Այսօր դժվար է պատկերացնել, որ եղել են ժամանակներ, երբ ինչ-որ գրքեր արգելված են եղել: Սակայն դեռ անցյալ՝ 20-րդ դարում այդպիսի շատ ու շատ վեպեր են եղել, որոնք բարոյական նորմերին չհամապատասխանելու, անպատշաճ բառաշերտեր և գռեհկաբանություններ պարունակելու, բաց, սեքսուալ տեսարանների նկարագրությունների առկայության պատճառով արգելված են եղել տասնյակ տարիներ:
Բայց արգելքը վեպերի ճանաչվածությանն ու ընթերցվածության բարձր ցուցանիշներին ամենևին չի վնասել, այլ բոլորովին հակառակը՝ հավելյալ ուշադրություն ու հետաքրքրություն է ծնել նման գրականության շուրջ: Բոլորն ուզում են իմանալ, կարդալ, հասկանալ՝ ի՛նչն է պատճառն արգելքների:
Մեր այս հոդվածով կներկայացնենք 5 վեպ, որոնք ժամանակին արգելված են եղել, և որոնք այսօր կան արդեն հայերեն որակյալ, բնագրային թարգմանությամբ:
1. Խեցգետնի արևադարձը / Tropic of Cancer. 1934 թ.
հեղինակ՝ Հենրի Միլեր, թարգմանիչ՝ Զավեն Բոյաջյան


«Խեցգետնի արևադարձը» պատմում է ամերիկացի վիպասան Հենրի Միլերի՝ Փարիզում անցկացրած տարիների, նրա սեքսուալ արկածների մասին: Այն տպագրվել է նախ Փարզում 1934 թ. 1000 տպաքանակով և 30-ականների համար բավական թանկ գնով՝ 50 ֆրանկ: Այդ տարիներին Ֆրանսիայում թույլատրվում էին «անբարո» բովանդակությամբ գրքեր հրատարակել, եթե դրանք ֆրանսերեն չէին: Իսկ Միլերի վեպն անգլերեն էր, ուստի չտպագրելու պատճառ չկար:
Սակայն հրատարակիչ Ջեք Կագանը գրախանութներին պատվիրել էր այն թաքուն վաճառել: Գրքի բովանդակային ծանոթագրություն մեջ նա գրել էր. «Ce volume ne doit pas être exposé en vitrine» – «Այս գիրքը ցուցափեղկերում չդնել»: Գրքի մի քանի օրինակներ, հայտնվելով ԱՄՆ-ում և Անգլիայում, միանգամից արգելվեցին:
Միլերի հայրենիքում՝ ԱՄՆ-ում «Խեցգետնի արևադարձն» իր «անպարկեշտ» բովանդակության և բառապաշարի պատճառով 30 տարի արգելված էր։ Այն Նահանգներում տպագրվելու թույլտվություն ստացավ միայն երկար դատավարություններից հետո՝ 1960-ականներին:
Այսօր Հենրի Միլերի վեպն իրավամբ համարվում է 20-րդ դարի արձակի լավագույն գործերից մեկը:
2. Ստամբուլի բիճը /The Bastard of Istanbul. 2006 թ.
հեղինակ՝ Էլիֆ Շաֆաք
թարգմանիչներ՝ Արփի Աթաբեկյան (թուրքերենից),
Մարո Մադոյան-Ալաջաջյան(անգլերենից)


«Ստամբուլի բիճը» թրքուհի վիպասան Էլիֆ Շաֆաքի 6-րդ վեպն է և 2-րդը՝ անգլերեն լեզվով: Այն Թուրքիայում արգելված է «ազգային ինքնությունը վիրավորող» բովանդակության համար: Հենց այս նույն մեղադրանքով էլ թուրք ազգայնականները սկսեցին հետապնդել հեղինակին: Թուրքիայում հայտնի 301 հոդվածով նրա դեմ դատավարություն էլ սկսվեց: Հայրենիքում վտանգներն այնքան շատ էին ու իրական, որ Էլիֆ Շաֆաքը հեռացավ այնտեղից և այժմ ապրում է Լոնդոնում:
Վեպը պատմում է երկու՝ թուրք և ամերիկահայ ընտանիքների, նրանց փոխհարաբերությունների, գաղտնիքների, մեղքի և դրանից ազատվել չկարողանալու մասին:
Թուրք Մուստաֆան մեղք է գործել քրոջ հանդեպ: Վեպում Մուստաֆայի այդ աններելի մեղքը զուգահեռվում և համեմատվում է հայերի հանդեպ թուրքերի գործած մեղքի հետ: Երկու մեղք՝ մաշտաբներով և բնույթով գուցե տարբեր, բայց նման նախևառաջ նրանով, որ հանցագործի հոգում անջնջելի հետք են թողնում՝ մեղքի զգացողությունից, մեղսավոր լինելու անտանելի ենթագիտակցությունից ազատվելու անկարողության պատճառով:
Վեպը թարգմանվել է 30-ից ավել լեզուներով, այդ թվում նաև՝ հայերենով և՛ անգլերենից, և՛ թուրքերենից:
շարունակությունը՝ հաջորդ էջում

