Նորույթը կօգնի բուժանձնակազմին գտնել սրսկելու համար ամենահարմար տեղը։
Տյումենի ուսանողները մշակել են երակների վիզուալիզատոր՝ որոշում կայացնելու գործառույթով: Այդ մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Տյումենի պետական համալսարանի մամուլի ծառայությանը։

Բժշկական գաջեթի ստեղծողները նշել են, որ դժվար հասանելի երակներ հաճախ հանդիպում են շաքարային դիաբետով, ավելորդ քաշով, մարմնի կառուցվածքային յուրահատկություններով տառապող մարդկանց մոտ, և ներարկումները դարձնում են ցավոտ պրոցեդուրա ։ Հենց դա էլ հանգեցրել է CyberVein-ի՝ երակների վիզուալացման սարքի ստեղծմանը:

Վիզուալիզատորը հագեցած է երկու ինֆրակարմիր տեսախցիկով և լազերային հեռաչափով, որոնք չափում են երակների խորությունը և հաստությունը։ Այդ տեղեկության շնորհիվ CyberVein-ը երակների պատկերը հետ է հաղորդում մաշկին և ցույց տալիս սրսկելու համար ամենաօպտիմալ կետերը:

Այն ստեղծողներից Իվան Դեմինի խոսքով՝ CyberVein-ը կդառնա AutoHem արյան նմուշառման ավտոնոմ համակարգի մի մասը, որի մշակման ուղղությամբ այս պահին աշխատում են Տյումենի պետական համալսարանի ուսանողները։


