Աշխարհի առաջին լողացող քաղաքն՝ Oceanix անվամբ, կկառուցվի Հարավային Կորեայի ափերի մոտ մինչև 2025 թվականը: Ծրագրի ղեկավարների խոսքով՝ նպատակն այն է, որպեսզի մարդկությունը կարողանա դիմակայել ծովի մակարդակի բարձրացմանը:
Բուսանի ափերի մոտ կառուցվող լողացող քաղաքը ՄԱԿ-ի աջակցությամբ կլինի «ջրհեղեղից պաշտպանված ենթակառուցվածք»: Այն կազմված է մի քանի արհեստական կղզուց, որոնք բարձրանում են ծովի հետ՝ ջրհեղեղի վտանգը վերացնելու նպատակով:
Քաղաքն էլեկտրաէներգիա կարտադրի տանիքների արևային մարտկոցներից, կարտադրի իր սնունդն ու քաղցրահամ ջուրը, իսկ կղզիների բնակիչներին կղզուց կղզի կտեղափոխեն ֆուտուրիստական նավակները: Oceanix-ը կարող է դիմակայել նաև բնական աղետներին, այդ թվում՝ ջրհեղեղներին, ցունամիներին և 5-րդ կարգի փոթորիկներին: Յուրաքանչյուր կղզի կլինի վեցանկյուն և կպարունակի կրաքարային ծածկույթ, որը 2-3 անգամ ավելի կարծր է, քան բետոնը:
Լողացող քաղաքի շինարարությունն ու ամբողջական նախագծի արժեքը գնահատվում է 200 միլիոն դոլար: Այն, սակայն, կարող է աճել՝ կախված նյութերից և վերջնական դիզայնից:
Թե ովքեր են լինելու քաղաքի բնակիչները և թե ինչպես են ընտրվելու, դեռ պարզ չէ:
«Կայուն լողացող քաղաքները մեզ հասանելի կլիմայի հարմարվողականության ռազմավարությունների զինանոցի մի մասն են։ Եկեք ներդաշնակ ապրենք ջրի հետ, այլ ոչ թե կռվենք»,- ասել է UN-Habitat-ի գործադիր տնօրեն Մայմունահ Մոդ Շարիֆը:
Ափամերձ քաղաքների նման՝ Բուսանին սպառնում են ծովի մակարդակի բարձրացումը և ջրհեղեղները, որոնք կարող են ոչնչացնել միլիարդավոր դոլարների ենթակառուցվածքներն ու ստիպել միլիոնավոր փախստականների լքել իրենց տները:
Աշխարհի յուրաքանչյուր 5-ից 2 մարդ ապրում է ափից մոտ 60 մղոն հեռավորության վրա, և աշխարհի մեգա քաղաքների 90 տոկոսը խոցելի է ծովի մակարդակի բարձրացման համար:
«Ծովի մակարդակի բարձրացումը սպառնալիք է, բայց կայուն լողացող ենթակառուցվածքը կարող է օգնել լուծելու այս աղետը», – ասում են Oceanix-ի համահիմնադիրներ Իտաի Մադամոմբեն և Մարկ Քոլինս Չենը:
«Մենք ոգևորված ենք Բուսանի և ՄԱԿ-ի հետ պատմություն կերտելու համար՝ մարդկության հաջորդ սահմանը բացելու նպատակով» – շեշտում են համահիմնադիրները:
Քաղաքը կունենա նաև հանրային հրապարակ, շուկա և «ուսուցողական, առողջության, սպորտի և մշակույթի կենտրոններ:
- 3