PayPal-ը հայտարարել է 2000 աշխատակցի կամ աշխատակազմի մոտ 7%-ի կրճատման մտադրության մասին:
Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ PayPal-ի նախագահ եւ գլխավոր տնօրեն Դեն Շուլմանը տեղեկացրել է, որ այս կրճատումները տեղի կունենան առաջիկա շաբաթների ընթացքում, ընդ որում, որոշ ստորաբաժանումներ ավելի շատ կտուժեն, քան մյուսները:
Շուլմանի խոսքով՝ PayPal-ն աշխատում է լուծել խնդիրները «բարդ մակրոտնտեսական պայմաններում»: Շուլմանը գրել է, որ ընկերությունն արդեն առաջընթաց է գրանցել՝ ռեսուրսները կենտրոնացնելով առաջնահերթ ոլորտների վրա եւ ճշգրտելով ծախսերը։ Նա հավելել է, որ դեռեւս շատ անելիքներ կան։
«Փոփոխությունները կարող են դժվար լինել, հատկապես, երբ խոսքը վերաբերում է հարգված աշխատակիցների եւ ընկերների հեռանալուն»,- մեկնաբանել է Շուլմանը առաջիկա կրճատումները:
Ինչպես նշում է CNBC-ն, երրորդ եռամսյակի հաշվետվության արդյունքներով PayPal-ը գերազանցել է վերլուծաբանների ակնկալիքները եկամտի մասով, սակայն ընկերության բաժնետոմսերն ընկել են, երբ ընկերության չորրորդ եռամսյակի հասույթի կանխատեսումը ավելի ցածր է եղել վերլուծաբանների կոնսենսուս կանխատեսումից:


