արգելափակվել էին անցյալ ամիս հակասեմական մեկնաբանությունների համար:
«Թվային ատելության դեմ պայքարի կենտրոն» քարոզչական խումբը հայտարարել է, որ ատելություն պարունակող բովանդակություն տարածողները կշահեն այդ քայլից, և կոչ է արել գովազդատուներին դադարեցնել Twitter-ի ֆինանսավորումը, թեև գովազդատուներից շատերն արդեն ծախսեր չեն կատարում այս հարթակում: