Էլեն Բադալյանը մասնակցում է ռուսական «Ну-ка, все вместе» շոուին: Հերթական մրցումային օրը 17-ամյա հայուհին կատարել է Քրիստինա Ագիլերայի «Lady Marmelade» երգն ու արժանացել ժյուրիի հոտնկայս ծափահարություններին: Ժյուրիի բոլոր 100 անդամները ոտքի են կանգնել, իսկ նախագահ Սերգեյ Լազարևը Էլենի ելույթի վերջում նույնիսկ սեղանին է կանգնել՝ այդպես արտահայտելով իր հիացմունքը հայ երգչուհու նկատմամբ: Էլենը 100 միավոր վաստակած միակ մասնակիցն էր այդ թողարկմանը: Նա առանց «բաթլ» հաղթահարելու անցել է եզրափակիչ: Իսկ հաջորդ մասնակիցը դուրս է եկել բեմ և կատակել է. «Բարև ձեզ, ես Էլեն Բադալյանի զարմիկն եմ»։
Ելույթից հետո Էլենն ինստագրամում գրել է. «Ժյուրիի բոլոր 100 անդամներին ոտքի կանգնեցրի: Շնորհակալություն Սերգեյ Լազարևին նման խոսքերի համար։ Աներևակայելի երջանիկ եմ։ Անկեղծ շնորհակալ եմ ժյուրիի բոլոր անդամներին: Բառեր չկան նկարագրելու, թե ինչպես էի սպասում այս պահին: Երկար տարիներ երազում էի մասնակցել այս նախագծին։ Ուրախ եմ, որ իմ առաջին քայլն այս նախագծում ստացվեց այսքան հաջող, հիշարժան և աներևակայելի ջերմ: Շնորհակալ եմ բոլորին գեղեցիկ խոսքերի համար»: