«Արվեստի յուրաքանչյուր գործ նոր շերտ է բացում մարդու ինքնության, ինքն իրեն ճանաչելու հարցում»․ VNews Culture-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ և ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ ներկայացնելով իր սիրելի գրքերի և ֆիլմերի հնգյակը։
Նշենք, որ մեր «5 ֆիլմ+ 5 գիրք» շարքում ճանաչված մարդիկ ներկայացնում են իրենց սիրված ֆիլմերի և գրքերի հնգյակները: Այս ֆիլմերի և գրքերի շնորհիվ դուք նախ ավելի լավ կճանաչեք հայտնիներին, կհասկանաք նրանց ճաշակն ու մտածողությունը, և հետո՝ կունենաք 5 ֆիլմերի և 5 գրքերի ցանկ, որոնք կարող եք դիտել և կարդալ՝ հարստացնելով ձեր սեփական ֆիլմա-գրքացանկերն ու ազատ ժամանակը:
Ռեժիսորի սիրելի ֆիլմերն են՝
«Ամարկորդ», Ֆեդերիկո Ֆելինի
«Ամարկորդ»-ը 1973 թվականին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի նկարահանած իտալական կատակերգական կիսաինքնակենսագրական դրամա է։ Համարվում է Ֆելինիի ամենահայտնի գործերից, որը հիմնված է ռեժիսորի մանկության հիշողությունների վրա։ Գործողությունների վայրն իտալական փոքրիկ քաղաք Ռիմինին է, ժամանակաշրջանը՝ 1930-ական թվականները՝ ֆաշիզմի դարաշրջանը:
Ֆիլմի անվանումը բաղկացած է մի քանի մասից․ «Amarcord» ([a m’arcòrd]) տարբերակ է իտալական «mi ricordo» արտահայտության, ինչը նշանակում է «ես հիշում եմ» (Ռիմինիի բարբառով)։ Բացի դրանից, անվան մեջ առկա են իտալական բառերի արմատներ՝ «սեր», «դառը» և «թել», այս կերպ՝ «դառը սիրո թելերը՝ կապված հեղինակի անցյալի հետ»։
«Զաբրիսկի Պոինտ», Միքելանջելո Անտոնիոնի
Միքելանջելո Անտոնիոնին իտալացի կինոռեժիսոր, կինոքննադատ և սցենարիստ է, եվրոպական հեղինակային կինոյի դասական, որին անվանում էին «օտարման և անհաղորդակցման պոետ»։ Նրա ուշադրության կենտրոնում էին փիլիսոփայական էքզիստենցիալիզմի տեսանկյունից ժամանակակից հասարակության խնդիրները։ Ռեժիսորը համաշխարհային ճանաչում ունեցավ 1960-ականների սկզբին՝ «օտարման եռագրությունից» հետո։ Այս եզրով են կոչում Անտոնիոնիի «Արկած», «Գիշեր», «Խավարում» ֆիլմերը: Անգլիալեզու եռագրությունը շարունակեց «Զաբրիսկի Պոինտ»-ը: Այն Անտոնիոնիի 10 տարվա գործունեության առաջին ֆիլմն էր, որը տապալվեց և հուսախաբ արեց կինոքննադատներին, թեև արդյունքում ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ։
Ֆիլմը հիպի մշակույթի կենտրոնական ֆիլմերից է։ Այն սոցիալական դրամա է 1960-ականների վերջի և 1970-ականների սկզբի ամերիկացի երիտասարդության մասին։
«Մեֆիստո», Իշտվան Սաբո
Իշտվան Սաբոն հունգարացի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր է։ Եվրոպական կինոակադեմիայի հիմնադիրներից։ Իշտվան Սաբոյին համաշխարհային ճանաչում է բերել, այսպես կոչված, «գերմանական եռապատումը», որը բաղկացած է «Մեֆիստո» (1981), «Գնդապետ Ռյոդլ» (1985) և «Հանուսեն» (1989) ֆիլմերից։
1981 թվականին «Մեֆիստո» կինոնկարն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ 2013 թվականին ֆիլմը ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում:
Սա «Ֆաուստ» լեգենդի արդիականացված տարբերակն է։ Քննադատների կողմից ճանաչված բեմական դերասան Հենդրիկ Հոֆգենը հոգնել է թատերական թեթև ու զվարճալի կոնվենցիաներից և ավելի հեղափոխական բան է փնտրում Բրեխտի ոգով: Չնայած այս թարմ գաղափարներին, փառքն իր գիրկը չի առնում արտիստին։ Հուսահատ Հենդրիկը վաճառում է իր հոգին, բայց ոչ թե Սատանային, այլ նացիստներին, քանի որ փառքի ծարավն ավելի ուժեղ է, քան զավթիչների հանդեպ ատելությունը։ Միայն ավելի ուշ նա գիտակցում է իր սխալը:
«Կաբարե», Բոբ Ֆոսս
Ռոբերտ Լուի Ֆոսսն ամերիկացի պարուսույց է, նաև թատրոնի և կինոյի ռեժիսոր, սցենարիստ և դերասան։ Լավագույն խորեոգրաֆիայի համար Ֆոսսն արժանացել է 8 «Թոնի» մրցանակի, «Օսկար»-ի՝ լավագույն ռեժիսորի և BAFTA մրցանակի՝ «Կաբարե» ֆիլմի համար:
«Կաբարե»-ն երաժշտական մելոդրամա է` Լայզա Մինելլիի, Մայքլ Յորքի և Ջոել Գրեյի մասնակցությամբ, հիմնված 1966 թվականին Ջոն Քանդերի համանուն բրոդվեյան մյուզիքլի վրա, որն էլ իր հերթին հիմնված է Ջոն Վան Դրութենի «Ես տեսախցիկ եմ» պիեսի վրա։ Պիեսն էլ, իր հերթին, հիմնված է Քրիստոֆեր Իշերվուդի «Ցտեսություն, Բեռլին» կիսակենսագրական վեպի վրա (1945 թ.)։ Ներկայում այն Հոլիվուդի պատմության հինգ մեծագույն մյուզիքլներից մեկն է։
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ», Քրիստիան Կարիոն
Քրիստիան Կարիոնը ֆրանսիացի կինոռեժիսոր է, սցենարիստ, որը միջազգային ուշադրության է արժանացել «Joyer Noël» («Շնորհավոր Սուրբ Ծնունդ») ֆիլմով: Այն առաջադրվել է մի քանի մրցանակների, այդ թվում՝ 2006 թվականին «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում:
«Շնորհավոր Սուրբ Ծնունդ» ռազմական դրաման առաջին անգամ ցուցադրվել է 2005 թվականի մայիսի 16-ին, Ֆրանսիայում, Կաննի կինոփառատոնի ընթացքում։ Գլխավոր դերերում խաղում են Դայան Քրյուգերը, Բենո Ֆյուրմանը, Գիյոմ Կանեն, Դանիել Բրյուլը։ Ֆիլմը հիմնված է Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած Սուրբծննդյան հաշտություն (Trêve de Noël) անվանումով հայտնի իրադարձությունների վրա։
Ռուբեն Բաբայանը գրքերի այս ցանկն այսպես է մեկնաբանել.
«Ընտրված ստեղծագործություններից յուրաքանչյուրն օգնում է մեզ բացահայտել մեր թաքնված կողմերը, որոնք գուցե մինչ այդ անծանոթ էին մեզ: Չեմ կարող մեկ նախադասությամբ անդրադառնալ, թե կոնկրետ ինչու հենց այս ստեղծագործություններն եմ ընտրել։ Ժամանակին Տոլստոյին հարցրել են, թե կարո՞ղ է կարճ պատմել «Աննա Կարենինա» վեպը, նա պատասխանել է՝ «Այդ դեպքում ես պետք է առաջին բառից մինչև վերջին բառը ձեզ պատմեմ ամբողջ վեպը»»։
«Կեցության անտանելի թեթևությունը», Միլան Կունդերա

Կունդերան ծագումով չեխ գրող է, սակայն 1975 թվականից ապրել է Ֆրանսիայում՝ 1981 թվականից դառնալով քաղաքացի։ Նա ինքն իրեն «համարում է ֆրանսիացի գրող և պնդում է, որ իր աշխատանքը պետք է ուսումնասիրվի որպես ֆրանսիական գրականության մաս և այդպես էլ ներկայացվի գրախանութներում: Հեղինակը մի քանի անգամ ներկայացվել է գրականության Նոբելյան մրցանակի, սակայն չի հաղթել:
Կունդերայի ամենահայտնի ստեղծագործությունը «Կեցության անտանելի թեթևությունը» վեպը թարգմանվել և տպագրվել է նաև հայերենով։ Գրքի գործողությունները տեղի են ունենում Պրահայում 1968 թվականին։
Համաձայն Կունդերայի՝ կեցությունը լեցուն է անտանելի թեթևությամբ, այդ իսկ պատճառով մեզնից յուրաքանչյուրն ապրում է միայն մեկ անգամ` «Einmal ist Keinmal» (գերմաներենից՝ «մեն անգամ, նույնն է թե երբեք», այսինքն՝ «այն, ինչ տեղի է ունեցել մեկ անգամ, կարող էր երբեք տեղի չունենալ», «մեկ անգամը հաշվի մեջ չէ»)։
Որոշ քննադատներ այս աշխատանքը վերագրում են պոստմոդեռնիզմին։
«Անմեղության թանգարան», Օրհան Փամուք

