Logo

5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 17.11.2017ՄՇԱԿՈՒՅԹ
16933533 1278868168833308 755216697 n - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

1. Ստամբուլի բիճը /The Bastard of Istanbul. 2006 թ.

հեղինակ՝ Էլիֆ Շաֆաք

թարգմանիչներ՝ Արփի Աթաբեկյան (թուրքերենից),
Մարո Մադոյան-Ալաջաջյան(անգլերենից)

245px Ստամբուլի ընկեցիկը - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

 «Ստամբուլի բիճը» թրքուհի վիպասան Էլիֆ Շաֆաքի 6-րդ վեպն է և 2-րդը՝ անգլերեն լեզվով: Այն Թուրքիայում արգելված է «ազգային ինքնությունը վիրավորող» բովանդակության համար: Հենց այս նույն մեղադրանքով էլ թուրք ազգայնականները սկսեցին հետապնդել հեղինակին: Թուրքիայում հայտնի 301 հոդվածով նրա դեմ դատավարություն էլ սկսվեց: Հայրենիքում վտանգներն այնքան շատ էին ու իրական, որ Էլիֆ Շաֆաքը հեռացավ այնտեղից և այժմ ապրում է Լոնդոնում:

Վեպը պատմում է երկու՝ թուրք և ամերիկահայ ընտանիքների, նրանց փոխհարաբերությունների, գաղտնիքների, մեղքի և դրանից ազատվել չկարողանալու մասին:

Թուրք Մուստաֆան մեղք է գործել քրոջ հանդեպ: Վեպում Մուստաֆայի այդ աններելի մեղքը զուգահեռվում և համեմատվում է հայերի հանդեպ թուրքերի գործած մեղքի հետ: Երկու մեղք՝ մաշտաբներով և բնույթով գուցե տարբեր, բայց նման նախևառաջ նրանով, որ հանցագործի հոգում անջնջելի հետք են թողնում՝ մեղքի զգացողությունից, մեղսավոր լինելու անտանելի ենթագիտակցությունից ազատվելու անկարողության պատճառով:

Վեպը թարգմանվել է 30-ից ավել լեզուներով, այդ թվում նաև՝ հայերենով և՛ անգլերենից, և՛ թուրքերենից:

2. Անասնաֆերմա / Animal Farm. 1945 թ.

հեղինակ՝ Ջորջ Օրուել, թարգմանիչ՝ Արտաշես Էմին

Անասնաֆերմա

Օրուելն իր ոճի և ժանրի մեջ է. հակաուտոպիստական, այլաբանական-երգիծական այս վիպակն այլաբանորեն պատկերում է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղափոխության, դրա սկզբունքների, գաղափարների ու ծրագրերի հետագա ընթացքը, որն էլ հանգեցրեց բռնապետության և տոտալիտարիզմի:

Մի ծեր խոզ ժողով է հավաքում, գալիս են բոլոր կենդանիները, ծեր խոզը պատմում է իր երազը, թե ինչպես էին նախնիները երգում: Այդ երգը խոզին անչափ ոգեշնչել էր, նա էլ փորձում է ոգեշնչել մյուս կենդանիներին, բարձրացնել նրանց մարտական հոգին և պատրաստել ապստամբության: Բայց 3 օր անց ծերուկը մահանում է: Սակայն կենդանիներին արդեն կանգնեցնել չէր լինի: Նույնիսկ առանց առաջնորդ՝ նրանք ապստամբում և հեղափոխություն են գլուխ բերում: Ազատություն, ինքնիշխանություն: Սա՞ էր կենդանիների ուզածը՝ Անասնաֆերմա՞ն:

Գիրքը քաղաքական ենթատեքստի պարունակության պատճառով երկար տարիներ արգելված էր, իսկ այսօր՝ հակաուտոպիստական լավագույն գործերից մեկն է համարվում: Այն  էկրանավորվել է 2 անգամ․ 1954 թվականին Մեծ Բրիտանիայում՝ որպես անիմացիա, և 1999-ին ԱՄՆ-ում՝ որպես հեռուստատեսային ֆիլմ։

3. Դիասերը. Ս.-ի մահը

հեղինակ՝ Գաբրիել Վիտկոպ

թարգմանիչ՝ Սարգիս Դավթյան

diaser@ cover for web - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Գերմանահպատակ ֆրանսուհի Գաբրիել Վիտկոպի՝ 1972-ին տպագրված «Դիասերը» ֆրանսիալեզու վիպակը Բաբկեն Չոբանյանի ամենասիրելի գրքերից է: Դիասերի օրագրի միջոցով սիրո մասին խոսող հեղինակը ներթափանցում է Էրոսի և Թանատոսի տիրույթներ, անդրադառնում սեռական ինքնությանն ոււ առհասարակ սեռականությանն առնչվող կարծրատիպերին և արգելքներին:

Հերմեսի նման, Վիկտոպն իր հերոսներին մահվան եզերքի մթին բավիղներն է ուղեկցում:«Մահը կյանքի ամենակարևոր պահն է, – ասում է նա:- Ծննդյանս օրը իմ ընկերները քաջառողջություն են մաղթում, բայց ոչ մեկի մտքով չի անցնում ասել.- Լավ մահ եմ ցանկանում, Գաբրիել» :

Ճակատագրի հեգնանքով 82-ամյա գրողին թոքերի քաղցկեղ ախտորոշեցին, այնպես որ «լավ» մահվան մասին խոսք չէր կարող լինել: Եվ 2002-ին Գաբրիել Վիկտոպն ինքնասպան եղավ:

4. Տասներկու կեսարների կյանքը

հեղինակ՝ Սվետոնիոս Գայոս Տրանքվիլլոս

թարգմանությունը ռուսերենից՝ Վ.Ա.Դիլոյանի

Svetonius - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Այս գիրքը պատմում է Հուլիոս Կեսարի և նրան հաջորդած հռոմեական 11 կայսրերի կյանքի մասին, ներկայացնում նրանցից յուրաքանչյուրի ծագումը, երիտասարդությունը, գործունեությունն իր բոլոր կողմերով, կենցաղը և մահվան հանգամանքները։ Սվետոնիոսը փաստեր է տալիս կայսրերի հասարակական և մասնավոր կյանքից: Այս գիրքը կարևոր պատմական աղբյուր է:

5. Մատյան Ողբերգության

Հեղինակ՝ Գրիգոր Նարեկացի

Миниатюра. Васпуракан. 1391 г - 5 ֆիլմ+5 գիրք. Բաբկեն Չոբանյան

Պոեմ-աղոթք, պոեմ-կատարելություն, պոեմ-ներշնչանք, պոեմ-հրաշագործ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» հայերիս համար հենց այդպիսինն է: Գրիգոր Նարեկացին հայ Առաքելական Եկեղեցու կողմից սրբադասվել է։ 2015 թ. Հռոմի Ֆրանցիսկոս պապը Գրիգոր Նարեկացուն դասել է Կաթոլիկ Եկեղեցու ուսուցիչների շարքում։

ԲԱՆ Ա ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
 Սրտիս ողբաձայն հառաչանքների աղաղակն, ահա, 
 Դէպ երկինքն ի վեր` քեզ եմ ընծայում, գաղտնատե՛ս Աստուած. 
 Եւ իմ սասանեալ հոգու իղձերի պտուղն այրուող` 
 Անձս տոչորող թախծութեան հրի վրայ դնելով` 
 Կամքիս բուրվառով առաքում եմ քե՛զ: 
 Նայի՛ր, ո՜վ գթած, հոտոտի՛ր դու այն առաւե՛լ սիրով, 
 Քան պատարագը բոլորանուէր, մատուցուած ծխով ամէնառատ: 
 Ընդունիր այս պարզ ու սեղմ խօսքերիս շարադրանքը դու 
 Հաճութեամբ յօժար եւ ո՛չ բարկութեամբ: 
 Բանաւոր զոհիս նուէրն այս սրտանց 
 Մեղքերիս պարարտ ճարպի զօրութեամբ ողջակիզուելով, 
 Թող որ խոհերի իմ խորհրդակիր սենեակի խորքից 
 Բարձրանայ եւ քեզ հասնի անյապաղ: 
 Եւ աղերսախառն երբ դատի նստեմ ես քեզ հետ, հզօ՛ր, 
 Թող որ տաղտկալի չթուայ քեզ այդ, 
 Ինչպէս ամբարիշտ Յակոբի ձեռքերի կարկառումն ի վեր, 
 Որի դէմ բողոք է գրել Եսային 
 Եւ կամ ինչպէս անիրաւութիւնը Բաբելոնի` 
 Սաղմոսի եօթանասուներկուերորդ առակում ասուած: 
 Այլ ընդունիր այն կամովին, ինչպէս խունկն հաճոյական, 
 Որ մի ժամանակ բուրեց Սելովի խորանի մէջ այն, 
 Որը նոր շուքով վերանորոգուած` Դաւիթը կանգնեց 
 Յանուն գերեդարձ այն տապանակի, 
 Որ նման է իմ կորուսեալ հոգու վերստին գիւտին: 

Կարդացեք նաև՝

5 ֆիլմ+5 գիրք. Արքմենիկ Նիկողոսյան

5 ֆիլմ+5 գիրք. Մկրտիչ Արզումանյան

5 ֆիլմ+5 գիրք. Հայկո

5 ֆիլմ+5 գիրք. Իվետա Մուկուչյան

5 ֆիլմ+5 գիրք. Միքայել Ոսկանյան

 

 

 

 

1 2

fastnews-ads-banner