Logo

«42-24»․ պրեմիերա՝ Աշտարակի դրամատիկական թատրոնում, 2 ժամանոց ներկայացում՝ առանց ընդմիջման

Հեղինակ
Նարինե Մելիքյան
23:36 / 22.05.2025Լուրեր
null

Մայիսի 8-ին և 9-ին Աշտարալի դրամատիկական թատրոնում կայացավ «42-24» ներկայացման պրեմիերան՝ ըստ Արթուր Միլլերի «Պատահար Վիշիում» պիեսի։ Իրադարձությունները ծավալվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1942 թվական), Ֆրանսիայի Վիշի քաղաքում: Ֆրանսիացիների և գերմանացիների համատեղ իշխանության օրոք, մի խումբ տղամարդկանց հավաքել են անհայտ նպատակով: Ոմանք ենթադրում են, որ դա պարզապես փաստաթղթերի ստուգում է, մինչդեռ մյուսները այլ բան են կասկածում։ Բեմադրիչը Գոռ Մարգարյանն է։ Խոստովանում է՝ ընտրել է Միլլեր, քանի որ այս ստեղծագործությունն առավել քան արդիական է։ «Շատ ասելիք ունեի, որն արտահայտեցի պիեսով։ Այն և՛ խաղացանկային ներկայացում է, և՛ իմ արվեստանոցի ուսանողների ավարտական դիպլոմային աշխատանքն է», - նշել է Գոռը։

Ներկայացումում ներառված է 40 դերասան։ Հիմնական դերակատարները 13-ն են։ Ներկայացման տևողությունը 2 ժամ է՝ առանց ընդմիջման։ Թեման հրեաների ցեղասպանությունն է, բայց բեմադրիչը ներկայացումը «նվիրել է» բոլոր ցեղասպանված ժողովուրդներին։ Գոռի խոսքով՝ չցանկացան ժամանակ խնայել նման թեմայի համար։ «Փորձերը տևել են 7 ամիս։ Դա ինձ համար աննախադեպ է, քանի որ սովորաբար 1-2 ամսում ես կարողանում եմ ավարտուն աշխատանք ներկայացնել։ 2-3 շաբաթ ենք նստել սեղանի շուրջ ընթերցանության և անմիջապես անցել ենք բեմ։ Նախորդ տարի այցելել եմ Օսվենցիմ համակենտրոնացման ճամբար։ Այդ այցելությունն ինձ տվեց այս ներկայացումը», - անկեղծացել է բեմադրիչը։

Բեմանկարչության հեղինակը Նելլի Բարսեղյանն է, երաժշտությունը գրել է Նարեկ Կոսմոսը։ Ամբողջ ներկայացման ընթացքում հնչում է միայն Նարեկի երաժշտությունը։ «Ներկայացումը վերնագրել եմ «42-24»՝ փորձելով ցույց տալ հայելային անդրադարձը, այսինքն՝ 42 թվականին կատարվածը կրկնվում է 24-ին։ Բոլորս տեսնում ենք՝ ինչ է կատարվում Գազայում, Սիրիայում և մեր երկրում։ Ցեղասպանությունը շարունակվող թեմա է, որը, հուսամ, մի օր կդառնա ոչ արդիական։ Նպատակ ունեմ ներկայացումը տանել արտասահմանյան փառատոնների, քանի որ այն բարձրացնում է ոչ թե համահայկական, այլ համամարդկային թեմա», - շեշտեց Գոռը։ 

Լուսանկարները՝ Աշտարակի դրամատիկական թատրոնի

fastnews-ads-banner
fastnews-ads-banner
fastnews-ads-banner