Մի օր կատուն որոշեց մարդ դառնալ:
Հավես չուներ էլ մլավելու:
Հոգնել էր քաղաքի փողոցներով, լքված բակերով թրև գալուց:
Հոգնել էր կատվային կյանքից: Փիսո-փիսո խաղալուց:
Կամ քշում էին, կամ վատ նշան համարում, կամ էլ բակի երեխեքն էին լարում:
Իսկ «զիբիլի կատու» արտահայտությունը վիրավորել էր մինչև հոգու խորքը:
Մի խոսքով կատուն հիասթափության մեջ խրված էր:
Պիտի՛ մարդ դառնար…
Մարդավարի ապրե՛ր…
Տուն-տեղ, ընտանիք, երեխա, ընկերներ, գուցե և աշխատանք` չնայած կասկածում էր. բնածին ալարկոտությանը նույնիսկ մարդ դառնալը չէր փրկի:
Բայց չորքոտանիից երկոտանի ճամփեն փշոտ պիտի լիներ: Որոշեց, որ սկզբից կուսումնասիրի մարդկանց: Կմագլցի քաղաքով մեկ: Կբարձրանա ծառերի վրա ու կհետևի մարդկանց` իրենց իսկ տանը:
Պատուհանից այն կողմ մարդկային կյանքը, նիստուկացը, սովորություններն ու ամենակարևորը` էությունը իրական են:
Այլ կերպ ասած` տանը յուրաքանչյուրը հանում է օրվա նշանակության իր դիմակը ու մաքրամաքուր, պարզերես առերեսվում կյանքին:
Կատուն սկսեց հարազատ բակից: Մագլցեց ծառերի վրա ու ինչքան լուսավորված պատուհան կար, ուսումնասիրեց կյանքը ներսից:
Մեկում տեսավ մի ծեր կնոջ, որը տառապում էր անքնությամբ` ծանր մտքերից, հուշերից ու ինքն իր աննպատակ գոյությունից հոգնել էր: Ամբողջ գիշեր ծանր-ծանր քայլում էր` հողաթափերը քսթքսթացնելով կիսամութ սենյակում: Հիշում էր իր երբեմնի երջանկությունը` ամուսնու ու որդիների հետ: Բոլորն էլ գնացին` ամուսինը էն աշխարհ, որդիներն էլ ամեն մեկն իր ճանապարհով` մեղմ անտարբերության ու մոռացության մեջ թողնելով նրան:
Կնոջ անհույս, դատարկ ու մահ սպասող հայացքը շատ ազդեց կատվի վրա:
Թռավ մյուս ծառի վրա: Դիմացը` երրորդ հարկում, երիտասարդ մայրը փորձում էր քնացնել նորածին տղային: Սենյակում մենակ էր: Չէ՛: Բոլորովին միայնակ: Ամուսնու անտարբերությունն, օրվա հոգնությունը, մեծ աղջկա անհաղորդ հայացքը հիմնովին փուլ էին տվել նրա` երջանիկ լինելու բոլոր երազները: Դեռ դպրոցական տարիներից երազել էր, որ իր ստեղծած ընտանիքը սիրով է լինելու, էն անսեր ընտանիքի նման չի լինելու, որտեղ ինքն է ծնվել ու մեծացել:
Ջերմ է լինելու, սիրող, սեր տվող, խնայող…
Ժամանակի ընթացքում կինը դարձել էր իր մոր պես համր ու գունատ:
Կատուն կնոջ աչքերում փայլ նշմարեց: Փողոցի լապտերի լույսը ընկել էր նրա դեմքին ու լուսավորել արցունքակալած աչքերը: Նա լուռ, համակերպված լաց էր լինում ու մեղմ շոյում տղայի թափանցիկ, դեռևս չձևավորված ունքերը բաժանող ճանապարհը: Կատուն մռռաց, հաճելի կլիներ իրեն էլ էտպես շոյեին…
Անձրևը կաթկթում էր քաղաքի վրա, դանդաղ, բայց խիտ կաթիլներով: Կատուն անցավ հարևան բակը: Ճանապարհն անցնելից դեռ աչքի առաջ էր մոր մեղմ հայացքը, փափուկ շոյելն ու չնկատեց փողոցով արագ սլացող մեքենան, որը քիչ էր մնում տրորեր կատվին:
Շան բախտ ուներ կատուն: Պլաստաց:
