Twitter-ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը նախատեսում է սոցիալական ցանցի հիման վրա ստեղծել լիարժեք վճարային համակարգ, որը կկարողանա մրցակցել PayPal-ի եւ Apple Pay-ի հետ։ Այդ մասին գրում է Financial Times-ը։
Պարբերականի տվյալներով՝ Twitter Inc.-ն արդեն դիմել է համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ լիցենզիաներ ստանալու համար։ Թերթի աղբյուրներից մեկը պնդում է, որ ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը գրանցել է Twitter-ը որպես վճարային համակարգ։
Ակնկալվում է, որ լիցենզավորման գործընթացը կտեւի մեկ տարուց ոչ ավելի: Դրանից հետո Twitter-ը պետք է ընդլայնի լիցենզիան՝ միջազգային շուկա մուտք գործելու համար։
Financial Times-ի տվյալներով՝ նոր գործիքի մշակմամբ զբաղվում է Twitter-ի պրոդուկտների կառավարման գծով տնօրեն Էսթեր Քրոուֆորդի թիմը։
Մասկի մտահաղացմամբ՝ ծառայությունը թույլ կտա կատարել միակարգ գործարքներ եւ պահել խնայողական հաշիվներ ու դեբետային քարտեր։ Նախատեսվում է նաեւ ավելացնել կրիպտոարժույթով գործարքներ իրականացնելու հնարավորությունը։


