VNews Culture-ի հետ զրույցում Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի նորանշանակ գլխավոր ռեժիսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանը ներկայացրել է իր սիրելի գրքերի և ֆիլմերի հնգյակը։
Նշենք, որ մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում հանրային մարդիկ առանձնացնում են իրենց համար կարևոր ֆիլմերի և գրքերի հնգյակները, ինչն էլ հնարավորություն է տալիս ընթերցողին նրանց ավելի լավ ճանաչել ու, բացի այդ, ունենալ նոր ընտրանի հենց սիրելի ու ճանաչված մարդկանց կողմից։
Ռեժիսորի սիրելի ֆիլմերը՝
«Մենք ենք, մեր սարերը», Հենրիկ Մալյան
Արտիստը ֆիլմերից առաջինն առանձնացրել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը, որը, ինչպես ինքը նշեց, իր սիրելի Հրանտ Մաթևոսյանի կինովիպակի հիման վրա է նկարահանվել:
Ֆիլմը Հենրիկ Մալյանի` Հրանտ Մաթևոսյանի համանուն ստեղծագործության հիման վրա նկարահանած գեղարվեստական կինոնկար է։ 94 րոպե տևողությամբ ֆիլմը ռեժիսորը նկարահանել է «Հայֆիլմ»-ում՝ 1969-ին: Ֆիլմը հաջողություն չունենալ չէր կարող: Սցենարիստը Հրանտ Մաթևոսյանն էր, ռեժիսորը` Մալյանը, գլխավոր դերերում էին` Մհեր Մկրտչյանը, Սոս Սարգսյանը, Արտավազդ Փելեշյանը, Խորեն Աբրահամյանը, Արմեն Այվազյանն ու Ազատ Շերենցը, դե իսկ կինոնկարում հնչող երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն է: Ասում են՝ պատմությունն էլ իրական է։
ու շատ հայտնի այլ արտահայտություններ ևս հիշվել են հենց այս ֆիլմից:
Գործողությունները ծավալվում են հնձի սեզոնին, երբ սարերում Իշխանի հոտին 4 այլ ոչխար է խառնվում: Նա հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել կենդանիներին: Մորթում են, խորոված անում: Երբ նստում են հաց ուտելու, հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Վերջում Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում՝ արդյոք անծանոթ ոչխարներ չեն տեսել: Ասում են, որ հովիվների նախատիպերն իրական են ու հեղինակի հետ նույնիսկ բարեկամանական կապ են ունեցել:
«Թռիչք կկվի բնի վրայով», Միլոշ Ֆորման
«Թռիչք կկվի բնի վրայով» ֆիլմը դասվում է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերի շարքին: Ռեժիսոր Միլոշ Ֆորմանն այն նկարահանել է Կեն Կիզիի համանուն վեպի հիման վրա` 1975 թվականին:
Ֆիլմը գրեթե ամբողջապես նկարահանվել է Օրեգոն նահանգի հոգեբուժարաններից մեկում։ Այն մեծ ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոյի վրա ու ստացել է բազմաթիվ մրցանակներ։ Շատ տպավորիչ են ճիշտ ընտրված դերասանների վարպետորեն կերտած հերոսները, նրանց խաղը և ռեժիսորական բարձրակարգ ձեռագիրը` ֆիլմի անսպասելի ավարտով։ Հենց այս ամենի արդյունքում ֆիլմը կինոդիտողի մոտ թողնում է իրական հոգեբուժարանի շատ ազդեցիկ տպավորություն։
«Հրեշտակի սիրտը», Ալան Փարքեր
Ստեղծագործական ուղին Փարքերը սկսում է Ալան Մարշալի հետ սեփական գործակալության հիմնումից, որը պիտի տեխնիկական ֆիլմեր և գովազդային հոլովակներ արտադրեր: 1973թ. գրում է իր առաջին սցենարը և նկարում 50-րոպեանոց ֆիլմ, որն անմիջապես արժանանում է BBC-ի ուշադրությանը։
«Հրեշտակի սիրտը» ֆիլմի հերոսը կորցնում է հոգին: Դժվար թե գտնվեր մեկ ուրիշ հեղինակ, որ այդքան քնքուշ թվացող վերնագրի տակ այդքան մռայլ ֆիլմ նկարեր: Փարքերն իր ֆիլմը ստեղծում է Հյորթսբերգի «Ընկնող հրեշտակը» վեպի հիման վրա: Բայց կինոնկարի ավարտից հետո պարզ է դառնում, որ այս պատմությունը գրեթե չի հիշեցնում գրական հիմքը: Ու ոչ այն պատճառով, որ պատմողի դերն է փոխվել կամ հերոսներն են ուրիշ: Առաջին իսկ կադրերից հանդիսատեսն ընկղմվում է զգացմունքների բացակայության մի անապատ, ուր ամեն մի քայլ ավելի խորն է քաշում-տանում անդունդ: Փարքերը ֆիլմի մասին ասում է, որ փորձել է միանգամից երկու ժանր մեկում համատեղել` ամերիկյան դասական դետեկտիվ և միստիկ` հոգին սատանային ծախող մարդու պատմություն: Ըստ նրա`այս պատմությունը բացահայտելու համար պետք է անցնել ռեժիսորի առաջարկած ճանապարհը:
«Տաքսու վարորդը», Մարտին Սկորսեզե
Ֆիլմը 1976թ. նկարահանված ամերիկյան դրամա է։ Սցենարի հեղինակը Փոլ Շրեդերն է։ Իրադարձությունները տեղի են ունենում Նյու Յորք քաղաքում` Վիետնամի պատերազմի ավարտից որոշ ժամանակ անց։ Գլխավոր դերերում են Ռոբերտ Դե Նիրոն, Ջուդի Ֆոսթերը, Հարվի Քեյթլը, Սիբիլ Շեպերդը և Ալբերտ Բրուկսը՝ իր առաջին դերում։
Գլխավոր դերում բոլորիս սիրված Ռոբերտ Դե Նիրոն է, որը տաքսի է վարում Նյու Յորքի մութ և կեղտոտ փողոցներով և ապրում այն հույսով, որ մի օր իրականությունն ավելի լավն է դառնալու․․․
«Քրեական ընթերցվածք», Քվենտին Տարանտինո
Տարանտինոն կինեմատոգրաֆում պոստմոդեռնիզմի վառ ներկայացուցիչներից է։ Նրա ֆիլմերն առանձնանում են բռնության էսթետիկ ներկայացմամբ, յուրահատուկ սև հումորով և երկար երկխոսություններով։ Տարանտինոն համաշխարհային ճանաչում ստացավ հենց «Քրեական ընթերցվածք» ֆիլմով, որը նրան բերեց Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենի»-ն, ինչպես նաև «Օսկար» և «Ոսկե գլոբուս» մրցանակներ լավագույն սցենարի համար։
Ֆիլմը նկարահանվել է 1994 թվականին Miramax կինոընկերությունում: Կինոէկրաններին է հայտնվել 1994 թվականի սեպտեմբերի 10-ին։ «Քրեական ընթերցվածք» ֆիլմը սկիզբ դրեց մի նոր ժանրի` ամերիկյան անկախ կինոյի, որն էլ ազդեցություն ունեցավ 1990-ական թվականներին նկարահանված ֆիլմերի վրա և դարձավ ֆիլմ-լեգենդ։
Ռեժիսորի սիրելի գրքերը՝
«Ծառերը», Հրանտ Մաթևոսյան

