2022-ին Revolut-ն անվտանգության լուրջ խնդրի է բախվել, որն ընկերությանը 20 միլիոն դոլարի կորուստ է պատճառել: Ինչպես հայտնում է Financial Times-ը, խնդիրը վճարումների մշակման համակարգում առկա խոցելիությունն էր։
Այն առաջացել էր Revolut-ի ամերիկյան եւ եվրոպական համակարգերի միջեւ անհամապատասխանության հետեւանքով՝ հանգեցնելով համակարգային սխալի: Մասնավորապես, որոշ գործարքների մերժման դեպքում միջոցները փոխհատուցվել էին Revolut-ի սեփական ռեսուրսների հաշվին:
Դրանից օգտվել էին հանցավոր խմբավորումները՝ մշակելով սցենարներ, երբ թանկարժեք գնումները մերժվում էին՝ հանգեցնելով չհիմնավորված փոխհատուցումների:
Բացն առաջին անգամ նկատվել էր 2021-ի վերջին ԱՄՆ-ում Revolut-ի գործընկեր բանկերից մեկի կողմից եւ շտկվել էր 2022-ի գարնանը: Խոցելիության հետեւանքով ընկերությունը զրկվել էր ընդհանուր առմամբ $ 23 միլիոն, սակայն գումարի մի մասը հաջողվել էր վերականգնել:
Revolut-ը դեռեւս հրապարակայնորեն չի մեկնաբանել խնդիրը:


