ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի համաձայն՝ Ապոֆիս աստերոիդը 2029 թվականին կգտնվի Երկիր մոլորակից վտանգավոր հեռավորության վրա:
ՌԴ ԱԻՆ փորձագետների կարծիքով՝ էներգիան, որը կարձակվի բախման արդյունքում, կկազմի 1.7 հազար մեգատոննա։ Սա 30 անգամ ավելի է, քան 1961 թվականին փորձարկված աշխարհի ամենահզոր խորհրդային ջերմամիջուկային ռումբի պայթյունի ժամանակ էր։
«Ամենավտանգավորն Ապոֆիս աստերոիդն է: 2029 թվականի ապրիլի 13-ին այն Երկրին կմոտենա 38.4 հազար կմ հեռավորության վրա, որը մոտ է գեոստացիոնար արբանյակների ուղեծրերի բարձրությանը (35.8 հազար կմ)», – ասվում է ВНИИ ГОЧС-ի կանխատեսման մեջ:
Աստերոիդի տրամագիծը 393 մ է, քաշը՝ մոտ 27 մլն տոննա։Աստերոիդի մոտեցման արագությունը կկազմի վայրկյանում 7.42 կմ։ Բախման դեպքում 10 կմ շառավղով երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով կհասնի 6.5 բալի։ Քամու արագությունը վայրկյանում կկազմի նվազագույնը 790 մետր։
Մինչև 2021 թվականի մարտ ամիս համարվում էր, որ աստերոիդի՝ Երկրի հետ բախման պոտենցիալ վտանգ կա 2068 թվականին։ Այնուամենայնիվ, ՆԱՍԱ-ի փորձագետներն այժմ կարծում են, որ առնվազն առաջիկա 100 տարվա ընթացքում բախման վտանգ չկա: