1850 թ. օգոստոսի 5-ին ծնվել է ֆրանսիացի մեծանուն գրող Գի դե Մոպասանը։ Նրան համարում են ժամանակակից պատմվածքի ձևի ու կառուցվածքի ստեղծողը։ Օ.Հենրին ու Սոմերսեթ Մոեմը խոստովանել են, որ Մոպասանից են սովորել իրենց գրականությանը կարճ ձև ու կառուցվածք տալը։ Մոպասանի գրականությամբ հիացել են Նիցշեն, Տուրգենևը, Տոլստոյը։
Մեծ գրողի ծննդյան օրվա կապակցությամբ առանձնացրել ենք 10 հետաքրքիր փաստ նրա ոչ այնքան երկար կյանքից։

Մոպասանի մայրը ողջ կյանքի ընթացքում տառապել է նեվրոզից, նրա փոքր եղբայրը մահացել է հոգեբուժարանում։ Ժառանգականության կեղեքիչ վախը ստիպել է Մոպասանին շատ ուշադիր լինել իր ֆիզիկական առողջության հանդեպ։

Լինելով հրաշալի լողորդ Մոպասանը 1868 թվականին ծովում խեղդվելուց փրկել է անգլիացի պոետ Ալջերնոն Սուինբերնին։

1870-1871 թթ. Մոպասանը, որպես սովորական շարքային զինվոր մասնակցել է ֆրանկո-պրուսսական պատերազմին։ Այս պատերազմը խորը հետք է թողել ապագա գրողի հոգում և դարձել է նրա գրքերից շատերի թեման ու գործողությունների վայրը։ Այս շարքում է նրա առաջին նովելը` «Փամփլիկը»։

Սկսնակ գրող ու ժուռնալիստ Մոպասանին մեծ օգնություն է ցուցաբերել գրող Գուստավ Ֆլոբերը։ Լինելով Մոպասանի մոր ընկերը, Ֆլոբերը դարձել է նրա գրականության ուսուցիչը։

Ինչպես շատ այլ գրողներ, Մոպասանը նույնպես ակտիվ պայքարել է Էյֆելյան աշտարակի տեղադրման դեմ։ Այնուամենայնիվ, երբ աշտարակը տեղադրել են, Մոպասանին շատ հաճախ են հանդիպել Էյֆելյանի ռեստորանում ճաշելիս։ Իր արարքը նա բացատրել է յուրովի. «Սա Փարիզում միակ վայրն է, որտեղից չի երևում Էյֆելյան աշտարակը»։

Մոպասանի վեպերն իր կենդանության օրոք մեծ հաջողություն ու փառք են վայելել։ Նրա առաջին` «Կյանք» վեպը մի տարում վաճառվել է 25 000 տպաքանակով, իսկ «Սիրելի բարեկամ» վեպը չորս ամսում սպառվել է 37000 օրինակով։

Մոպասանի շահույթը հասնում էր 60 հազար ֆրանկի։ Մորն ու եղբորը ֆինանսապես ապահովելը Մոպասանը իր պարտքն էր համարում։ Սակայն ուղեղի գերլարված աշխատանքը չափազանց ծանր է անդրադառնում գրողի առողջության վրա։ Դրան գումարվում է ևս մեկ հիվանդություն` սիֆիլիսը։

1884 թվականից Մոպասանը տառապել է կպչուն մտքերից ու հալլյուցինացիաներից, իսկ 1891թ. դեկտեմբերին ինքնասպանության փորձից հետո նա հայտնվել է հոգեբուժարանում։ 1893 հուլիսին Մոպասանը մահացել է ուղեղի կաթվածից։

Տարբեր տարիներին Մոպասանի ստեղծագործությունները էկրանավորել են այնպիսի հայտնի ռեժիսորներ, ինչպիսին են` Միխայիլ Ռոմը (Փամփլիկը, 1934), Ժան Ռենուարը (Մերձքաղաքային զբոսանք, 1936), Լյուիս Բունյուելը (Կինն առանց սիրո, 1952), Ժան-Լյու Գոդար (Արական- իգական, 1965) և այլն։

Մահից առաջ Գի դե Մոպասանն ինքն է գրել իր տապանագիրը. «Ես ամեն ինչի ծարավ էի, բայց ոչնչից հաճույք չէի ստանում»։

