Logo

Samsung Galaxy S23-ը կստանա արբանյակային կապի աջակցություն, ինչպես iPhone 14-ն է

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
12:31 / 25.11.2022• LIFETECH
null

Նոր միտում ֆլագման սմարթֆոնների սեգմենտում։

Samsung-ի նոր ֆլագմանների՝ Galaxy S23-ի մասին լուրերը սկսել են շրջանառվել պաշտոնական հայտարարությունից մի քանի ամիս առաջ: Այսպիսով, ըստ Կորեայի The Elec հրատարակության, արտադրողը նախատեսում է ապահովել արբանյակային կապի աջակցություն նոր գծի բոլոր սարքերի համար:

Այդ տեխնոլոգիան կկիրառվի տվյալների փոխանցման համար, ինչպիսիք են տեքստային հաղորդագրությունները և փոքր չափսի պատկերները՝ հարյուրավոր կբիթ/վրկ արագությամբ:

Apple-ը նմանատիպ նորամուծություն է կատարել iPhone 14-ի համար: Նա գործընկերային համաձայնագիր է կնքել Globalstar-ի հետ՝ շտապ օգնություն տրամադրելու արբանյակի միջոցով, որն արդեն հասանելի է ԱՄՆ-ում և Կանադայում: Ավելի ուշ տեխնոլոգիան կգործի Ֆրանսիայում, Գերմանիայում, Իռլանդիայում և Մեծ Բրիտանիայում։

Ասիական սմարթֆոններ արտադրողներից Huawei-ն առաջինն էր, որ արբանյակային հաղորդակցություն իրականացրեց Mate 50 Pro-ում: Դրա շնորհիվ օգտատերը կարող է ուղարկել և ստանալ սահմանափակ քանակությամբ տեքստային հաղորդագրություններ՝ օգտագործելով Beidou արբանյակները Չինաստանում։

Samsung-ը կաշխատի գործընկեր Iridium-ի հետ։ Ավելի վաղ հայտնած տեղեկությունների համաձայն՝ ընկերությունն արդեն աշխատել է սմարթֆոն արտադրողների հետ իր 66 ցածր ուղեծրային կապի արբանյակների ուղղությամբ:

Ակնկալվում է, որ Galaxy S23 շարքը կթողարկվի 2023 թվականի փետրվարին՝ ծանոթ դիզայնով և Snapdragon 8 Gen 2 պրոցեսորով:
 

fastnews-ads-banner