2017 թվականը հարուստ էր սերիալների նոր եթերաշրջաններով. «Գահերի խաղը», «Խաղաքարտերով տնակ», «Քայլող մեռյալներ» և այլն: Սակայն բացի այդ սիրված և պահանջարկ ունեցող սերիալների նոր եթերաշրջաններից, այս տարի էկրաններ են բարձրացել նաև նոր սերիալներ, որոնք բավականին լավ են ընդունվել հանդիսատեսի կողմից: Եվ այսպես, մենք ձեզ ենք ներկայացնում 2017 թվականին էկրաններ բարձրացած սերիալների մեր թոփ 5-ը:
1. Ամերիկյան աստվածները /Американские боги/ American Gods
Փոխվում են ժամանակները և ժամանակի հետ՝ նաև աստվածները. սա է Նիլ Գեյմանի վեպի հիման վրա նկարահանած «Ամերիկյան աստվածներ» սերիալի ասելիքը:
Պարզվում է, որ ԱՄՆ-ում ապրում են «Հին աշխարհի» տարբեր աստվածներ և առասպելական հերոսներ, որոնք տարբեր ազգերի էմիգրանտների հետ եկել են ԱՄՆ, բայց նրանք կորցրել են իրենց զորությունը, քանի որ մարդիկ վաղուց արդեն նրանց չեն հավատում:
Այդ իսկ պատճառով Օդինը հավաքում է «Հին աշխարհի» աստվածներին «Նոր ամերիկյան աստվածների» դեմ պատերազմելու համար:
Առաջին հայացքից բավականին պարզունակ սյուժեով այս պատմությունը շատ հետաքրքիր և խորը կերպով անդրադառնում է մեր իրականությանը, երբ մարդիկ ժամանակի թելադրանքով սկսել են երկրպագել և աստվածացնել նոր տեխնոլոգիաները՝ համացանցը և նյութական ճոխությունները, որոնք էլ դարձել են «Նոր ամերիկյան աստվածները»:
2. Տաբու/Табу/Taboo
Բրիտանական այս սերիալը եթերում հայտնվեց 2017 թվականի սկզբին։ Գլխավոր հերոսի դերակատարը և սցենարիստներից մեկը Թոմ Հարդին է։
Աֆրիկայում երկար ճանապարհորդելուց հետո Ջեյմս Դելեյնին, վերադառնալով հայրենիք, իր հոր մահից հետո ստանում է ժառանգություն մի հողակտոր, որը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում: Ժառանգությունը ստանալու համար պայքարում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և անչափ հզոր Օսթ-Հնդկական ընկերությունը: Այդ իսկ պատճառով Հարդիի հերոսը մտնում է պայքարի մեջ շատ հզոր հակառակորդների դեմ: Սերիալը արժանացել է կինոքնադատների հավանությանը, նաև հատուկ ուշադրության է արժանացել Թոմ Հարդիի խաղը։
Մի խոսքով շատ լավ սերիալ, որը գերազանց ներկայացնում է 18-րդ դարի Լոնդոնը։
3. Մտքի որսորդ/Охотники за разумом/Mindhunter
Netflix հեռուստաընկերության ևս մեկ նոր սերիալը՝ «Մտքի որսորդը», համանուն գրքի էկրանավորումն է։ Դեվիդ Ֆինչերը հանդես է եկել և՛ որպես պրոդյուսեր, և՛ որպես ռեժիսոր։ Ի սկզբանե Դևիդ Ֆինչերը և Շրլիզ Թերոնը այս սերիալի գաղափարը առաջարկել էին HBO հեռուստաալիքին, սակայն ստացել էին մերժում: Իսկ ահա Netflix ընկերությունը որոշեց նկարահանել և չփոշմանեց:
Սերիալը պատմում է երկու գործակալների մասին, ովքեր հարցաքննում են կալանքի մեջ գտնվող սերիական մարդասպաններին նրանց մտածելակերպը հասկանալու և հանցագործությունները բացահայտելու նպատակով:
Հոգեբանական թրիլլեր Ֆինչերի արդեն սիրված ձեռագրով, որը երկարաձգվել է մինչև երկրորդ եթերաշրջան, առաջին եթերաշրջանի հեռարձակվելուց կես տարի առաջ։
4. Պատժողը/Каратель/The Punisher
Նոյեմբերին սերիալասերներին հասանելի դարձավ «Պատժողը» սերիալը, որի գլխավոր հերոսը, առաջին անգամ Ջոն Բերնտալի կատարմամբ, հայտնվեց 2016 թվականին «Խիզախը» սերիալի երկրորդ եթերաշրջանում։
Նեթֆիլքիսի այս արտադրանքում Մարվելի ամենահայտնի հերոսներից Ֆրենկ Կասլի պատմությունն է։ Որը սովորական զինվոր է, առանց գերբնական ուժերի։ Նրա ընտանիքին սպանում են, և նա սկսում է վրեժ լուծել։ Այդ իսկ պատճառով հանցագործ աշխարհը նրան կնքում է որպես «Պատժող»։
«Պատժողը» սերիալը արդեն երկարաձգվել է մինչև 2-րդ եթերաշրջան, ինչպես նաև սպասվում է հերոսի մասնակցությունը Մարվելի «Պաշտպանները» քրոսովերային մինի սերիալում։
5. Ամերիկյան Վանդալներ/Американский вандал/American Vandal
Ամերիկյան Վանդալը Netfilx-ի հերթական որակյալ սերիալն է, որը նկարված է դոկումենտալ հետաքննության ոճով:
Ամերիկյան շատ սովորականի մի դպրոցում տեղի է ունեցել զարհուրելի պատահար: Անհայտ մեկը, մտնելով ուսուցիչների ավտոկայանատեղի, բոլոր մեքենաների վրա նկարել է անբարո պատկերներ: Մեղավորին գտնելու համար փաստեր գրեթե չկան. տեսախցիկների տեսագրությունը ջնջված է, նման քայլի պատճառ և հնարավորություն ունեին բազմաթիվ աշակերտներ:
Այդ ժամանակ երկու դպրոցականներ Պիտերը և Սեմը սկսում են անցկացնել սեփական հետաքննությունը: Նրանք ընթացքում նկարահանում են նաև դոկումենտալ ֆիլմ ավտոկայանատեղիի դեպքերի և դպրոցի ներսի կյանքի մասին:
Եթե դուք գոնե մեկ անգամ դիտել էք դոկումենտալ հետաքննություններ տարբեր հեռուստաալիքներով, ապա այս սերիալում դուք կնկատեք այն բոլոր շաբլոնները և գծերը, որոնք հատուկ են նման ոճի ֆիլմերին:
Մեր կարծիքով «Ամերիկյան Վանդալը» վերջին ժամանակների ամենասարկաստիկ սերիալներից մեկն է:

