Logo

10 փաստ Վրեժ Հակոբյանի մասին

Հեղինակ
Աննա Անտոնյան
18:01 / 09.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Vrej Hakobyan

Վրեժ Հակոբյանին լավ են հիշում հատկապես «Խաթաբալա» (1971թ.) ֆիլմից: Նրա դերը հայ կինոյում մեծ էր և եկող սերունդները դեռ շատ են խոսելու նրա մասին:

Ցավոք, հայ կինոն կորցրեց ևս մեկ լավ դերասան. Վրեժ Հակոբյանն օրերս կնքեց իր մահկանացուն:

1. Ծնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքում: 1947 թվականին տեղափոխվել է Հայաստան: 

2. 1958-62թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում` Արմեն Գուլակյանի արվեստանոցում:

3. Ինստիտուտն ավարտելուց հետո, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասան, իսկ 1977թ. նշանակվել է թատրոնի փոխտնօրեն, 1982թ.` տնօրեն:

4. Հյուրախաղերով եղել է մի շարք երկրներում՝ Ֆրանսիա, Նորվեգիա, Բուլղարիա, Չեխոսլովակիա, այլուր: Խաղացած ներկայացումներից են` «Լաբիրինթոս» (Ժուռնալիստ), Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Ռոդրիգո), Վ.Դեմարի «Հիշիր վաղվա օրը» (Ռոբերտ), Վ.Փափազյանի «Ժայռը» (Սերոբ), Դ.Դեմիրճյանի «Վարդանանք» (Արտակ Մոկաց) և այլն: 

5.  Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Կարինե» (1967թ.), «Մորգանի խնամին» (1969թ.), «Խաթաբալա» (1971թ.), «Մհերի արկածները արձակուրդում» (1973թ.), «Ժայռ» (1973թ.), «Երկունք» (1976թ.), «Արևիկ» (1978թ.), «Թռիչքը սկսում է գետնից» (1980թ.), «Правила охоты. Штурм» (2015թ.), «Բրավո, վիրտուոզ» (2015թ.) և այլն: 

6. 1992թ., Շաքե Թուխմանյանի և Ժան Նշանյանի հրավերով, մեկնել է ԱՄՆ, որտեղ Վ.Աճեմյանի անվան թատերախմբում խաղացել է Հ.Պարոնյանի «Շողոքորթն» (Թադե), «Պաղդասար ախպար» (Կիպար), Լ.Շանթի «Ինկած բերդի իշխանուհին» (Վասիլ) ներկայացումներում:

7.  Երևան վերադառնալուց հետո, ղեկավարել է ՀՀ մշակույթի նախարարության թատերարվեստի վարչությունը, իսկ մինչ 2003թ.` Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնը: 

8. 2003-13թթ եղել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրենը:

9.  Նկարահանվել է նաև «Դիմակահանդես» (2010թ.), «Դժվար ապրուստ» (2011-13թթ), «Բախտաբեր» (2015թ.) հեռուստասերիալներում:

10. 2008թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2014թ.` Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:

Հետաքրքիր պատմություն Վրեժ Հակոբյանի և Մհեր Մկրտչյանի մասնակցությամբ, որի մասին պատմել է հենց Վրեժ Հակոբյանը

Ասում են, թե Ֆրունզիկը կոմիկ դերասան էր։ Ես, ընդունելով դա, նաև ավելացնում եմ, որ Մհեր Մկրտչյանը մեծ տրագիկ էր։ Նրա աչքերի մեջ մեծ ողբ ու թախիծ կար։ 1992 թվականից մինչև 1994 թվականը ես գտնվել եմ Միացյալ Նահանգներում։ Գնալուց առաջ Մհերի հետ պայմանավորվել էինք, որ ես այնտեղ կվերականգնեմ «Պաղտասար աղբար» ներկայացումը (Աճեմյանի բեմադրության ժամանակ ես եղել եմ նրա ասիստենտը), ինքն էլ կգա Պաղտասար խաղա­լու։ Ես աշխատեցի այդ բեմադրության վրա, հե­տո զանգահարեցի Ֆրունզիկին, ինքն էլ ասաց, որ ներկայացումը նշանակեմ հոկտեմբերի 23,24,25-ին։ Եկավ հոկտեմբերի 23-ի առավոտյան։ Ցերեկվա ժամը 1-ին եկավ սրահ, որտեղ պետք է խաղայինք ներկայացումը։ Փորձերը նայեց, ասաց, որ ուղղելու ոչ մի բան չկա։ Մնում էր միայն ներկայացումը խաղալ։ Իմ ողջ կյանքի երազանքն է եղել «Պաղտասար աղբարում» խա­ղալ Կիպար։ Երազանքս իրականացավ այդ երեք օրվա ընթացքում։ Ես խաղացի։ Երևի մի երկու հարյուր, երեք հարյուր անգամ նայել եմ այդ ներ­կայացումը, նայել եմ անգամ Հրաչյա Ներսիսյանի կատարմամբ, բայց այդ երեք օրվա ընթացքում Ֆրունզը այնպես խաղաց, ինչպես երբեք չէր խաղացել։ Երրորդ գործողությունում մի տեսարան կար, երբ Պաղտասարին պետք է գժանոց տա­նեին։ Այդ երեք դատավորները նրան համոզում են, թե. 
«Պաղտասար աղբար, վեր կաց։ Արի մա­քուր օդի գնանք»։ 
Ինքն էլ թախտի վրա, մի ոտքը ծալապատիկ նստած, ասում էր.
«Ինձ ձեռք մի՛ տվեք, ձեռքերս մի՛ բռնեք»։ 
Մի խոսքով, նյարդային վիճակ էր։ Մեկ էլ այդ ասելուց հետո ձեռքը դրեց ոտքին և ասաց. 
«Մյուս ոտքս ո՞ւր է»։ Մի ան­գամ ասաց, քար լռություն էր դահլիճում։ Երկրորդ անգամ էլ որ ասաց, արդեն զգացինք, որ դահլիճն արտասվում է։
Ներկայացումը ավարտվեց, գնացինք գրիմի և հարդարման սենյակ, ասացի. 
«Մուշեղիչ, դա մտածե՞լ էիր»։ Ասաց. 
«Չէ, Վրեժ ջան, այդ պահին եկավ»։ 
Այսինքն՝ նա արհեստական ոչինչ  չէր անում։
Ֆրունզիկը բոլորի ընկերն էր...

Ֆիլմեր, որոնցում խաղացել է Վրեժ Հակոբյանը.

  • «Կարինե», 1967
  • «Մորգանի խնամին», 1969
  • «Խաթաբալա», 1971
  • «Մհերի արձակուրդային արկածները», 1973
  • «Ժայռ», 1973
  • «Երկունք», 1976
  • «Արևիկ», 1978
  • «Թռիչքն սկսվում է երկրից», 1980
  • «Правила охоты. Штурм», (2015
  • «Բրավո, վիրտուոզ», 2015

 

fastnews-ads-banner