Ամերիկացի բլոգերն անցյալ դարի դասական մեքենաների գանձարաններ է հայտնաբերել։
YouTube-ի բլոգեր Goodpliers-ը հրապարակել է իր հայտնաբերած ամբարների երկու տեսանյութ, որտեղ տասնամյակներով փոշու մեջ կորել են անցյալ դարի մեքենաներ, այդ թվում՝ շատ հազվագյուտ նմուշներ: Յութուբերը շրջել է 13 պահեստում և ցուցադրել իր գտածոները՝ 1920-1930-ականների դասական մեքենաներ, բեռնատարներ և տրակտորներ, ինչպեսև ավելի նոր՝ 50-60-ականների մոդելներ: Կան նաև մեքենաներ, որոնք արտադրվել են 80-ականներին։ Հավաքածուի մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում և ծածկված է փոշու շերտով. դա վկայում է, որ մեքենաները տասնամյակներ շարունակ չեն տեսել ցերեկային լույս:
Edition AutoEvolution-ն ուշադրություն է հրավիրել ամենանշանավոր նմուշների վրա: Դրանցից է Star Four-ը՝ անցյալ դարի առաջին կեսի հազվագյուտ մեքենաներից մեկը։ Մոդելն արտադրել է Durant Motors-ը, որը հիմնել է GM-ի ակունքներում կանգնած ամերիկացի ձեռնարկատեր Ուիլյամ «Բիլլի» Դյուրանտը: Star Four-ը ստեղծվել է որպես պատասխան Ford Model T-ին և արտադրվել զանազան տարբերակներով՝ 1922-ից 1928 թվականներին: Տեսանյութում երևում է նաև Frazer Vagabon-ը, որն առաջին անգամ ներկայացվել է 1949 թվականին:
Ամբարներում, սակայն, միայն մեքենաներ չեն պահվել. մի քանի կադրերում կարելի է տեսնել ինքնաթիռի մնացորդներ և նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների տորպեդո: Այս հավաքածուի որոշ իրեր կարող են վաճառվել աճուրդում վաղ աշնանը, սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչն է հայտնվելու մուրճի տակ։
Այս ամառ YouTube-ի ամերիկյան սեգմենտում կրկին հիշել էին Old Car City-ի մասին՝ դասական մեքենաների հսկա գերեզմանոց Ջորջիա նահանգում։ Այն տարածված է 14 հեկտարի վրա և ունի մոտ 4,5 հազար մեքենա, որոնք փտում են բաց տարածքում։ Ընդ որում՝ այն ոչ պաշտոնապես կոչվում է «թանգարան», և մուտքի ու նկարահանումների համար գումար են գանձում։


