Logo

Ինչո՞ւ «Սպանված թատրոն», ի՞նչ կա այդ թատրոնի դռներից ներս․ կայացավ Ավո Խալաթյանի 3-րդ ցուցահանդեսը

Հեղինակ
Նարինե Մելիքյան
00:50 / 08.06.2025Լուրեր
Բացառիկ
null

2022 թվականի մայիսին Արթուր Սարբեկյանը Պաուլո Կոելյոյի «Վերոնիկան որոշում է մեռնել» վեպը պիեսի վերածեց և բեմադրեց։ Գլխավոր դերակատարի՝ Էդուարդի դերում Ավո Խալաթյանն էր։ Նա նաև ներկայացման դեկորացիաների հեղինակն էր։ Երևանյան պրեմիերայից հետո Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանները ներկայացումը խաղացին եվրոպական մի շարք բեմերում, բայց 3 տարի անց այն հանվեց թատրոնի խաղացանկից։ Ավոն էլ որոշեց այդ դեկորացիաներին նոր կյանք տալ։ Վերականգնեց ու ցուցադրությունն անվանեց «Սպանված թատրոն»։ «Պտտվեցի 360 աստիճանով, հասա փակ դռներին, բացեցի դրանք և տեսա իմ կտավները։ Դրանք դեկորացիաներ և իլյուստրացիաներն էին, որոնք լքված, շպրտված էին մի անկյունում։ Փորձեցի նոր շունչ տալ և վերածնել։ 2 ամիս տաժանակիր աշխատեցի։ Ներկայացման դեկորացիան 11 մետր էր։ Այդ ամբողջը կտրատել եմ և կոլաժի տեխնիկայով փակցրել կտավին։ Ցուցադրությանը ներկայացված է 6 աշխատանք։ Աշխարհում ամեն ինչ ունի սկիզբ և ավարտ, բայց այդ 3 գույնը՝ կապույտը, սևը և սպիտակը կմնան հավերժ», - անկեղծացավ արվեստագետը։

Ավոյի որդու՝ Հենրիի խոսքով՝ հայրն անսպասելիորեն տան խոհանոցում մոլբերտ ու կտավ է դրել և սկսել աշխատել։ «Առավոտյան 05։00-ին արթնանում էր, գիշերը 02։00-ին քնում։ Օրվա ընթացքում միայն ուտում էր և ընդամենը 3 ժամ քնում։ Ուրիշ ոչնչով չէր զբաղվում։ Մենք չգիտեինք՝ ինչ է նկարում։ Պարզապես փորձում էինք չխանգարել։ Դեկորացիան կտավներին փակցնելիս ես էլ եմ օգնել պապային», - պատմեց Հենրին։ 

Ավո Խալաթյանի երրորդ ցուցահանդեսը կայացավ «ԱրտԿվարտալում»։ Աշխատանքներին զուգահեռ տեսանյութով ներկայացված էր կտավների ստեղծման պատմությունը։ ««ԱրտԿվարտալն» իմ ամենասիրելի վայրն է։ Այստեղ հավաքված են տաղանդաշատ նկարիչներ, արվեստագետներ։ Շատ տարբերվող վայր է։ 1891 թվականին այստեղ եղել են գինու մառաններ, որտեղ հետագայում ներթափանցել է արվեստը։ Երիտասարդներն իրենց ուժը, ավյունը ներդնում են, որպեսզի իսկապես լինի «ԱրտԿվարտալ»։ Երևի միայն Եվրոպայում կարող եք հանդիպել նման վայրի։ Մեզ մոտ միակն է», - խոստովանեց Ավոն։ 

Ավոն նկարել է միշտ։ Ավարտել է Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցը։ Մայրը դերասանուհի է, հայրը՝ նկարիչ։ Ասում է՝ միշտ եղել է այնպիսի նկարիչներով շրջապատված, ինչպիսիք են Արա Շիրազը, Ռոբերտ Էլիբեկյանը, Էդուարդ Խարազյանը և այլ արվեստագետներ։ «Մեծացել եմ նրանց միջավայրում և սպունգի պես կլանել եմ իսկական արվետսը։ 27 տարվա դերասանական կարիերայից հետո եկել է պահը, երբ ուզում եմ կոլեկտիվից հեռանալ և բեմադրել իմ ներկայացումը, ինքս ընտրել պիեսը, որոշել՝ ովքեր պիտի լինեն գլխավոր և երկրորդական դերակատարները։ Կարճ ասած՝ որոշեցի անհատ ստեղծագործողի ուղին բռնել», - ընդգծեց դերասան-նկարիչը։ 

«Սպանված թատրոն» ցուցահանդեսը բաց կլինի մինչև հուլիսի 6-ը։ Ավոն մտադիր է առաջիկայում այն ներկայացնել նաև երևանյան այլ ցուցասրահում։ Հնարավոր է՝ լինի նաև օտարերկրյա ցուցադրություն։

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner