Վրաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվարից մինչը հունիս գերազանցել է 1,2 միլիարդ դոլարը, ինչը 75,7 %-ով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին են վկայում Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Ռուսաստանը երկրորդ տեղում է Վրաստանի խոշորագույն առևտրային գործընկերների շարքում։ Կես տարում այդ երկրի բաժինը Վրաստանի արտաքին առևտրի ծավալում կազմել է 12,4%։ Վրաստանից Ռուսաստանի Դաշնություն ապրանքների արտահանումը տարվա առաջին վեց ամիսներին կազմել է մոտ 343,9 մլն դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 34,4%), իսկ ներմուծումը՝ մոտ 927,2 մլն դոլար (+31,1%)։
2023 թվականի հունվար-հունիսին Վրաստանի առևտրային գործընկերների թվում առաջին տեղն զբաղեցրել է Թուրքիան, որի հետ առևտուրը գերազանցել է 1,4 միլիոն դոլարը, ինչը 12,4 %-ով ավելի է 2022 թվականի նույն ցուցանիշից։ Երրորդ տեղն զբաղեցրել է ԱՄՆ-ն, նրա հետ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 820 մլն դոլարը, ինչը 38,6%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալները։
Վրաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կազմել է ավելի քան 10,2 մլրդ դոլար (տարեկան կտրվածքով աճը՝ 20,1%)։ Արտահանումը կազմել է ավելի քան 3 մլրդ դոլար (աճը՝ 19,3%), իսկ ներմուծումը` ավելի քան 7,2 մլրդ դոլար (աճը՝ 20,4%)։ Ընթացիկ տարվա վեց ամսում արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը գերազանցել է 4,1 մլրդ դոլարը (ընդհանուր առևտրաշրջանառության 40,5%-ը):