Պեկինի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի բռնկման ֆոնին կրկին ստիպված են եղել փակել բոլոր դպրոցները, համալսարանները, ժամանցի վայրերը, ինչպես նաև չեղարկվել է 1255 չվերթ, հայտնում է Al Arabiya-ն՝ նկատելով, որ քաղաքում գրանցվել է վարակման ևս 31 նոր դեպք:
Ստեղծված իրավիճակը մտավախություն է առաջացրել առ այն, որ Չինաստանում կարող է սկսվել վարակի երկրորդ ալիքը:
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, վարակի նոր բռնկումը տեղի է ունեցել Պեկինի շուկաներից մեկում: Այժմ քաղաքում գրանցվել է շուկայի օջախի հետ կապված վարակման 137 դեպք:
Քաղաքի վտանգավոր գոտիների բնակիչներին արգելվել է լքել Պեկինը: Մյուսներին խորհուրդ է տրվել քաղաքը լքել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Տեղի է ունենում բնակչության զանգվածային թեստավորում:
«Պեկինում համաճարակաբանական իրավիճակը չափազանց լուրջ է»,-ասել է քաղաքապետարանի մամուլի խոսնակը:
Ավելի վաղ Չինաստանի գլխավոր համաճարակաբանը հայտարարել էր, որ հաջորդ երեք օրը վճռորոշ է լինելու Պեկինի շուկաներից մեկում նոր տեսակի կորոնավիրուսի բռնկումը զսպելու հարցում:
Պեկինի հարավային Ֆենթայ շրջանում ռազմական դրություն են հայտարարել, երբ այնտեղի մեծածախ առևտրի շուկայում կորոնավիրուսի նոր վարակակիրներ են հայտնաբերել։
Հայտնի է, որ Ֆենթայ շրջանում գտնվող խոշորագույն «Սինֆադի» շուկան ժամանակավորապես փակվել է նրանից հետո, երբ ներկրված սաղմոնների կտրտման տախտակի վրա համաճարակաբանական հետազոտության արդյունքում կորոնավիրուս է հայտնաբերվել։
Շուկայի տնօրինությունը մոտ 10 000 աշխատակցի և վաճառողի զանգվածային թեստավորում իրականացնելու որոշում է կայացրել։