Օրհան Փամուքը չերքեզական ծագմամբ թուրք գրող, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների դափնեկիր և գրականության Նոբելյան մրցանակակիր է: Հայտնի է Հայոց ցեղասպանության և Քրդական հարցի վերաբերյալ իր քաղաքացիական դիրքորոշմամբ, որը հակասում է թուրքական պաշտոնական դիրքորոշմանը։ Փամուքը 1915 թվականի դեպքերի առնչությամբ կիրառել է «ցեղասպանություն» բառը։
Փամուքն իր Ստամբուլի տանը ստեղծել է իրական անմեղության թանգարան՝ բաղկացած ամենօրյա առարկաներից, որոնք առնչվում են վեպի պատումին։ Հեղինակը համագործակցել է «Հիշողությունների անմեղությունը» վավերագրական ֆիլմի հետ, որը հիմնված է «Անմեղության թանգարան»-ի վրա: Այն սիրո պատմություն է հարուստ գործարար Քեմալի և իր հեռավոր աղքատ ազգական Ֆոսունի մասին։ Հերթական բաժանումից հետո Քեմալը որոշում է իր՝ տարիների ընթացքում հավաքած իրերով Ֆոսունի տունը վերածել անմեղության թանգարանի՝ ներառելով այնտեղ իրենց բոլոր բարի ու անմոռանալի հուշեր հիշեցնող առարկաները։
«Օդապարուկ թռցնողը», Խալեդ Հոսեյնի

Աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիին միջազգային ճանաչում է բերել 2003-ին լույս ընծայած «Օդապարուկ թռցնողը» վեպը, որի հիման վրա 2007-ին ռեժիսոր Մարկ Ֆոստերը նկարահանել է համանուն ֆիլմը (The Kite Runner):
«Օդապարուկ թռցնողը» Հոսեյնիի առաջին վեպն է, որն Աֆղանստանի Քաբուլ քաղաքում ապրող Ամիր անունով տղայի և նրա ամենամտերիմ ընկերոջ՝ Հասանի մասին է, որն Ամիրի հոր ծառայի տղան էր։ Ամիրն ու Հասանը ծնված օրվանից անբաժան են և իրենց մանկության գրեթե յուրաքանչյուր պահը միասին են անցկացրել։ Այնուամենայնիվ, մի օր, երբ Ամիրն ականատես է լինում Հասանի հանդեպ գործադրվող դաժան բռնությանը, ոչինչ չի ձեռնարկում, փոխարենը նպաստում է Հասանի և նրա հոր հեռանալուն՝ սեփական մեղքի զգացումից ազատվելու համար։ Դեպքի հետ կապված հիշողությունները և խղճի խայթը հետապնդում են Ամիրին երկու տասնամյակ՝ մինչ այն օրը, երբ նա իր խնամքի տակ է վերցնում սպանված Հասանի որդուն․․․
«Օդապարուկ թռցնողը» միջազգային բեսթսելլեր է՝ գրեթե երկու տարի զբաղեցնելով «The New York Times»-ում բեսթսելլերների առաջին հորիզոնականը։ Գիրքն ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 38 միլիոն օրինակ:
«Աստվածային երեխա», Պասկալ Բրյուկներ

Պասկալ Բրյուկները ֆրանսիացի հայտնի վիպասան և էսսեիստ է: Պոլանսկու հայտնի ֆիլմը ստեղծվել է Բրյուկների «Դառը լուսինը» վեպի հիման վրա։
Սա ժամանակակից առակ է մի երեխայի մասին, որը, դեռևս մոր արգանդում շատ բան իմանալով այս աշխարհի մասին, կտրականապես հրաժարվում է ծնվելուց:
«Կուրություն», Ժոզե Սարամագո

Ժոզե դը Սոզա Սարամագոն պորտուգալացի գրող, թարգմանիչ և հասարակական գործիչ է։ 1998 թվականին արժանացել է գրականության Նոբելյան մրցանակի։ Համարվում է 20-րդ դարավերջի և 21-րդ դարասկզբի ամենահեղինակավոր գրողներից։
«Կուրությունը» հեղինակի ամենահայտնի գրքերից է, հեղինակի յուրատեսակ այցեքարտը:
Անանուն երկրի անանուն քաղաքի բնակիչներին հարվածում է կուրության խորհրդավոր համաճարակը: Փորձելով զսպել դրա տարածումը՝ իշխանությունները խիստ կարանտին են մտցնում և սկսում են բոլոր հիվանդներին տեղափոխել դատարկ արվարձանային հիվանդանոց՝ բանակի հսկողության ներքո։ Վեպի գլխավոր հերոսներ են ակնաբույժը, որը չի խուսափել հիվանդությունից, և նրա կինը, որը կույր է ձևանում՝ ամուսնու հետ մնալու համար:
2008 թվականին թողարկվել է վեպի կինոադապտացիան՝ ռեժիսոր Ֆերնանդու Մեյրելիշի աշխատանքը, գլխավոր դերերում են՝ Ջուլիանա Մուրը, Մարկ Ռուֆալոն, Դենի Գլովերը, Գաել Գարսիա Բեռնալը։