Հարևան բակում պատուհանների լույսերը քիչ էին: Շենքը համարյա մթության մեջ էր: Կատուն ծառը բարձրացավ, հարմար տեղավորվեց դարչնագույն տերևներով ճյուղի վրա ու տեսավ մի աղջկա, որը մոր հետ էր խոսում:
Առանց դեմքին նայելու:
Կոպիտ:
ԱՆսեր:
ԱՆշնորհակալ:
ԱՆտարբեր:
Կատուն չդիմացավ:
Մոր խեղճուկրակ հայացքը տխրեցրեց կատվին: Գլխիկոր իջավ ծառից: Անցավ մյուս պատուհանի կողմը:
Այստեղ` հյուրասենյակի բազմոցին, ամուսիններ էին նստած:
Հեռուստացույց էին նայում: Գովազդ:
Տաքացման համակարգի մասին:
Մի տարի էր անցել ամուսնությանից, բայց արդեն հասկացել էին, որ սերը գոլորշիացել է:
Առաջվա կիրքը չկա: Անտարբերությամբ միմյանց դիմավորում էին, անտարբերությամբ ճանապարհում:
Կանցնի ևս մի քանի տարի ու կինը ամուսնու առաջ սեղան կգցի բացահայտ անտարբերությամբ` հերթապահ խոսքի տոնայնությունը պահելով: Ամուսինն էլ կձևացնի, թե լսում է, բայց մտովի կհիշի, որ հեռախոսի մարտկոցը մեռացել է աշխատավայրում: Ստիպված կլինի մի քիչ երկար տանել ու լսել կնոջ անիմաստ կենցաղային պատմությունները:
Կանցի ևս մի տարի ու ամուսինը կսկսի սեր փնտրել դրսում` սրճարաններում, փողոցներում, հերթերում:
Կդավաճանի կնոջը, բայց մեղքի զգացում բոլորովին չի ունենա:
Կինը անշուշտ գլխի կնկնի, բայց թքած կունենա, ու Տերը վերևներից էս ամենը կտեսնի ու իր օրագրում կգրի, որ մարդկային անտարբերությունից վատ բան չկա` որովհետև հենց անտարբերությունն է բոլոր չարիքների սկիզբն ու վերջը:
Կատուն իջավ: Նստեց լքված տաղավարի կանաչ նստարանին, որտեղ ցերեկները բակի բիձեքը նարդի են շխկացնում ու տեսավ առաջին հարկում ապրող կնոջը, որը ամեն գիշեր օրագրից պոկ չէր գալիս:
ՔՆԵԼ, ԱՐԹՆԱՆԱԼ, ԱՇԽԱՏԵԼ,
ՔՆԵԼ, ԱՐԹՆԱՆԱԼ, ԱԽԱՏԵԼ…
Խղճուկ կյանք:
Իսկ գիշերն օրագրում կինը ինքն իր հետ էր, ինքն իրեն էր պատկանում` տան ամենալուռ սենյակում` հեռու փողոցի ձայներից, ներդաշնակությունը ցնցող աղմուկ-աղաղակից:
Պատուհանից անդին` փողոցի լույսերի միջով, անձրևի կաթիլներն են կտկտում, որոնք կարծես պիտի մեղմ ցավազրկողներ լինեն, բայց չգիտես ինչու ավելի խորն են ցավը զգալ տալիս:
Կատուն անձրև չի սիրում: Թրջվել չի սիրում: Դրանք դեմ են իր կատվային բնույթի բոլոր գրված ու չգրված օրենքներին:
Մի գիշերվա ընթացքում սև կատուն տեսավ մարդ տեսակի անմարդկային էությունը` չարություն, լուռ նախանձ, այն զսպելու անկարողություն, չկամություն, միայն վատը տեսնելու ցանկություն, ստորություն, երկերեսանիություն ու այս ամենի հետաևանքով գոյացած տառապանք, որը միայն մարդն է ունակ ու զորու տանել…
Չէ՜, չի ուզում այլևս մարդ դառնալ կատուն: Մարդկային կյանքն ու աշխարհը, համենայն դեպս այսօրվա տեսածից, միմյանց վատը կամենալու, չներելու, նախանձելու մի երկար ճանապարհ է, որով սև կատուն չի ուզում անցնել…
Ավելի լավ է շարունակի թրև գալ, գարնանը լիաթոք մլավի ու սղոցի մարդկանց նյարդերը. արժանի են…
…Եվ հրճվում է կատուն իր բախտից: Հրճվում է, որ էլ չի ուզում մարդ դառնալ, որ մարդկային աշխարհն էլ չկա իր համար, որ հիշողություն էլ չկա…