«Սիրելի գործերը շատ են, բայց կփորձեմ ներկայացնել ինձ համար կարևորներից մի քանիսը։ Շարքը կսկսեմ հայ մարդու մասին պատմող ու այն լավագույնս ներկայացնող ամենադիպուկ ստեղծագործությունից: Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» պատմվածքը ինձ համար հային նկարագրող լավագույն գործն է: Կարծում եմ, որ ծառեր ասելով՝ Մաթևոսյանը նկատի ուներ իրենց․ Ավետիք պապին, իրեն, իր հորը՝ Իշխանին, որովհետև ծառերն են, որ միմյանց նույնքան նման են և նույնքան տարբեր։ Հանճարը հերոսուհու մեջ բացահայտում է ազգային-ժողովրդական հոգեբանության էական գծերը»,-մեզ հետ զրույցում ասաց դերասանը:
«Տազիտ», Ալեքսանդր Պուշկին

Պոեմում գործողությունները տեղի են ունենում Կովկասում։ Գլխավոր հերոսը Չեչնիայում դաստիարակված չերքեզների առաջնորդի որդին է։ Նա վերադառնում է ընտանիք և մերժում չերքեզական ավանդույթները՝ հրաժարվելով վրեժ լուծել մահացած եղբոր համար, ինչից հետո հայրենի ցեղը վտարում է Տազիտին։
«Դևեր», Ֆեոդոր Դոստոևսկի

Վեպը հրատարակվել է 1871-1872 թթ. «Ռուսական պարբերականում»։ Առանձին գրքով վեպը հրատարակվել է 1873 թվականին։ «Դևեր» վեպը համարվում է Դոստոևսկու առավել քաղաքականացված վեպերից մեկը։ Ռուս գրողն այստեղ քննադատում է Ռուսաստանում այդ ժամանակ հատկապես երիտասարդության շրջանում տարածում գտած ձախ ծայրահեղ արմատական և աթեիստական գաղափարները։
«Վարպետն ու Մարգարիտան», Միխայիլ Բուլգակով

«Վարպետը և Մարգարիտան» ռուս գրող Միխայիլ Բուլգակովի հայտնի վեպն է, որի վրա նա աշխատել է 1928 թվականի դեկտեմբերից ընդհուպ իր մահը` 1940 թվականը։ Այն փիլիսոփայական ինքնատիպ երկ է, որում բարձրացված են չարի և բարու, կեղծ ու ճշմարիտ բարոյականության հարցերը: Ստեղծագործությունը դասվում է անավարտ ստեղծագործությունների թվին: Դրա խմբագրումն ու սևագրերի համախմբումը կատարել է գրողի այրին՝ Ելենա Սերգեևնան, ամուսնու մահվանից հետո։
«Ծերունին և ծովը», Էռնեստ Հեմինգուեյ

Վիպակ, որը գրել է ամերիկացի հեղինակ Էռնեստ Հեմինգուեյը 1951 թվականին` Կուբայում։ Այն հրատարակվել է 1952 թվականին։ Համարվում է Հեմինգուեյի վերջին ծավալուն գեղարվեստական ստեղծագործությունը, որը հրատարակվել է նրա կյանքի ընթացքում ու դարձել նրա ամենահայտնի աշխատանքներից մեկը։ «Ծերունին և ծովը» 1953թ. ստացել է գեղարվեստական գրականության Պուլիտցերյան մրցանակ, իսկ 1954 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։ Վեպը նվիրված է Հեմինգուեյի գրական խմբագիր Մաքսվել Պերկինսինին:
«Ծերունին և ծովը» մի պատմություն է, որտեղ նկարագրվում է ծերունի ձկնորսի և մարլին ձկան պայքարը։ Վեպը սկսվում է նրանով, որ հեղինակը խոսում է ձկնորսի մասին, որն արդեն 84 օր ծովում է և ոչ մի ձուկ դեռ չի որսացել։
Կարող եք կարդալ նաև՝


